ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ նիստերը, բայց սուգ չի հայտարարում

ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ նիստերը, բայց սուգ չի հայտարարում

ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ նիստերը։ Այս մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։



Նա ասաց, որ տեղի են ունեցել զանգվածային բռնություններ, լցոնումներ, կեղծումներ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, և այս պայմաններում իրենք ուղղակի չեն կարող նստել նույն դահլիճում դրանց հեղինակների կողքին։ Այս խոսքերից հետո ՀԱԿ խմբակցության անդամները միասին դուրս եկան դահլիճից։ Արդեն դահլիճից դուրս Լևոն Զուրաբյանը լրագրողներին պարզաբանեց իրենց այս քայլը։



«Մենք այս նստարջանի հետագա աշխատանքները բոյկոտում ենք, իսկապես շատ դժվար է, կատարվածից հետո նստել նույն դահլիճում, շփվել մարդկանց հետ, ովքեր կրում են այս կատարված, չեմ հապաղի ասել, ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին, թե որքա՞ն ժամանակ է պետք իրենց «սգից» դուրս գալու համար, Զուրաբյանն ասաց․ «Ոչ մի սուգ չկա և չի էլ կարող լինի, որովհետև քաղաքական գործիչները, ովքեր հավատարիմ են իրենց սկզբունքներին և արժեքներին, նրանք միշտ շարունակում են պայքարը, և ես կարծում եմ, որ հաղթանակի գրավականը հենց դրա մեջ է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ