ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հովանավորում է ընտրակեղծարարաներին. Վարդան Հարությունյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հովանավորում է ընտրակեղծարարաներին. Վարդան Հարությունյան

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության արձագանքը ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի մասին չուշացավ։ Ամերիկյան կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որում գոհունակություն է հայտնում «ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ»:



«Տխուր հայտարարություն էր, եւ, այն մեկնաբանելու կարիք էլ չկա»,- այսպես արձագանքեց մեր հարցին իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Իրավապաշտպանը կարծում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կեղծված հանրաքվեին տալիս է ոչ ադեկվատ գնահատական։ Մեր զրուցակցի ուշադրությունը հրավիրեցինք հայտարարության այն հատվածի վրա, որում նշված է. «Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ: Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն», - նշված է հայտարարությունում:



Նշվել է նաեւ, որ այդ հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և Ազգային ժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում։



«Խախտումներ անողները նույնպես նման կոչեր են հնչեցնում։ Սկսած Սերժ Սարգսյանից՝ բոլորն էլ ասում են, որ պետք է իրականացվի հետաքննություն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հովանավորում է ընտրակեղծարարաներին»,- ասաց մեր զրուցակիցը։