Պոլիտ-ուտոպիա

Պոլիտ-ուտոպիա

Բեռնում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո միայն ծույլերն են, որ չեն խոսում դեմարկացիոն գծում պատահարների հետաքննության մեխանիզմների մասին: Ստեղծվել է պարադոքսալ վիճակ, որից ծնվում է շատ տրամաբանական մի հարց՝ մի՞թե միջնորդները չգիտեն, թե ով, երբ, ինչ զինատեսակներից եւ ինչու է կրակում: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան Բաքվում դեսպանատուն ունեն, որտեղ մի քանի մասնագետ երեւի միայն զբաղված է ադրբեջանական մասս-մեդիայի մոնիտորինգով:



Ալիեւը գիտի, որ իր՝ պաշտպանության նախարարի յուրաքանչյուր հայտարարություն իսկույն փոխանցվում է Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ: Միջնորդները կարողացան տեղավորվել իրենց նշած ժամկետներում եւ մինչեւ տարեվերջ կազմակերպեցին Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, իսկ դա ցույց է տալիս, որ ցանկության դեպքում նրանք կարող են այնպես անել, որ դեմարկացիոն գծում մեռյալ ռեժիմ հաստատվի: Դրա համար շատ բան պետք չէ, բավական է մի հեռախոսազանգ:



Պրոբլեմն այն է, թե ինչու այն չի հնչում, եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ռեալ չեն ուզում, որ դեմարկացիոն գծում զինադադարը խախտվի: ՀԱՊԿ գագաթնաժողովի ելույթում Սերժ Սարգսյանը բաց տեքստով դժգոհեց, որ դաշնակից երկրների լիդերներից ոչ ոք նույնիսկ չի զանգում, չի հետաքրքրվում, թե Հայաստանում ինչ վիճակ է, երբ Ադրբեջանը հերթական անգամ ագրեսիվ քայլերի է դիմում:



Ավելի լայն կոնտեքստում սա վերաբերում է նաեւ ամերիկացիներին եւ ֆրանսիացիներին: Բայց հայ քաղտեխնոլոգների կարծիքով, Սերժ Սարգսյանը «մեղադրել է Ռուսաստանին»: Պրոբլեմը հասարակացնելու ամենակարճ ճանապարհն է ընտրվել: Սակայն գործնականում Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է այն մասին, որ դեմարկացիոն գծում էսկալացիան դարձել է ԼՂ բանակցային պրոցեսի «կայուն ֆոնը», որի վտանգավորությունը թերագնահատվում է միջնորդների կողմից:



Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ներշնչում էր, որ Ղարաբաղի հարցում մեր օպոնենտը ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ միջազգային հանրությունը: Անցել է մոտ 20 տարի, այդ ընթացքում եվրոատլանտյան ալյանսը միակողմանիորեն ճանաչել է Կոսովոյի, իսկ Ռուսաստանը՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: 2014 թվին «ինքնորոշվել» եւ Ռուսաստանի կազմ է մտցվել Ղրիմը: Կա՞ հնարավորություն, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը նույնպես ճանաչվի: Այս ռակուրսով նայելիս դեմարկացիոն գծում իրավիճակի էսկալացիան բոլորովին ուրիշ իմաստ է ստանում:



Բեռնի հանդիպումը, այսպիսով, որոշ հարցադրումների եւ ենթադրությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, պետք է ուշադրություն դարձնել, թե էսկալացիայի թուլացման վերաբերյալ քննարկումներն ինչ ենթատեքստ ունեն: Դրանք նպատակաուղղված են ստատուս-քվոյի ամրապնդմա՞նը, թե՞ դեէսկալացիան դիտվում է հնարավորություն, որպեսզի ստեղծվեն «մադրիդյան նորացված սկզբունքների» հիման վրա բանակցությունների ինտենսիֆիկացման նախադրյալներ:



Վերջին օրերի անալիտիկ հրապարակումներում տիրապետողը զսպման մեխանիզմների մասին դատողություններն էին: Պոլիտ-ուտոպիզմը երբեմն հասնում է նրան, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների մտահոգություններին տրվում է Սպիտակ տան պաշտոնական քաղաքականության բնութագրություն: Քաղաքականության մեջ նման «սեւ-սպիտակ» որոշումներ չեն կայացվում, ամեն ինչ ունի իր գինը, բայց այդ մասին պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ լռում են:



Եղե՞լ են պայմանավորվածություններ, թե՞ իրավիճակը մնացել է «պատերազմից հինգ րոպե պակաս». այդ մասին ենթադրություններ հնարավոր կլինի անել արդեն գալիք տարվա առաջին ամիսներին:



Հայկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ