Նախագահը ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի առաջին հատվածի բացմանը (լուսանկարներ)

Նախագահը ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի առաջին հատվածի բացմանը (լուսանկարներ)

Հանրապետության նախագահն այսօր մեկնել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը: Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետևել են նաև ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը:



«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:



Հանրապետության համար ռազմավարական նշանակության կարևոր այդ ճանապարհի՝ երկկողմանի երթևեկությամբ առաջին հատվածի բացումից հետո, ծրագրի պատասխանատուները նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի ընթացքի և առաջիկա զարգացումների մասին: