Երբ սպառվել են ինքնարդարացման բոլոր խոսքերը

Երբ սպառվել են ինքնարդարացման բոլոր խոսքերը

Մեր նոր անկախության շրջանի այն կառավարությունները, որոնք չեն կարողացել շատ թե քիչ իրական փուչիկ նկարել տնտեսական աճի կամ որևէ հաջողության մասին, ինքնաբերաբար պատճառներ են փնտրել՝ արդարացնելու սեփական անճարակությունը և, որպես կանոն, քավության նոխազ դարձրել նախորդ կառավարություններին:



Հովիկ Աբրահամյանի կառավարության բախտն այս առումով չի բերել: Հովիկ Աբրահամյանը մի կողմից չի կարող որևէ փուչիկ նկարել, որովհետև նույնիսկ փուչիկի թեմա չակա, իսկ մյուս կողմից էլ չգիտի ում մեղադրել իր անհաջողությունների մեջ, որովհետև իր նախորդ կառավարությունն էլ իրենցն է և սիրուն չի լինի Տիգրան Սարգսյանին փուչիկ նկարելու կամ անճարակության մեջ մեղադրելը:



Ի՞նչ անել: Եվ ահա նա հայտարարում է 3 տոկոս տնտեսական աճի (ով ուզում է թող հավատա), սահմանադրական հանրաքվեի «այո»-ի և ԵՏՄ անդամակցության մասին, որոնք կազմում են իր կառավարության իբր ձեռքբերումները: Դե նա հո չի՞ կարող ձեռքբերում որակել Հայռուսգազարդի Ռուսգազարդ դառնալը, Որոտանի ամերիկանացումը կամ ՀԷՑ-ի խայտառակ վաճառքն ու էլեկտրաէներգիայի նույնքան խայտառակ, խաբեությամբ թանկացումը:



Հովիկ Աբրահամյանի կառավարության օգտին չեն խոսում նաև այլ իրողություններ: Հենց իր նշած ուղղություններից ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համոր շոշափելի որևէ դրական հետևանք չի ունեցել: Ընդհակառակը՝ նվազել է արտահանումը, թանկացել են ներմուծվող ապրանքները, բնակչությունը աղքատացել է, բյուջեի հավաքագրումները նվազել, հարկատուների բեռը՝ մեծացել, իսկ արտագաղթն էլ շարունակվել է, ամենալավատեսական հաշվարկներով՝ Տիգրան Սարգսյանի ժամանակների պես:



Արդյոք ՀՀ կառավարության ձեռքբերում կարելի է համարել նոր սահմանադրությունը: Եթե Հովիկ Աբրահամյանը «այո»-ն նաև կառավարության ձեռքբերում է համարում, պետք է ենթադրել, որ ՀՀ կառավարությանը խիստ խանգարում էր նախկին սահմանադրությունը, բայց նման բան չկա, ավելին, միապետական սահմանադրության պայմաններում կառավարությունների ձեռքերն ավելի արձակ են աշխատելու համար, քան այս սահմանադրությամբ, երբ կառավարությունները հաշվետու են խորհրդարանին և կախված են օրենսդիր մարմնի «քմահաճույքներից»:



Հետևաբար հարց՝ ի՞նչը կամ ո՞վ է խանգարել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը աշխատել: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, գործող կառավարությունը չունի, իսկ նման դեպքերում, սովորաբար, առաջանում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Երբ որևէ կառավարություն չի կարողաում աշխատել և «օբյեկտիվ» պատճառներ էլ չի գտնում արդարացնելու իր անճարակությունը՝ պահել նման կառավարություն, նույնն է, թե այդ կառավարությանը մատնես նորանոր տանջանքների, իսկ ժողովրդին էլ հասցնես վերջնական հուսահատության:



Մեր անհաջողությունների բուն պատճառն այն է, որ Հայաստանում բառիս բուն իմաստով ապրում է մի քանի ընտանիք միայն, իսկ մյուսները պարզապես բնակվում են Հայաստանում՝ գոյատևելով: Եվ քանի դեռ կառավարությունները կկազմվեն միայն այդ մի քանի ընտանիքների ապրուստը հոգալու համար, Հայաստանում ոչ մի դրական բան չի կատարվի, ոչ մի իրական աճ չի լինի:



Ավարտելով՝ կցանկանայի օգնել Հովիկ Աբրահամյանին: Պարոն Աբրահամյան, լավագույն ելքն այս դեպքում հայտարարելն է՝ մեր վատ ապրելը անկախության գինն է: Այս մեկ հատիկ մոգական արտահայտությունն ամեն ինչ արդարացնում է, այդ թվում նաև վատ պարողներին: