ԲՀԿ-ում իշխանափոխությո՞ւն են պլանավորում

ԲՀԿ-ում իշխանափոխությո՞ւն են պլանավորում

Չնայած կոալիցիոն գործընթացներն անթաքույց խանդ են առաջ բերել ԲՀԿ-ում, եւ շարունակվում է ՀՅԴ-ի ուղղությամբ ցեխշպրտոցին, սակայն գնալով ԲՀԿ-ն ինքն է ոչ նախանձելի վիճակում հայտնվում: Հակառակ այս կուսակցության որոշ անդամների հերոսական կեցվածքին, թե իրենք պաշտոնների համար առեւտրի չեն գնա՝ կոալիցիա չեն մտնի, իրողությունները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ի կեսից ավելին իշխանական կուրսի հետեւորդներ են եւ կոալիցիա կազմելու մեծ ջատագովներ: 



Ասվածի վառ ապացույցը խորհրդարանում երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած համաձայնագրի քվեարկության պատկերն էր․ խոսքը «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի մասին է, որով ՀՀ-ն 112 մլն. վարկային պարտավորություն է ստանձնում մայրաքաղաքի որոշ ճանապարհների վերակառուցման համար: Ընդ որում՝ համաձայնագիրը խորհրդարանում արժանացավ ընդդիմադիր պատգամավորների անխնա քննադատություններին, որոնք առաջարկում էին ոչ թե վարկ վերցնել, այլ վարորդների նկատմամբ տարատեսակ տուգանքներից ստացված հասույթն ուղղել այդ գործին, այլ ոչ թե անհայտ գրպաններ: Ինչեւէ, այս համաձայնագրին ԲՀԿ խմբակցության կեսից ավելին, կարելի է ասել՝ գերակշռող հատվածը, դեմ չքվեարկեց, ավելին՝ ԲՀԿ-ից դուրս եկած գործարարներից բացի, «կողմ» քվեարկեցին Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանն ու Տիգրան Ներսիսյանն էլ ձեռնպահ քվեարկեցին, մեծ թվով պատգամավորներ էլ չմասնակցեցին քվեարկությանը՝ Վահան Կարապետյան, Վահանգն Մախսուդյան, Ռուբեն Գեւորգյան, դեմ էին Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Արմեն Ավետիսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արա Արամյանը, Հրանտ Դավթյանը, Աբրահամ Մանուկյանը: Այսինքն՝ ԲՀԿ-ականներից, չհաշված դուրս եկածները, 10-ը դեմ չքվեարկեցին նախագահի ներկայացրած համաձայնագրին՝ 7-ը «դեմ» էին: Այս պատկերն ուշագրավ է հատկապես ԲՀԿ-ականների վերջին օրերի հայտարարություններից հետո այն մասին, որ իրենց համար փակված է կոալիցիայի թեման:



Հիշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ մամուլը գրում է ԲՀԿ-ում տեղի ունեցող գզվռտոցների մասին, այն, որ ԲՀԿ-ում թեժ բանավեճ է առաջ բերել կոալիցիա մտնել-չմտնելու հարցը: Արդյունքում ընդամենը երկու-երեք պատգամավոր է դեմ եղել կոալիցիային՝ ի դեմս կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի: Նրանք էլ թերեւս գիտեն, որ իրենց ոչ ոք չի հրավիրում, փիառ նպատակներով նախընտրում են օգուտներ քաղել իրավիճակից։



Ինչեւէ, ԲՀԿ-ականների մի քանի օր դրսեւորած «հերոսացումներից» ու «նվաստացումներից» հետո հայտարարվեց, թե կոալիցիայի հարցը փակված է, եւ ԲՀԿ-ն 2017-ի ընտրություններին մասնակցելու է ընդդիմության կարգավիճակում: Սակայն, պարզվում է, հարցը չի փակվել, ավելի ճիշտ, մեր տեղեկություններով, ԲՀԿ իշխանական թեւն իրերի նման դասավորության մեջ մեղադրում է ներկայիս ղեկավարությանը եւ այս հարցը մտցրել է կուսակցության օրակարգ՝ բոլորովին այլ խնդիր լուծելու նպատակով:



Որոշ տեղեկություններով, Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ում իշխանափոխության գործընթաց է ձեռնարկել, որպեսզի ինքը դառնա ԲՀԿ ղեկավար: Ավելի ճիշտ՝ նպատակ է դրվել ԲՀԿ-ն հանել Հովիկ Աբրահամյանի «տակից», ինչում Մանուկյանն աջակիցներ էլ ունի: ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը ջերմ հարաբերություններ ունի նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ, որն ստանձնել է ԲՀԿ-ի մեկենասի դերը ու ինքն է որոշում, թե ով որտեղ է լինելու: Վարչապետը, բնականաբար, դեմ է Զոհրաբյանին փոխելուն, բայց եթե գործընթացներն այլ կերպ զարգանան, եւ Աբրահամ Մանուկյանի թեւը հաղթի, վերեւից էլ «դաբրո» լինի, ապա փոփոխությունն անխուսափելի կլինի:



Մանուկյանն աշխատելու է այն ուղղությամբ, որ ցույց տա, թե ԲՀԿ-ում ով է դոմինանտ, ով է ձայների կրողը։ Այդ դեպքում փոքրամասնությունը պետք է իր տեղը զիջի մեծամասնությանը, եւ կուսակցության կառավարումը հանձնվի իրեն:



ՀԳ. Երեկ Միքայել Մելքումյանն իր քվեարկության մասին նշեց, որ ԲՀԿ-ում միշտ է բազմակարծություն եղել, Վահան Բաբայանը, ինչպես նաեւ Աբրահամ Մանուկյանը չցանկացան զրուցել ոչ մի հարցի շուրջ: Ընդհանրապես, ԲՀԿ-ականները երեկ շատ խառն էին: