Տարվա հրաժարականները

Տարվա հրաժարականները

2015թ. տարբեր երկրների պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին կամ հրաժարական տվեցին ուշագրավ պատճառներով: Հրաժարական՝ չմտածված խոսքի, ավելորդ ծախսի, ազգականին աշխատանքի տեղավորելու եւ այլ պատճառներով։ Հայաստանի համար դրանք հաճախ կարող են ծիծաղելի թվալ: Նշենք այդ հարյուրավոր հրաժարականներից մի քանիսը, իսկ ընթերցողը թող համեմատի Հայաստանում կոնկրետ իրավիճակի հետ: 



10.01.2015թ. - Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքից ազատեց Կենտրոնական բանկի նախագահ Գոչմիրատ Միրադովին եւ «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի ղեկավար Չարիմուհամեթ Հոմադովին՝ ոչ բավարար աշխատանքի համար: Մի քանի նախարարներ նկատողություն ստացան:



23.01.2015թ. - Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հրաժարական տվեց: «Իմ որոշումը կապված է իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքների հետ, թե թաքցնում եմ Յուրի Վազագաշվիլուն սպանողներին: Չնայած այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում եւ լքում եմ իմ պաշտոնը»,- ասաց նա:



27.01.2015թ. - Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները ցրեց ազգային հետախուզական ծառայութունը՝ նպատակ ունենալով ավելի թափանցիկ հատուկ ծառայություն ստեղծել:



27.01.2015թ. - Հարավչինական Շենչժեն քաղաքում մի քանի պաշտոնատար անձինք հեռացվեցին պաշտոնից, երբ պարզվեց, որ Կարմիր գրքում գրանցված հսկայական սալամանդր են կերել: Լրագրողներին ծեծել էին ընթրիքը լուսանկարելու համար:



14.02.2015թ. - ԱՄՆ Օրեգոն նահանգի ղեկավար Ջոն Քիցհաբերը հրաժարական տվեց, երբ պարզվեց, որ հարսնացուն՝ Սիլվիա Հեյզը, օգտագործել է իր եւ նահանգապետի միջեւ հարաբերությունները՝ հողատարածքներ ձեռք բերելու համար:



28.02.2015թ. - Մեքսիկայի գլխավոր դատախազ Խոսե Մուրիլյո Քարամը հրաժարական տվեց՝ կապված ուսանողների զանգվածային սպանության սկանդալի հետ: Նրանց առեւանգել էին ոստիկանները եւ հանձնել հանցավոր խմբավորման անդամների ձեռքը:



10.03.2015թ. - Նիդերլանդների արդարադատության եւ անվտանգության նախարար Իվո Օպստելտեն հրաժարական տվեց։ Պատճառն այն է, որ 2001թ. քրեական մի գործով կեղծ տվյալներ էր ներկայացրել երկրի խորհրդարանին։



11.03.2015թ. - ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի ղեկավար Ջոն Շոուն հրաժարական տվեց, երբ իմացավ իրավապահների եւ դատական մարմինների ռասիստական արարքների մասին: Հրաժարական տվեց նաեւ քաղաքային դատավոր Ռոնալդ Բրոկմաերը: Ժողովուրդը 18-ամյա սեւամորթի սպանությունից հետո բողոքի ցույցի էր ելել:



12.03.2015թ. - Չիլիում առաջատար ընդդիմադիր «Անկախ ժողովրդական միություն» կուսակցության ղեկավար Էռնեստո Սիլվան հրաժարական տվեց, երբ հարկերից խուսափելու համար ձերբակալված գործարարներն ասացին, որ ֆինանսական օգնություն են ցուցաբերել ընդդիմադիր, այդ թվում՝ իր կուսակցությանը։



13.03.2015թ. - Իսպանալեզու ամերիկյան «Univision» ընկերությունն աշխատանքից ազատեց լրագրողին այն բանից հետո, երբ նա ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային համեմատել էր «Կապիկների մոլորակը» ֆիլմի հերոսներից մեկի հետ:



16.03.2015թ. - Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հրաժարական տվեց: «Իմ բոլոր լիազորություւնները փոխանցել են նախագահի գրասենյակին։ Պաշտոնավարելու իմաստ չկա»,- հայտարարեց նա:



17.03.2015թ. - Մեծ Բրիտանիայում 3 դատավորի հեռացրին աշխատանքից՝ աշխատավայրում պոռնոգրաֆիկ հոլովակներ դիտելու համար։



20.03.2015թ. - Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպին հրաժարական տվեց, երբ մամուլը քննադատեց նրան պաշտոնական դիրքը չարաշահելու եւ որդուն աշխատանքի տեղավորելու համար։



31.03.2015թ. - Պերուի կոնգրեսը երկրի վարչապետ Անա Խարային անվստահություն հայտնեց այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին քաղաքական հակառակորդներին լրտեսելու մեջ։



02.04.2015թ. - Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը լքեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ կոռուպցիայի մեղադրանքից հետո: Մենենդեսն իր դիրքն օգտագործել էր ընկերոջ առաջխաղացման համար:



23.04.2015թ. - Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւը հրաժարական տվեց՝ ասելով. «Ժողովրդավարական երկրում չպետք է լինի իշխանության մենաշնորհ»:



05.05.2015թ. - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնից ազատեց երկրի Ազգային բանկի նախագահ Աբդուջաբոր Շիրինովին եւ նրա երեք տեղակալներին՝ սոմոնիի փոխարժեքի կտրուկ անկման եւ արտարժույթի դեֆիցիտի պատճառով:



09.05.2015թ. - Գվատեմալայի նախագահ Օտտո Պերեսն աշխատանքից ազատեց փոխնախագահ Ռոքսանա Բալդետին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ:



11.05.2015թ. - Եգիպտոսի արդարադատության նախարար Մահֆուզ Սաբերը բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տվեց: Հարցազրույցում ասել էր. «Դատավորը պետք է դաստիարակված լինի հարուստ ընտանիքում, իսկ հավաքարարների երեխաները պետք է գտնեն «համապատասխան աշխատանք», քանի որ կարող են բախվել խնդիրների հետ եւ դեպրեսիայի մեջ ընկնել»:



16.06.2015թ. - Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ցրեց կառավարությունը՝ մեղադրելով Գազայի հատվածում անգործունակության մեջ. Գազայում փաստացի իշխանությունը պատկանում է ՀԱՄԱՍ շարժմանը:



23.06.2015թ. - Լեհաստանի սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին պաշտոնապես հրաժարական տվեց։ Պատճառն այն է, որ նրա գիտությամբ Վարշավայի երկու ռեստորաններում ապօրինաբար գաղտնալսել էին մի քանի քաղաքական գործիչների։ Հրաժարական տվեցին նաեւ 3 նախարար ու 3 փոխնախարար։



18.07.2015թ. - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնանկ արեց 10 նախարարի ու փոխնախարարի՝ միջազգային վարկատուների հետ ձեռք բերված համաձայնագրին դեմ արտահայտվելու համար:



27.07.2015թ. - Բրիտանիայի լորդերի պալատի փոխնախագահ Ջոն Սյուելը հրաժարական տվեց. մամուլը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է նա փաթաթված թղթադրամի միջոցով կոկաին քաշում՝ լցված մարմնավաճառի կրծքին։



31.07.2015թ. - Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական տվեց՝ դիպլոմի կեղծման մեղադրանքներից հետո։



02.08.2015թ. - Ավստրալիայի խորհրդարանի խոսնակ Բրոնուին Բիշոփը հրաժարական տվեց, երբ մեղադրեցին ուղղաթիռով 80 կմ տարածք անցնելու համար 3600 դոլարի ծախս կատարելու մեջ:



01.09.2015թ. - Թուրքիայի Եվրամիության հարցերով ժամանակավոր նախարար, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Ալի Հայդար Քոնջան պաշտոնանկ արվեց Հայոց ցեղասպանության մասին արած «Հայտնի եւ պարզ է, որ տեղի ունեցածը կոտորած է եղել» արտահայտության համար:



12.09.2015թ. - Եգիպտոսի կառավարությունը գյուղատնտեսության նախարարի կալանավորումից հետո հրաժարական տվեց:



17.09.2015թ. - Գերմանիայի փախստականների եւ միգրացիայի հարցերով դաշնային վարչության ղեկավար Մանֆրեդ Շմիդթը հրաժարական տվեց՝ միգրանտներին օթեւան տրամադրելու գործողությունները ժամանակին չկատարելու համար։



21.09.2015թ. - Մոլդովայի Կենտրոնական բանկի ղեկավարությունը բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տվեց: Մոլդովայում ֆինանսական սկանդալ ու ճգնաժամ էր սկիզբ առել, երբ հայտնի էր դարձել, որ երկրի բանկային համակարգից 1 մլրդ. դոլար է կորել, ինչը կազմում է Մոլդովայի ՀՆԱ-ի գրեթե 1/8-ը:



29.09.2015թ. - Դանիայի պաշտպանության նախարար Կարլ Հոլսթը հրաժարական տվեց, երբ հայտնի դարձավ, որ պետական ռեսուրսներն օգտագործել է ոչ նպատակային։



09.10.2015թ. - Հռոմի քաղաքապետ Ինյանցիո Մարինոն հրաժարական տվեց՝ անձնական ծախսերը քաղաքապետարանի բյուջեով կատարելու պատճառով:



14.10.2015թ. - Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինը պաշտպանության նախարարին պաշտոնանկ արեց՝ նախագահի մոտորանավակում փոքր հզորության պայթյունից հետո։



16.10.2015թ. - Չեխիայի նախագահի նստավայրի անվտանգության բաժնի ղեկավարն ու նախագահի թիկնազորի պետն ազատվեցին աշխատանքից, քանի որ արտ-խմբի 3 անդամ Հրադից իջեցրել էին նախագահական դրոշը եւ կարմիր վարտիք բարձրացրել։



04.11.2015թ. - Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական տվեց: Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հրդեհից 32 մարդ էր զոհվել, 200-ը՝ վիրավորվել: Եղան բողոքի ցույցեր:



09.11.2015թ. - Ռումինիայի ազգային անվտանգության հարցերով փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Գաբրիել Օպրյան հրաժարական տվեց. դոկտորական թեզը կեղծել էր։



07.12.2015թ. - Լատվիայի կառավարությունը հրաժարական տվեց: Թեեւ վարչապետը կառավարության աշխատանքը բոլոր հարցերում դրական գնահատեց, սակայն ասաց, որ պետությանն անհրաժեշտ են նոր գաղափարներ եւ էներգիա:



10.12.2015թ. - Աֆղանստանի անվտանգության ազգային տնօրինության ղեկավարը հրաժարական տվեց՝ երկրի նախագահի քաղաքական կուրսը չհավանելով:



21.12.2015թ. - Իսրայելի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հրաժարական տվեց սեռական ոտնձգությունների մեջ կասկածանքի պատճառով: Ասաց, որ մեղադրանքներն անհիմն են, բայց գնում է, քանի որ սկանդալը բացասաբար է անդրադարձել իր ընտանիքի վրա:



29.12.2015թ. - Ավստրալիայի 2 նախարարներ հրաժարական տվեցին Հոնկոնգի հայտնի բարերից մեկն այցելելուց հետո: Նախարարներն այդ քաղաք պաշտոնական այցի ընթացքում բար էին այցելել, որտեղ նրանցից մեկն անպարկեշտ առաջարկ էր արել նախարար Ջեյմի Բրիգսին: Մյուս հրաժարական տվողն էլ ներկա էր եղել դրան:



ՀԳ․ Այս մարդիկ հիմնականում հրաժարական են տվել՝ կառույցը չհեղինակազրկելու, հասարակության մեջ հարգանք տարածելու համար՝ երբեմն խորապես զղջալով: Հայաստանում բազմաթիվ սկանդալներ եղան, բայց ոչ ոք հրաժարական չտվեց: Եթե եղան մի քանի պաշտոնանկություններ, ապա կուլիսային մեկնաբանություններով, օրինակ՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կամ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ