Շարմազանովը ինտրիգը պահեց. ՀՅԴ-ի հետ համաձայնություն կա, պաշտոնների հարցը որոշված է, բայց անվանական դեռ չեն հայտարարում

Շարմազանովը ինտրիգը պահեց. ՀՅԴ-ի հետ համաձայնություն կա, պաշտոնների հարցը որոշված է, բայց անվանական դեռ չեն հայտարարում

Տեղեկացնեմ, որ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ունի ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու։ Վերջնական համաձայնության մասին մենք կխոսենք մինչև շաբաթվա վերջ։
Այս մասին քիչ առաջ ՀՀԿ ՀՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



Նա, սակայն, պաշտոնների մասով հստակ ոչինչ չասաց՝ նշելով միայն, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների մի մասը ճիշտ է, մի փոքր մասը՝ սխալ։



«Նախնական բառը նշանակում է, որ դեռ վերջնական չէ։ Ուստի ես, իրավունք չունեմ, անկախ նրանից՝ ինֆորմացիային տիրապետում եմ, ՝ որպես կուսակցության խոսնակ, անուն-ազգանուններով ներկայացնել, թե այս փուլում ինչ կա։ Այս փուլում, այո, եթե նախկինում մենք ասում էինք, որ համաձայնությունը հնարավոր է, դեռևս չենք հստակեցրել, այսօր կարող եմ ասել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և ՀՀԿ-ն ունեն նախնական համաձայնություն՝ ապագայում Հայաստանի քաղաքական օրակարգում միասնաբար հանդես գալու համար»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ ի՞նչ ձևաչափով է այդ համաձայնությունն ամրագրվելու, կոալիցիայի՞ տեսքով, դրա անունը կոալիցիա՞ կլինի, և դրա համար հատուկ հուշագի՞ր է ստորագրվելու, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կտեսնենք, չեմ կարող ասել»։



Նա նաև չբացառեց, որ ՀՅԴ-ին և՛ նախարարական պորտֆելներ կտան, և՛ մարզպետների պաշտոններ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ