Առեւտուր արեւելյան ձեւով

Առեւտուր արեւելյան ձեւով

Վերջապես ավարտվեց «առեւտուրը», եւ գտնվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նորօրյա բանաձեւը։ Բազում տարբերակների քննարկումներից հետո, երբ կողմերն արեւելյան շուկային բնորոշ երկար «բազառների» մեջ էին եւ ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս առեւտրի առարկա հանդիսացող գերատեսչությունների մասով, երկար սպասված համաձայնությունը կայացավ։ Ճիշտ է՝ ՀՀԿ ղեկավարությունը չի շտապում հայտարարել, թե ինչի շուրջ է կայացվել համաձայնությունը, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ մարդկանց որոշակի շրջանակի ամեն ինչ արդեն հայտնի է։ Ի դեպ, պետք չէ մեղադրել լրագրողներին մեծ թվով եւ երբեմն անհավանական տարբերակներ շրջանառելու համար, իրականում քննարկումներն են այդպիսին եղել։ Այսպիսով, ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես եւ նախկինում նշվել է, էկոնոմիկայի (Արծվիկ Մինասյան), արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունները։ Վերջինը, այսպես ասած, վերջին շնչում, քանզի դեռ 2 օր առաջ այդ տարբերակը հավանական չէր համարվում, իսկ Արմեն Աշոտյանն իր նոր կաբինետն էր կահավորում եւ սելֆիներ տեղադրում ֆեյսբուքյան էջում։ Մարզպետների պաշտոնների հարցում եւս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը․ ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։ Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում ռեկորդսմեն է՝ Լեւոն Մկրտչյանի, Դավիթ Լոքյանի նշանակումները դրա վառ օրինակն են։ Բայց կան նաեւ բոլորովին նոր նշանակումներ։ Օրինակ, ՀՅԴ-ին կհասնի նաեւ որեւէ մարզի չզիջող մի ամբողջ համայնք՝ Երեւանի Արաբկիր համայնքը․ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը։