Ապարանցիները քվեարկելու են ապարանցու օգտին

Ապարանցիները քվեարկելու են ապարանցու օգտին

Հայտնի է, որ ՄԻՊ թեկնածուները ներկայացվել են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ քվեարկությամբ որոշվելու է, թե ով է ներկայացվելու ԱԺ լիագումար նիստին։ Ճի՞շտ է, որ դեռ երեք օր առաջ ԲՀԿ-ն, ի դեմս Ձեզ, փորձել է լրացուցիչ անդամ ներկայացնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, որպեսզի ՄԻՊ ԲՀԿ-ական թեկնածու առաջադրեք եւ մեկ ձայն ավելի ունենաք,- հարցրինք Լյովա Խաչատրյանին։ «Հավանաբար, տեխնիկական ընթացակարգերը թույլ չտվեցին, որ այդ փոփոխությունը կատարվեր, ժամանակ չկար երեւի»։ Այսինքն, երեք օր առաջ արդեն հայտնի է եղել, որ հանձնաժողովում ԲՀԿ քվոտայով ներկայացված Տիգրան Ուրիխանյանի հետ համաձայնություն չի կայանում, դրա համար էլ քննարկվել է Ձեր թեկնածությունը։ «Դե, ուշացրեցինք, հավանաբար»: Մինչդեռ մենք պարզեցինք, որ նշյալ փոփոխության համար հատուկ ընթացակարգ ու առավել եւս՝ ժամկետներ չկան: Ըստ ամենայնի, սեփական թեկնածու չառաջադրելով՝ ԲՀԿ-ն իրեն կփորձի «փրկել» անկանխատեսելի քվեարկությունից, որովհետեւ փակ քվեարկության ժամանակ կլինեն ձեռքեր, որոնք կողմ կքվեարկեն իշխանական թեկնածուին, իսկ այս դեպքում կարելի է բոյկոտի տարբերակն ընտրել, ինչի հավանականությունը չբացառեց նաեւ Լյովա Խաչատրյանը, ասելով, որ կուսակցությունում դեռ պետք է քվեարկեն: Ի դեպ, նա էլ չթաքցրեց իշխանական թեկնածուի վերաբերյալ իր դրվատական կարծիքը. «Թաթոյանն ապարանցի է, իսկ դա արդեն մեծ արգումենտ է»։ Իր օգտին քվեարկելո՞ւ։ «Ամեն դեպքում, արյունը ջուր չի դառնա, …արդեն իսկ հույս կա, որ լավ ՄԻՊ կլինի»։