ՀԷՑ չարաշահումները «փակելու» համար 30 տարի վճարելու են ՀՀ քաղաքացիները

ՀԷՑ չարաշահումները «փակելու» համար 30 տարի վճարելու են ՀՀ քաղաքացիները

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր արտահերթ հարց մտցրեց կառավարության նիստ՝ ՀԲ-ից էներգետիկ նոր վարկ ստանալու մասին։ Այն օրակարգով նախատեսված չէր, և ոչ հիմնավորումները, ոչ էլ գոնե գումարի չափը մինչ այս պահը պարզ չեն։ ՀԲ նոր վարկը երկարաժամկետ է․ «Մոտ 30 տարով ենք վերցնում և բավականին ցածր տոկոսադրույքով՝ տարեկան 1,5 տոկոս, որը, բացարձակ ազդեցություն սակագների վրա չի ունենա և 14 տարին արտոնյալ է», - ասաց նախարարը։ Կարելի է ենթադրել, որ սա ՀԷՑ չարաշահումներից գոյացած գումարն է, քանի որ այն, ինչպես ասաց Երվանդ Զախարյանը, տրվելու է էլեկտրաեներգիա արտադրած, բայց դրա դիմաց վճարումներ չստացած ընկերություններին։ Եթե ՀԷՑ-ը չի վճարել, ինչո՞ւ պետությունը պետք է պարտքով փող վերցնի, հարկատուներն էլ 30 տարի շարունակ վճարեն այդ պարտքը։ Այս հարցին Երվանդ Զախարյանը չպատասխանեց, և, զգալով, որ տակից դուրս չի գալու, արագ ճողոպրեց շենքից։ Եթե Հայաստան պետությունը պետք է օգնի ՀԷՑ նոր սեփականատեր Սամվել Կարապետյանին, որ նա ընկերության պարտքերը վճարի, կամ Բիբինին, Գլադունչիկին, ռուս մյուս պաշտոնյաներին, որ նրանք իրենց թալանի համար պատասխան չտան, ապա ինչ՞ու նա չի ուզում օգնել ՀՀ սովորական քաղաքացիներին վճարել իրենց պարտքերը բանկերին։ Ինչ՞ու մի արտոնյալ վարկ էլ կոմերցիոն բանկերի համար չի վերցնում, որ միանգամից բոլոր վարկեր-մարկեր, «հիպոթեքներ» տանք-պրծնենք, հետո էլ ազգովի փակվենք։ Ինչո՞վ են մեր քաղաքացիները, կամ բանկերի սեփականատերերը Սամվել Կարապետյանից ու Բիբինիցվատ։ ՀՀ քաղաքացիների համար միայն վատ լուրերն են։ Օրինակ, որ հունվարին կոմունալների  համար վճարումները կտրուկ ավելացել են։ Ինչ՞ու։ Այս հարցը հետաքրքրում է շատերին, բայց նախարարն այս պահին պատասխան չունի։ «Մենք էլ ենք ստացել նման բողոքներ, հանձնարարված է ուսումնասիրել այս հարցը «ՀԷՑ» -ի հետ միասին» - ասում է նա։ Թե ում պետք է դիմեն այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն իրենց հաշվիչների ցուցմունքների հետ, Զախարյանը չասաց։ Նա ընդամենը մառախուղ արեց․ «Ոչ մեկին պետք չի դիմել։ Արդեն դիմել են, հարցերի պատասխանը կստանան»։ Պետք է ընդունել սակայն, որ այսօր նա սովորականից մեծահոգի էր։ Իր պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ նա, հավանաբար, որոշել էր մի օր էլ լրագրողների կողքով անցնել, մանավանդ, որ նրան շատ էինք քննադատում շենքի հետին մուտքից փախչելու համար։ Եւ այսօր այդ օրն էր։ Նախարարը նույնիսկ ասաց իրեն «հոշոտել» ցանկացող ժուռնալիստներին՝ ինչ հարց ուզում եք, տվեք։ Բայց սկզբում, երբ ՀԷՑ-ի չարաշահումների համար վճարելու մասին հարցը դեռ չեր հնչել։ 



Սյուզան Սիմոնյան