Իր թարգմանություններում նա ցույց տվեց մեր լեզվի անսպառ հնարավորությունները

Իր թարգմանություններում նա ցույց տվեց մեր լեզվի անսպառ հնարավորությունները

Օրերս «Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց Սամվել Մկրտչյանի առաջին թարգմանությունը՝ Վիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը», որը թարգմանիչն արել էր դեռեւս 1983թ., երբ ընդամենը 23 տարեկան էր: Գրքի ձեւավորման հեղինակը հենց ինքը՝ Սամվել Մկրտչյանն է, իսկ խմբագիրը՝ Հակոբ Մովսեսը, որն ահա թե ինչ է գրում գրքի առաջաբանում. «Դժվար է ասել, թե ինչն է մղել 23-ամյա նորավարտին ձեռք մեկնել Շեքսպիրի այս տարօրինակ կատակերգությանը, որը տեղի է ունենում Աթենքում կամ միգուցե մերձակա մի անտառում։ Բայց հաստատ է՝ նորավարտն այստեղ թարգմանության նորընծայություն է ընդունել։ Թարգմանությունն արված է ամենայն պատասխանատվությամբ եւ երկյուղածությամբ։ ....գեղեցիկ լեզու, հնարամիտ լուծումներ, շեքսպիրյան լիահորդ բառապաշար եւ կիսաիրական-կիսացնորական երեւակայություն (ինչպես եւ ասված է՝ «վայրենի երեւակայություն»), ընտիր ռիթմեր եւ ողջ պատումի առինքնող մի բնականություն, ինչը, իհարկե, առաջին հերթին տաղանդի արգասիք է, այս որակներն են, որոնք, միջամառային գիշերվա այս Երազում սկիզբ դրվելով, Սամվել Մկրտչյանին հասցրեցին անգլալեզու բանաստեղծության ու արձակի եւ առաջին հերթին Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» գլուխգործոց թարգմանությանը»։ 



«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հիշում է, որ անցած տարի, երբ Սամվել Մկրտչյանին նվիրված «Արտասահմանյան գրականության» հանդեսն էին տպագրության պատրաստում, այս գործը Սամվել Մկրտչյանի որդու հետ միասին հանկարծ հայտնաբերեցին նրա համակարգչում՝ արդեն էջադրված, կազմի կեսն արված վիճակում. «Ուզում էինք դնել այդ համարում, բայց չդրեցինք, որոշեցինք, եւ դա նաեւ իր ընտանիքի ցանկությունն էր, որ լինի առանձին հրատարակություն՝ նրա այս տարվա ծննդյան առիթով»։



Փետրվարի 25-ին՝ թարգմանչի ծննդյան օրը, Հանրային հեռուստատեսությունը հեռարձակեց նաեւ Սամվել Մկրտչյանին նվիրված ֆիլմ:



Խոսելով գրքի մասին՝ գրականագետն ընդգծեց, որ թե տեսքով, թե գաղափարապես եւ թե ձեւաչափով տպագրվել է այն գիրքը, որն էջադրել եւ համարյա ավարտին էր հասցրել Սամվել Մկրտչյանը. «Հետաքրքիր թարգմանություն է այն առումով, որ ցույց է տալիս, թե ինչից է սկսել Սամվելը, ոնց է սկսել եւ 23 տարեկանում արդեն իսկ ինչպիսի թարգմանական վարպետություն, կուլտուրա եւ ճաշակ է ունեցել։ Թարգմանաբանների համար շատ հետաքրքիր նյութ է՝ ուսումնասիրել, գնահատել Սամվել Մկրտչյան թարգմանչին։ Իր մահվան տարում, չգիտեմ՝ զարմանալի ներքին զգացողություն էր, թե ինչ, հավաքեց ու տպագրեց իր գրեթե ամբողջ թարգմանական ժառանգությունը, եւ այդ գրքերն իրենք իրենցով արդեն իր թարգմանական գործի գնահատականն էին, եւ գուցե չարչրկված բան եմ ասում, բայց «Ուլիսեսի» հայերենն արդեն բավական է, որ նա համարվի մեր թարգմանական գրականության դասականը, լեգենդը։ Աշխարհում բացառիկ ժողովուրդներ կան, որ ունեն «Ուլիսեսը» թարգմանած, մենք այդ 24 ժողովուրդներից մեկն ենք, որ իրենց մայրենի լեզվով ունեն համաշխարհային գրականության այդ գլուխգործոցը։ Սամվելն իր այդ արարքով մեզ դրել է բացառիկների շարքում, հետեւաբար, ինքն էլ պետք է համարվի բացառիկ»։



Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծում է, որ Սամվել Մկրտչյանն իր տեսակով ոչ միայն մեծ թարգմանիչ էր, այլեւ ջանքեր էր ներդնում, որ Հայաստանում թարգմանության որակը բարձրանա, մեծագույն հոգատարությամբ էր աշխատում երիտասարդ թարգմանիչների հետ, որպեսզի մեզ մոտ էլ ձեւավորվի այդ դպրոցը։ «Իր թարգմանություններում նա ցույց տվեց մեր լեզվի անսպառ հնարավորությունները, եւ եթե ինչ-որ բան մեզ չի հաջողվում թարգմանել, ոչ թե հայերենի թուլությունն է, այլ թարգմանչի թերությունը. ինքը ցույց տվեց, որ կարելի է անել նաեւ անհնարինը մեր ծանր ու դժվար ժամանակներում»։



Գրականագետը տեղեկացրեց, որ Սամվել Մկրտչյանի կողմից տարիներ առաջ տպագրված իր լավագույն թարգմանությունների երկհատորյակ ընտրանին՝ որոշ նոր գործերի հավելումով, պատրաստում են հրատարակության, եւ այս տարվա ընթացքում այդ երկհատորյակը նույնպես լույս կտեսնի։



Ինչ վերաբերում է «Միջամառային գիշերվա երազին», ապա քանի որ գիրքը հրատարակելու նախաձեռնությունը պատկանում է թարգմանչի ընտանիքին, չի կարող ասել՝ շնորհանդես, որպես այդպիսին, կլինի, թե ոչ։ Պարզ է միայն, որ գիրքը շուտով կհայտնվի նաեւ գրախանութներում։ Եվ, ինչպես գրքի վերջում Սամվել Մկրտչյանն է պատգամել՝



«Եղեք առողջ, գեղեցիկ ու բարի։
Հարգանքով ժպտացեք իրար։
Քաղցած ու ծարավ եղեք միայն
Գիտելիքի հանդեպ։
Ձեզ կեղեքողի հանդեպ եղեք
Անհնազանդ։ Սպանեք
Կռապաշտությունը։
Արդարությունը վեր դասեք
Նույնիսկ ազատությունից»։