Եվս մի տուգանող մարմին, կամ շառ՝ առանց «խերի»

Եվս մի տուգանող մարմին, կամ շառ՝ առանց «խերի»

Իրավաբան, մի քանի ՀԿ-ների անդամ Շուշան Դոյդոյանը, որը հայտնի է մամուլին առնչվող տարատեսակ գրանտային ծրագրերի իրացմամբ, սահուն անցում կատարեց դեպի ապարատ եւ այժմ պետական պաշտոն ունի՝ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն է։ Այս գործակալությունն ստեղծվել է անցյալ տարի, համապատասխան օրենքի ընդունումից հետո, այնպես որ, ինչպես ասում են, իրավաբան Շուշան Դոյդոյանի «հագով էր ձեւված»։



Գործակալության աշխատանքի իրավական հիմքն անձնական կյանքի գաղտնիության իրավունքն է, գործող Սահմանադրության 23-րդ հոդվածը, որով հաճախ են խնդիրներ առաջացնում անկախ մամուլի համար, պաշտպանելով անձնական կյանքն անհարկի հրապարակայնացումից եւ այլ միջամտություններից։ Այսպես, մամուլի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Շուշան Դոյդոյանը, կարելի է ասել, թռիչք կատարեց դեպի հակառակ ճամբար։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիրը դարձավ խոչընդոտ ինֆորմացիայի ազատ տարածման համար և մի մեծ բանալի ձեռքում, դռներ է կողպում։ Լավ բան է անձնական տվյալների պաշտպանությունը, բայց մի երկրի համար, որտեղ պետությունն ու բիզնեսը սերտաճած են, որտեղ չինովնիկները կամ նրանց ընտանիքի անդամները զարտուղի ճանապարհներով ահռելի հարստության են տիրացել և անում են դա գաղտնի, թաքնվելով հանրությունից, անձնական տվյալների պաշտպանությունը նախ և առաջ ապահովում է կեղտոտ խաղերի մեջ մտնելու նրանց իրավունքը։ Իհարկե, հայտարարվում է, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կանոնակարգում է կառույցների կողմից անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները՝ տվյալների հավաքում, պահում, ոչնչացում եւ այլն, եւ եթե որեւէ կառույց՝ պետական թե մասնավոր, խախտի սահմանված կարգը, Դոյդոյանի գործակալությունը նրան կտուգանի։ Գործը նոր է, անձնական տվյալների պաշտպանությունից մարդիկ բան չեն հասկանում, եւ գործակալությունը «խիստ» ծանուցումներ է ուղարկում կազմակերպություններին՝ քաղվածքներ վարչական իրավախախտումների մասին փոփոխված օրենքից, որում 8 կետ միայն նվիրված է տուգանքներին։ Օրինակ, համաձայն այդ օրենքի, անձնական տվյալների հավաքման կամ ձայնագրման կարգը խախտելն առաջացնում է աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով տուգանք, իսկ, ասենք, տվյալների հավաքման մասին լիազոր մարմնին չծանուցելու համար տուգանքն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով է: 



Նոր օրենքի տիրույթում են առողջապահական հիմնարկները, որոնք առողջական վիճակի մասին տվյալներ են հավաքում, կամ ցանկացած ձեռնարկություն, որում տեսախցիկներ կան տեղադրված, կամ որոնք մատնահետք են վերցնում, այլ հիմնարկներ, կոպիտ ասած, ցանկացած կազմակերպություն, որն ունի կադրերի բաժին եւ աշխատողների անձնական տվյալներ է պահում, պարտավոր է պարբերաբար տեղեկանք ուղարկել Շուշան Դոյդոյանի գործակալությանը, եթե ոչ՝ տուգանվում է։ Բնականաբար, «տուգանք» բառը սարսափ է առաջացնում առաջին հերթին գործարարների շրջանում։ Ե՞վս մի տուգանող մարմին։ Նրանց լուսավորելու, «լիկբեզ» անցկացնելու նպատակով լավ կլիներ մարդկանց համար անվճար դասեր անցկացնել, հանդիպումներ, կլոր սեղաններ՝ ի վերջո։ Բայց 100 տարվա ՀԿ ակտիվիստ Շուշան Դոյդոյանը ոչ մի կերպ չի մոռանում, որ ինքն արդեն աշխատավարձով աշխատող է, կազմակերպության աշխատանքի համար գումար հայթայթելու կարիք չունի։ Նա շարունակում է կոմերցիոն ջիղ ցուցաբերել։ Անվճար հավաքների փոխարեն նրա մասնակցությամբ վճարովի սեմինարներ են կազմակերպվում գործարարների համար։ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն է, օրինակ, սեմինարներ անցկացնում, որոնք հենց ինքն էլ վարում է՝ Շուշան Դոյդոյանը։



«Սեմինարը վճարովի է՝ մեկ մասնակցի համար 9 000 (ինը հազար) ՀՀ դրամ»,- զգուշացնում են կազմակերպիչները։ Գործարարների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանին հարցրինք, թե արդյոք գործարարները գալի՞ս են անձնական տվյալների պաշտպանության սեմինարին, եւ որքանով է դա պետք նրանց։ Բայց նա չցանկացավ հարցերի պատասխանել «տոն օրով», կարծես, Մարտի 8-ն իր տոնն էր։ «Ոչ միայն Շուշան Դոյդոյանն է հրավիրվել, այլ մասնագետների էլ ենք կանչում»,- ասաց սեմինարների համակարգմամբ զբաղվող Լուսինե Բարսեղյանը։ Նա տեղյակ չէր, թե արդյոք այն վարող Շուշան Դոյդոյանը փող ստացե՞լ է, թե՞ ոչ։ «Մի 10-20 կազմակերպության ներկայացուցիչներ էին եկել։ Ճիշտն ասած՝ ավելի լայն ներկայություն էինք սպասում։ Դեռ, ոնց որ, լավ չեն հասկանում ինչն ինչ է»,- ասաց նա։ Փաստորեն, հարկատուներին պետք չէ, որ իրենց անձնական տվյալները պաշտպանվեն, կամ էլ դեռ պետք չէ։ Այնուամենայնիվ, այս մարմինն ստեղծվել է, ուրեմն, պետք է աշխատողներ ունենա, գումարներ ծախսի, որոնք, ինչպես հայտնի է, մեր բյուջեում շատ-շատ են։