Ալավերդին լավ վիճակում չէ

Ալավերդին լավ վիճակում չէ

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանն իր ծննդավայրը՝ Ալավերդի քաղաքը, լավ էր պահում։ Բարեգործական հիմնադրամ ուներ, որի գումարները ծառայում էին հայրենի քաղաքին եւ նրա բնակիչներին։ Մոտ 3 մլրդ. դրամի բարեգործական ծրագրեր է իրականացրել «Մանեսն» Ալավերդիում, բայց անցյալ տարվա գարնանը փակվեց։ Պաշտոնական պատճառաբանությունը պղնձի գների անկումն է եւ սրանով պայմանավորված վնասները։ Ինքը՝ Մեջլումյանը, այս օրերն անվանել է գոյատեւման շրջան։ «Վալլեքս»-ը կրճատել է իր աշխատակիցներին, անգամ դժվարությամբ է կարողանում վարկային պարտավորությունները կատարել։ Այս վերջին պրոբլեմի մասին անցյալ շաբաթ հայտարարել էր «ՎՏԲ-Հայաստան» բանկի նախագահ Յուրի Գուսեւը։ Բայց ամենաշատը «Թեղուտի» ֆինանսական խնդիրներից տուժել է Ալավերդի քաղաքը, որի համար ոչ թե գոյատեւման, այլ լիակատար անտերության շրջան է սկսվել։ Գործազրկությունն այստեղ ավելացել է։ «Մանեքս» բարեգործական հիմնադրամի փակվելուց հետո դադարել է գործել աղքատների ճաշարանը, որտեղ նրանք կարողանում էին մի ափսե տաք ապուր ուտել։ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ խոսել չհաջողվեց։ Նա հիվանդանոցում է՝ օրերս վիրահատվել է։ Նրա տեղակալ Արթուր Վարոսյանին մի քանի հարց տվեցինք քաղաքի սոցիալական վիճակի մասին։ 



«Երկու բարեգործական ճաշարան կար քաղաքում, մեկը՝ Սարահարթ թաղամասում, աշխատում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության եւ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Այն հիմա էլ գործում է։ Մյուսը՝ քաղաքի ներքեւի մասում, որն աշխատում էր «Մանես» հիմնադրամի գումարներով, փակվել է»։ «Թեղուտի» կոմբինատից քաղաք եկող բարեգործական ավտոբուսները եւս չեն աշխատում, քանի որ բանվորների թվաքանակի կրճատում է եղել, եւ այժմ մարդիկ դժվարությամբ են հաղթահարում Ալավերդիից կոմբինատ տանող մոտ 25 կմ ճանապարհը։ Անգամ մանկապարտեզների համար վիտամիններով հարուստ սննդի մատակարարումն է դադարեցվել, քանի որ սա եւս «Մանես» հիմնադրամի ֆինանսավորմամբ էր կատարվում։ «Վալեքսն» այլեւս չի ֆինանսավորում նաեւ Ալավերդու «Անկյուն 3» հեռուստատեսությանը։ Ինչո՞ւ դադարեցվեցին բոլոր ծրագրերը։ Արթուր Վարոսյանը պատասխանում է․ «Բարեգործություն են արել երկար տարիներ։ Հիմա գործարանի վիճակն այնքան էլ լավ չէ երեւի, եւ էլ չի կարողանում անել»։



- Ճի՞շտ են Ալավերդիում տարածվող խոսակցությունները, որ «Վալլեքսը» ներդրումներ է անում Ղարաբաղում, այնտեղի հանքարդյունաբերությունն է զարգացնում, դրա համար է Ալավերդին անտեսվել։



- Ես այդ մասին տեղեկություն չունեմ։



- «Անկյուն 3» հեռուստաընկերությունը եւս, ասում են, վատ վիճակում է։



- Ես կարող եմ քաղաքապետարանի «Ժամ» հաղորդաշարի մասին ասել, որի ֆինանսավորումը կտրվել է։



- Սանահինի ճոպանուղու մասին ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ է այն փակվել։



- Ճոպանուղին պատկանում է «Վերդ» ՍՊԸ-ին։ Սա «Վալեքս գրուպի» սեփականությունն է։ Նրանք պատճառաբանում են, որ ճոպանուղին վնասով էր աշխատում, եկամտաբեր չէ, ծախսերն ու եկամուտները չեն համապատասխանում իրար, եւ այդ պատճառով կանգնեցրել են։ Մեզ հետ այս հարցով որեւէ քննարկում չի եղել, բայց քաղաքապետարանը պատրաստ է աշխատեցնել այն, եթե ճոպանուղին անհատույց տրամադրեն քաղաքապետարանին։



Ալավերդու ճոպանուղին, որը Սանահինի բարձունքից իջնում էր ձոր, օրական տեղափոխում էր 300-500 մարդ, եւ Ալավերդու բնակիչների համար սա փրկություն էր։ Մարդիկ չեն հավատում, որ Թեղուտի գործարանն այնքան վատ վիճակում է, որ այլեւս չի կարողանում քաղաքին փող տալ, ծրագրեր իրականացնել։ Նրանք տարբեր պատճառներ են բերում՝ փորձելով բացատրել վիճակը։ Օրինակ այն, որ 2015 թվականի քաղաքապետի ընտրություններին հաղթած Կարեն Փարեմուզյանը Վալերի Մեջլումյանի թեկնածուն չէր, եւ նա որոշել է չօգնել վերջինիս։ Մյուսները բացատրությունը գտնում են Ղարաբաղում գումարներ ներդնելու Մեջլումյանի ծրագրերով։ Ասում են, որ նա նոր ծրագիր է մտադիր իրականացնել Հաղպատում, Ծաղկաշատում, որտեղ, ըստ ժողովրդի մեջ տարածված խոսակցությունների, ուրանի հանք կա։ Պաշտոնապես ուրանի արդյունահանման ծրագրերի վերաբերյալ տեղեկությունը չի հաստատվում, իսկ Վալերի Մեջլումյանի աշխատակազմից, լսելով մեր հարցերը, հրաժարվեցին պատասխանել, ասելով․ «Մեզ մոտ պաշտոնական պատասխան ստանալու միայն գրավոր ընթացակարգն է ընդունված»։ Անկախ լուրերի իսկությունից, ոչ ոք չի կարող դատապարտել գործարարին փող չունենալու համար։ Բայց «Փոքրիկ իշխան»-ում մի հանրաճանաչ միտք կա, որ «մենք պատասխանատու ենք նրանց համար, որոնց ընտելացնում ենք»։