Ես Օբամայի հետ էլ լարված հարաբերություններ ունեմ

Ես Օբամայի հետ էլ լարված հարաբերություններ ունեմ

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո Մաքսիմ Հակոբյանի աստղը հարազատ Սյունիքում խամրում է, եթե չասենք՝ մարում է։ Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը մրցում էր նրա հետ ազդեցության եւ հարստության չափով, ամրապնդել է դիրքերը, իսկ Հակոբյանները հայտնվել են մեկուսացման մեջ։ Նրա կողմնակիցները՝ տեղի գործարարներից, զրկվում են պատվերներից։ Թե ինչու փոխվեց իշխանության վերին օղակի վերաբերմունքը Սյունիքի ամենահարուստ մարդու նկատմամբ, թերեւս, միայն իրենք կիմանան։ Մաքսիմ Հակոբյանը Սյունիքից հեռացավ Լոռի՝ ուշադրությունը կենտրոնացնելով մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանից երկու տարի առաջ գնած լեռնահարստացման կոմբինատի վրա։ Բայց մեկ տարի առաջ այնտեղից վատ լուրեր եկան, թե Ախթալայից էլ նա ստիպված կլինի հրաժարվել։ Այդ ընթացքում բնապահպանական տեսչությունն ստուգման էր գնացել Ախթալա, խախտումներ էր հայտնաբերել ու տուգանք կիրառել՝ 5 մլն. դրամի։ Քաջարանի կոմբինատում Մաքսիմ Հակոբյանը մնացել է կոմբինատի խորհրդի նախագահ, բայց, ասում են, սա զուտ ձեւական մասնակցություն է, բարոյական տուրք կոմբինատի վաստակավոր տնօրենին։ Անգամ Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից է Մաքսիմը հեռացել։ Նրա որդին՝ Վահե Հակոբյանն էլ, անհաջող կարիերա արեց՝ նախ, մարզպետի պաշտոնում, հետո Ջրային պետական կոմիտեի նախագահի, որից հեռացավ՝ այդպես էլ առանց պատճառը պարզաբանելու։ Սյունիքի մարզպետ Խաչատրյանն արտաքուստ ցույց էր տալիս, թե որեւէ լարվածություն չունի Հակոբյանների հետ։ Մի անգամ նույնիսկ հայտարարել էր, որ իր խորհրդով է նախագահը Վահե Հակոբյանին մարզպետ նշանակել։ Բայց փաստերն այլ բան են ասում։ 



Գորիսի համալսարանի խորհրդում նույնիսկ Վահե Հակոբյանին չհանդուրժեցին, հեռացրին։ Տեղեկացված աղբյուրից իմացանք, որ Վահե Հակոբյանը պատրաստվում է ընտանիքով արտագաղթել Եվրոպա։ «Այնտեղ նա բիզնես ունի, գնում-գալիս է, բայց եթե լավ լինի, կմնա»,- ասում է մեր աղբյուրը։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել Մաքսիմ Հակոբյանի հետ։



- Վաղուց լուրեր չունենք, ուզում ենք իմանալ, թե ինչպես են կոմբինատի գործերը, ի՞նչ խնդիրներ, պլաններ ունեք։



- Էն, ինչ ծրագրավորել ենք, ընթանում է։ Նորություններն այն է, որ տեխնոլոգիան կոմբինատում 100 տոկոսով փոխել ենք։ Նոր տեխնոլոգիաներով ենք աշխատում, նոր սարքավորումներով։ Ամբողջ հարստացուցիչ ֆաբրիկայի սարքավորումներն ենք փոխել։ Հիմա էլ փորձում ենք ամրապնդվել նորմալ աշխատելով։



- Գների անկումը հանքարդյունաբերությունում Ձեզ չի՞ խանգարում։



- Բնականաբար, ինչ-որ ձեւով խանգարում է։ Բայց դե, դրա դեմ պայքարում ենք։ Պետք է գտնել լավագույն նոր տեխնոլոգիաները, նոր մեթոդներ, ինչ-որ ձեւով դիմակայել։ Շատ է խանգարում, իհարկե։



- Ձեզ Սյունիքում, նաեւ Երեւանում հարգում են, բարեգործություններ էիք անում։ Կոմբինատի տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո ինչ-որ բան փոխվե՞լ է մարդկանց վերաբերմունքում։



- Ինչո՞ւ պետք է փոխվի։ Երբ մարդը հարգանք է ունենում, դա հո մենակ փող բաժանելու հետեւանքը չէ՞։ Իմ հայրենակիցների նկատմամբ ես ոչ միայն հարգանք եմ ունեցել, այլեւ սիրում եմ նրանց։ Որովհետեւ դա մեր հողուջրի ժողովուրդն են՝ նույն ապրելակերպով, նույն դարդուցավով։ Բնական է, ես իրենց դարդուցավն էի լավ հասկանում, իրենք էլ ինձ էին հասկանում։ Ընդհակառակը, երբ որ հեռանում ես, մարդիկ սկսում են ավելի շատ քեզ սիրել։ Երբ որ կողքներն ես, չեն նկատում։ Հեռախոսազանգերը տոներին, ծննդյան կապակցությամբ նախկինում այդքան չկային, ոնց որ հիմա է։



- Ես հարցնում եմ, որովհետեւ շատ օրինակներ կան՝ երբ մարդը դադարեցնում է բարեգործությունը, վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվում է։ Հիմա Ալավերդիում, օրինակ, Վալերի Մեջլումյանը, ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է բարեգործությունը։



- Ես չեմ ուզում ուրիշի տեղը պատասխանել։ Խնդրում եմ, ինձ հարցրեք այն, ինչ ինձ է վերաբերում։ Համենայնդեպս, ես շատ գոհ եմ։ Մեր ժողովուրդը շատ խելոք է, շատ լավը, ես հարգում եմ ու հիմա էլ ավելի շատ եմ շարունակում հարգել ու կարոտել։ Ցանկանում եմ բոլոր միջոցառումներին հանդիպեմ։ Չնայած, առողջության հետ կապված, չեմ կարողանում։ Բոլոր միջոցառումներին չէ, որ հնարավոր է մասնակցել։ Բայց գոնե ուրիշ բան չէ՝ հեռախոսային զանգով մասնակցում ենք նրանց ուրախությանն ու դժբախտությանը։



- Հիմա Դուք որպես բաժնետեր մնում եք, չէ՞, պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդում։ Ռեալ մասնակցո՞ւմ եք աշխատանքներին, թե՞ զուտ ձեւական։



- Ես խորհրդի նախագահն եմ կամ, ավելի արտահայտիչ ասելով, ես այնտեղի պրեզիդենտն եմ։ Ես ո՞նց կարող եմ չմասնակցել։



- Արտասահմանցիների հետ կարողանո՞ւմ եք աշխատել՝ տնօրենի, մյուսների։



- Այնտեղ արտասահմանցի մարդ չկա՝ մեկ կամ երկու հոգի են։ Բոլորը մեր հայաստանցիներն են, մեր նիստուկացին ծանոթ մարդիկ են։ Սարերի տարբերություն չկա։ Հիմնականում նույն անձնակազմն է, մի քանի նոր մարդիկ են։



- Բայց ասում են, որ ավստրիացիներն ու գերմանացիներն ավելի խնայողաբար են աշխատում։



- Եթե խնայողաբար չաշխատեին, ինչո՞ւ պետք է մենք թողնեինք իրենց։ Իհարկե, հիմա ավելի լավ պետք է աշխատեն, ավելի պատասխանատու։ Որ ասում են, դա ուրիշ բան է, իրականում՝ ուրիշ։ Հիմա որ իրար հետ միացել ենք, պետք է ավելի լավ լինի։



- Այսինքն՝ Դուք իրենց հետ լավ աշխատո՞ւմ եք, չնայած հեռու եք։



- Ինչո՞ւ պետք է չաշխատենք։ Նույն տնտեսությունն է, նույն բանի համար ենք աշխատում։ Ուզում է հայաստանցի լինի, ուզում է՝ արտասահմանցի, նույնիսկ ադրբեջանցի լինի։ Ծառայում ենք մի նպատակի՝ ձեռնարկությունն աշխատի ավելի լավ։



- Երեւանում լուրեր կային, որ ուզում եք հրաժարվել Ախթալայի կոմբինատից։ Որքանո՞վ է ճիշտ։



- Դե, եթե պետք է հրաժարվեի, էլ ինչո՞ւ եմ վերցրել։ Ամեն ինչ էլ կարող են ասել։ Երբեք մտքովս չի անցել։



- Սյունիքի մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին են շատ գրում։ Ասում են՝ նրա թիմն ամեն ինչ անում է, որ Ձեր ազդեցությունը նվազի մարզում։



- Լիսկայի հետ ես ի՞նչ կապ ունեմ։ Նա առանձին մարդ ա, ուրիշ բնագավառում, ես միանգամայն այլ մարդ եմ։ Չկա լարվածություն։ Գիտե՞ք, Օբամայի հետ էլ մի քիչ լավ չեն իմ հարաբերությունները։ Կուբայի-բանի հարցերով մի քիչ խոսացի, չստացվեց, չեկավ իմ խոսքին։



- Ասում են, որ Ձեր տղան հեռանում է Հայաստանից։



- Հարցրեք այնպիսի բաներ, որ ինձ է վերաբերում, թե չէ ուրիշ բաներից եք հարցնում։



- Ուրիշ բանը ո՞րն է, պարոն Հակոբյան, Ձեր որդուց ենք հարցնում։ Լսել ենք, որ ընդմիշտ ուզում է հեռանալ Եվրոպա ու, եթե լավ լինի, ընտանիքով մնալ այնտեղ։



- Ի՞նչ իմանամ։ Վահե Հակոբյանին հարցրեք։ Վահեի հետ մենք ամբողջ օրը միասին ենք։



- Ասում են՝ գնալու է Հայաստանից, չիմանա՞նք՝ ճիշտ է, սուտ է։



- Հաճախակի գնում ու գալիս է։ Հիմա էլ գնալու է։ Ինձ առողջություն ու հաջողություն մաղթեք։ Հաջողություն Ձեզ։