Անպայման ինչ-որ մի եվրոպացի պիտի գա մեզ ասի՞ ինչպես անենք

Անպայման ինչ-որ մի եվրոպացի պիտի գա մեզ ասի՞ ինչպես անենք

Մոտ ժամանակներս նախատեսվում է Ուկրաինայի Ռադայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Սա վերջին երեք տարում գրեթե սառեցված հայ-ուկրաինական հարաբերությունների վերակենդանացման առաջին քայլը կարելի է համարել։ Հարաբերություններում հետընթացի կամ թուլացման պահը չի հերքում նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որի հրավերով էլ պետք է ուկրաինացի իր պաշտոնակիցը ժամանի Հայաստան։ Այցի ժամկետները, սակայն, դեռ հստակեցված չեն, միայն հրավերն է ուղարկված, եւ սպասում են նրանց վերջնական պատասխանին։ Ի դեպ, նախորդ շաբաթ մեր տպագրած լուրը, որտեղ ակնարկ կար այն մասին, որ հայ-ուկրաինական հարաբերությունների ակտիվացումը պայմանավորված է ԵՄ նոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցով եւ գործոնով, դուր չէր եկել Արտակ Զաքարյանին։



- Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված հայ-ուկրաինական հարաբերությունների ակտիվացումը։



- Ոչ մի բանով էլ պայմանավորված չէ, մենք բոլոր երկրների պատվիրակությունների հետ էլ ունենք շատ լավ հարաբերություններ տարբեր մակարդակներում։ Բոլոր ուղղություններով, Հայաստանի արտաքին քաղաքականությանը համապատասխան, մենք բոլոր երկրների հետ աշխատում ենք պահպանել բարեկամական հարաբերությունները եւ դրանք վերածել գործնական հարաբերության։



- Բայց վերջին շրջանում կարծես թե սառեցված էին հայ-ուկրաինական հարաբերությունները, այդքան էլ ակտիվ չէին։



- Վերջին տարիներին, այո, պետք է ասեմ, որ հայ-ուկրաինական խորհրդարանական հարաբերություններում որոշակի թուլացում եղել է՝ կապված նրա հետ, որ Ուկրաինայում ընտրություններ էին, ներքաղաքական անկայուն իրավիճակ էր եւ այլն, բայց 2013 թվականի նոյեմբերից սկսած՝ բավականին թույլ են եղել մեր խորհրդարանական հարաբերություններն Ուկրաինայի հետ, Ուկրաինայի Ռադայի հետ։ Բայց այս տարվա ընթացքում արդեն առաջին այցելությունը երբ որ եղավ, եւ ես Ռադայում էի, մենք նաեւ քննարկեցինք, որ որոշ ուղղություններով մենք համագործակցենք։ Որովհետեւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցություն այսպես թե այնպես կա, մնում էր միայն երկկողմ խորհրդարանական ձեւաչափով զարգացնել։



- Իսկ ի՞նչ էր անում այս ընթացքում մեր դեսպանն Ուկրաինայում՝ Անդրանիկ Մանուկյանը։



- Մեր դեսպանն աշխատում էր եւ շատ լավ էր աշխատում եւ կատարում էր մայրաքաղաքի հանձնարարությունները։



- Բայց այդ՝ Ձեր ասած «լավ աշխատանքի» արդյունքում հարաբերությունները սառեցվել են, պասիվացել։



- Հարաբերությունները չեն սառեցվել, ես արդեն ասացի, թե հարաբերությունների թուլացման պատճառը որն էր։ Դա Ուկրաինայի ներսում տեղի ունեցող գործընթացներն էին, որոշ առումով՝ նաեւ ներքաղաքական անկայունությունը։ Այսօր կարծես թե այդ խնդիրները հաղթահարված են, եւ կա երկուստեք կամք՝ մի որոշ ժամանակով թուլացած հարաբերությունները վերականգնել։



- Եվ այդ վերականգնման առաջին քայլն անելու եք Դո՞ւք, Ձեր ղեկավարած հանձնաժողո՞վը։



- Այո, քայլն արդեն արել ենք, եւ ես արդեն պաշտոնապես հրավերն ուղարկել եմ իմ կոլեգային, եւ հիմա մենք, ճիշտ է, դեռեւս հստակեցված չեն ժամկետները, թե երբ կլինի, բայց հուսով ենք, որ առաջիկայում արդեն կհստակեցվի։



- Ի՞նչ է ակնկալվում այդ այցի շրջանակներում։



- Երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ ունենք, ունենք տարբեր հարթակներ, որտեղ մենք համատեղ աշխատում ենք՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, Եվրանեսթը եւ տարբեր ձեւաչափեր, որտեղ որ հայ եւ ուկրաինացի պատգամավորները համատեղ աշխատում են։ Բացի այդ, կան երկկողմ հարաբերություններ, որտեղ ամենատարբեր խնդիրները կարող են ունենալ՝ նկատի ունենալով, որ մենք ունենք շատ մեծ համայնք Ուկրաինայում եւ այլն։



- Այս ընթացքում, ինչ թուլացել էին հարաբերությունները, մենք որեւէ վնաս կրե՞լ ենք թե հարաբերությունների մասով, թե Ուկրաինայում հայ համայնքի։



- Որեւէ վնաս մենք չենք կրել, եւ ավելի ճիշտ կլինի ասել՝ պասիվացել են, ոչ թե թուլացել այդ հարաբերությունները, եւ դրանք, նորից եմ կրկնում, պայմանավորված են եղել Ուկրաինայի ներսում տեղի ունեցող իրադարձություններով։



- Հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ է որեւէ կերպ խոչընդոտ հանդիսանան հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը։



- Հայ-ռուսական հարաբերությունները երբեք մի կապեք Հայաստանի հարաբերություններին երրորդ երկրների հետ։ Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ հարաբերություններ են՝ պայմանավորված անվտանգության խնդիրներով։ Եվ Ուկրաինայում կամ մյուս երկրներում շատ ավելի լավ են հասկանում, քան մեր լրատվամիջոցները փորձում են դա ներկայացնել այլ լույսի ներքո։ Նման խնդիր գոյություն չունի։ Հայաստանն ունի իր ինքնուրույն քաղաքական օրակարգը, որում ՌԴ-ն ունի իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը, մյուս երկրները՝ իրենցը։



- Հայ-ուկրաինական հարաբերություններում նոր փուլի մեկնարկը հնարավո՞ր է եվրոպական ազդակներով պայմանավորված լինի։



- Ինչո՞ւ եք ամեն տեղ ազդակ ման գալիս, օրինակ՝ ինչո՞ւ չեք մտածում, որ հայ քաղաքական գործիչները, հաշվի առնելով, որ մենք բարեկամական հարաբերությունների քաղաքական օրակարգ ունենք բոլոր երկրների հետ, ուղղակի իրենց աշխատանքն են իրականացնում։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ անպայման ինչ-որ մի եվրոպացի պիտի գա մեզ ասի, թե ինչպես անենք։ Եվ խնդրեի, որ լրատվամիջոցները նկատի ունենան, որ որեւէ անգամ որեւէ տեղից, ոչ եվրոպական կողմից, ոչ ռուսական կողմից հատուկ ազդակներ չեն եղել, որ անհրաժեշտ է այս կամ այն ուղղությամբ հարաբերությունները զարգացնել։ Մենք ինքներս ենք որոշում եւ կյանքի կոչում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ