Նույնիսկ Փաշինյանի հարցազրույց տալու հարցը քննարկվում է վարչությունում

Նույնիսկ Փաշինյանի հարցազրույց տալու հարցը քննարկվում է վարչությունում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մամուլի ուշադրության կիզակետում է հայտնվել, պատճառը ոչ միայն Հրազդանի ընտրություններում ցուցաբերված ակտիվությունն է, այլեւ կասկածներ են հնչում ոչ թափանցիկ ֆինանսական հոսքերի, Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման եւ այլ հարցերի վերաբերյալ։ Այս առիթով որոշ պարզաբանումներ ստացանք կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից։



- Շատերը չեն հավատում, որ «ՔՊ»-ի հույսը միայն կուսակցության կազմակերպած դրամահավաքներն են, քննարկում են, որ ստվերային հովանավորչություն ունեք եւ այն էլ՝ իշխանության ինչ-ինչ ներկայացուցիչների կողմից։ Եվ այդ ֆինանսները կառավարվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչ միջոցներով է գոյատեւում կուսակցությունը։



- Ֆինանսավորման հարցը մեզ մոտ թափանցիկ է, որեւէ հարց, այդ թվում՝ ֆինանսականը, գաղտնի չէ։ Կուսակցության ֆինանսները ձեւավորվում են հանգանակություններով, կուսակցության անդամների վճարներից։ Այս պահի դրությամբ կուսակցությունն այդքան ծախսեր չունի։ Վերջին հանգանակությունը, օրինակ, կբավարարի Երեւանի Սայաթ-Նովա փողոցի գրասենյակի մոտավորապես 2 տարվա վարձավճարը տալու համար։ Մեկ գրասենյակ էլ ունենք Գյումրիում, որն ընդամենը մեկ ամիս է, ինչ բացել ենք։



- Քննարկման թեմաներից մեկն էլ համամասնական ցուցակի ձեւավորման հարցն է։ Ասում են՝ այդ թեմայով գզվռտոց է «ՔՊ»-ում։



- Ի սկզբանե որոշում է կայացվել ցուցակները կազմել ռեյտինգային տարբերակով։ Համաժողով է հրավիրվելու, ընտրություն է տեղի ունենալու, եւ կուսակիցներն իրենք են ընտրելու, թե ցուցակի որ համարում ով հայտնվի։ Ըստ ստացած ձայների էլ ձեւավորվելու է ցուցակը։ Նույն սկզբունքով ձեւավորվեց նաեւ «ՔՊ» վարչությունը, 13 հոգի ընտրվեցին, բայց որեւէ մեկը չգիտեր, թե ով է լինելու իր գործընկերը։ Նման հրապարակումները, իմ կարծիքով, կրում են պատվիրված բնույթ, եւ հիմնական պատվիրատուն Բաղրամյան 26-ի աշխատակիցներն են կամ այդ հասցեում նստած մարդկանց մոտ մարդիկ, որոնք փորձում են իրենց սպիտակեցնել ու մյուսներին մրոտել։



- Այսինքն, ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում է ինչ-որ մեկին ցուցակում գրել առաջին կամ հինգերորդ, տասներորդ տեղում, չի՞ կարող դա անել։



- Տեխնիկապես դա անհնար է, եթե կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մասին եք հարցնում, ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ տարբեր ցանկություններ ունենալ՝ լինի դա ցուցակի տեղ կամ այլ որոշում, չի կարող միանձնյա կայացնել։ Այս կուսակցության կառուցվածքի ամբողջ հմայքը կայանում է հենց դրանում։ Ուստի, ի սկզբանե բոլոր այն պնդումները, որ կարող է որոշում ընդունվել, որը չլինի վարչության առնվազն 7 անդամների կողմից հաստատված, անհնար է։ Այսինքն՝ ես չեմ կարող որեւիցե պայմանավորվածություն ձեռք բերել, քանզի այդ պայմանավորվածությունն իրականացնելու համար առնվազն յոթ հոգու համաձայնություն է հարկավոր։



- Ենթադրենք՝ որեւէ օլիգարխ, ասենք, նույն Սամվել Ալեքսանյանը, որոշում է ֆինանսավորել ձեր կուսակցությանը, Փաշինյանի հետ պայմանավորվում է, ասում՝ այսքան փող եմ տալիս, դու դրա դիմաց այսինչ ընտրատարածքում թույլ թեկնածու ես դնում, կամ, ենթադրենք, ինձ շատ չեք քննադատում. նման պայմանավորվածությունը կանխելու, վերահսկելու ի՞նչ լծակներ ունեք դուք։



- Ձեր ասածը հնարավոր չէ, որովհետեւ, նախ, յուրաքանչյուր թեկնածուին տեղի կառույցն է ընտրում, երկրորդը՝ յուրաքանչյուր որոշում՝ լինի դա որեւէ մեկին քննադատել կամ չքննադատել, օրենսդրական նախաձեռնությունով հանդես գալ-չգալ, նույնիսկ հարցազրույց տալ ու գնալ որեւէ միջոցառման, նախապես քննարկվում է վարչության նիստում։ Որեւէ մեկի որեւէ համաձայնություն ձեռք բերելու հնարավորությունը մաքսիմալ սահմանափակ է։



- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սասուն Միքայելյանի, Արա Հարությունյանի, Ռուբինյանի եւ այլոց իրավունքները հավասարազոր են, եւ ոչ մեկը մյուսի նկատմամբ չունի՞ որեւէ առավելություն։



- Այո, այդպես է, նույնիսկ վարչության նախագահի՝ Արայիկ Հարությունյանի լիազորությունները որեւէ ձեւով չեն տարբերվում վարչության անդամների լիազորություններից։ Մի տարբերություն կա, եթե վարչությունում քվեարկության ժամանակ ձայները կիսվում են, ինքն ունի լրացուցիչ հնարավորություն, որով կարող է լուծում տալ տվյալ հարցին։