Ես հույս ունեմ, որ ՀՀԿ-ականներն իրենց քվեն ինձ կտան

Ես հույս ունեմ, որ ՀՀԿ-ականներն իրենց քվեն ինձ կտան

Ապրիլին 17-ին Սպիտակի քաղաքապետի ընտրություններին պայքարելու են նախկին եւ ներկա քաղաքապետերը, ինչպես 8 տարի առաջ՝ երկուսն էլ ՀՀԿ-ական: Գործող քաղաքապետը երկու ժամկետ պաշտոնավարած Գագիկ Սահակյանն է, որը Երեւանից է Սպիտակ գործուղվել, նա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի բարեկամն է, հինը՝ Վանիկ Ասատրյանը՝ Լոռու ներկայիս փոխմարզպետներից մեկը: Սպիտակի ընտրություններն այս անգամ առանց «դաբրոյի» են անցնելու։ Երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են։ Սպիտակում հեղինակություն հանդիսացող պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, այս ընտրություններին չի խառնվելու ու նախապես իր աջակցությամբ չի որոշելու ապագա քաղաքապետին։ Արտաքուստ Սպիտակում նախընտրական անդորր է, ՀՀԿ-ականները չեն առճակատվում միմյանց դեմ, սակայն «Հրապարակը» մի խումբ սպիտակցիների անունից անստորագիր նամակ է ստացել Գագիկ Սահակյանի «ապօրինությունների» մասին, որից երեւում է, որ ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ։



Գագիկ Սահակյանը կտրականապես հրաժարվեց նամակում իրեն հասցեագրված որեւէ մեղադրանքի պատասխանել, անգամ լսել չցանկացավ, հետեւաբար, որոշ դրվագներ կշարադրենք առանց իր մեկնաբանությունների։ Օրինակ՝ քաղաքապետին մեղադրում են ֆինանսական չարաշահումների մեջ։ «Վարպետաց թաղամաս կառուցելու համար Գլենդեյլին տված հողատարածքի դիմաց քաղաքապետարան մուտք եղած 300 միլիոն դրամը խարդախ ճանապարհով թալանեց։ Այդ փողով իր համար թանկանոց «Ջիփ» եւ «Մերսեդես-600» գնեց»։ Գրում են նաեւ ապօրինի շինաշխատանքների թույլտվության մասին։ Երկու տարի առաջ մանկապարտեզի տնօրեն Գայանե Պապոյանին աշխատանքից ազատելու եւ իր բարեկամին տնօրեն նշանակելու, աղբի գումարը 50-ից 150 դրամ դարձնելու եւ իր ծանոթ ընկերությանն աղբահանություն իրականացնելու իրավունք տալու, անգամ հիշեցնում են սպիտակցի ծերունուն ծեծելու գործը, որի վերաբերյալ քաղաքապետի դեմ գործ էր հարուցվել. «Ես անստորագիր նամակների վերաբերյալ իմ վերաբերմունքն ունեմ ու չեմ ուզում ծանոթանալ, դուք այդ նամակը կարող եք հանձնել իրավապահ մարմիններին։ Ես որեւէ խնդիր չունեմ։ Ի՞նչ է նշանակում՝ մի խումբ սպիտակցիներ, դուք համոզվա՞ծ եք, որ դրանք սպիտակցիներ են... Ես կասկածներ չունեմ, բայց կարող է դրանք մի խումբ այլմոլորակայիններ են կամ մարսեցիներ»։ Իսկ գուցե մրցակցի՞ ճամբարից է։ «Ես չգիտեմ նամակի բովանդակությունը, հետեւաբար, որեւէ եզրակացություն չեմ անի»։



Նախօրեին մեկնարկել է ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, սակայն գործող քաղաքապետը եւ քաղաքապետի թեկնածուն քարոզչություն դեռ չի սկսել։ Սահակյանին հարցրինք՝ այդքան վստա՞հ եք Ձեր ուժերին, որ հարկ չեք համարում քարոզչություն անել։ «Ինչի՞ց ենթադրեցիք, որ դա վստահությունից է գալիս»,- հարցով պատասխանեց Սահակյանը։



- Այսինքն վստա՞հ չեք։



- Միգուցե տակտիկական քայլ է, մենք բավարար ժամանակ ունենք ու մի փոքր ուշ կարող ենք սկսել։



- Պարոն Սահակյան, իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն իր աջակցությունը չհայտնեց Ձեզ։



- Որովհետեւ երկուսս էլ ՀՀԿ-ական ենք։



- Իսկ գուցե Դուք ինչ-որ կերպ չե՞ք արդարացրել հարազատ կուսակցության ակնկալիքները։



- Ես հո իշխանությունների հույսերն արդարացնելու համար չե՞մ աշխատում, ես աշխատում եմ մեր ժողովրդի հույսերն արդարացնեմ։ ՀՀԿ-ական կուսակցությունից երկու անդամ է առաջադրվել, հետեւաբար, կուսակցությունը դիրքորոշում է հայտնել, որ որեւէ մեկի օգտին իր կողմնորոշումը չհայտնի։



- Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե ինչու է Ձեր կուսակիցը Ձեր դեմ առաջադրվել։



- Չէ, հայտնի չէ, իրենից հարցրեք։



- Դուք կուսակիցներ եք, չե՞ք պարզել։



- Իրեն հարցրեք։



- Փաստորեն, ՀՀԿ-ում արդեն իրար դեմ են պայքարում։



- Այստեղ կուսակիցների պայքար չէ, այլ համայնքապետի պաշտոնի համար է։



- Իսկ մարզի ՀՀԿ-ականներն ո՞ւմ են պաշտպանում, օրինակ՝ Արկադի Համբարձումյանը նախորդ ընտրություններին Ձեր աջակիցն էր, Հովհաննես Սահակյանը՝ Ձեր բարեկամը։



- Նրանք երկուսն էլ չեզոքություն են դրսեւորում։



- Բայց պետք է քվեարկեն։



- Ես հույս ունեմ, որ իրենց քվեն ինձ կտան։



- Իսկ ինչո՞ւ եք նորից ուզում քաղաքապետ դառնալ։



- Ինչո՞ւ նախկին անգամները, այ, հենց այդ պատճառով, ասելիք ունեմ, անելիք ունեմ։



- Չե՞ք հասցրել Ձեր ասելիքն ասել, անելիքն անել։



- Ինչի՞ չեմ հասցրել։ Արել եմ եւ նորն ունեմ անելու։



- Իսկ հնարավո՞ր է վերընտրվելու դեպքում փոխեք Սպիտակի Յանուկովիչի անվան հրապարակի անվանումը։



- Ես ինքս չեմ դրել այդ անվանումը եւ չեմ էլ կարող փոխել։ Եթե հանրությունը նման խնդիր կբարձրացնի, մենք անպայման ավագանու հետ կքննարկենք այդ հարցը եւ միասին համապատասխան որոշում կընդունենք։



- Ուկրաինական հայտնի դեպքերից հետո մի խումբ ակտիվիստներ նման պահանջով բողոքի ակցիաներ արեցին, առաջարկում էին վերանվանել Սերգեյ Նիգոյանի անունով, որը Մայդանի առաջին զոհն էր։



- Եթե հիմնավորեն իրենց առաջարկը, գուցե։ Բոլորս էլ, իհարկե, զոհվածի համար ցավում ենք, բայց դրա համար կան իշխանություններ, որոնք կարող են Երեւանի հրապարակներից մեկն անվանակոչել։