Կդառնա՞ «Նաիրիտը» «ժողովրդական ձեռնարկություն»

Կդառնա՞ «Նաիրիտը» «ժողովրդական ձեռնարկություն»

Էներգետիկայի ամեն մի նոր նախարարի հետ «Նաիրիտ» ՓԲԸ աշխատակիցների մոտ նոր հույսեր են արթնանում։ Նրանք, որպես կանոն, գնում են նոր նախարարի հետ հանդիպման, բայց խոստումներից այն կողմ գործը չի գնում։ Վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ մարտի վերջին, Լեւոն Յոլյանի հետ էր, եւ այն կարծես թե նոր փուլ ազդարարեց մեր քիմիական հսկայի ոդիսականում։ Երեկ, կառավարության նիստից հետո, հարցրինք նախարարին․ «Դուք բավարարվա՞ծ եք կոլեկտիվի հետ հանդիպումից։ Ասում են, որ Դուք ասել եք աշխատակիցներին՝ ինքներդ որոշեք, թե «Նաիրիտը» ոնց եք վերականգնում»։ 



«Ես հանդիպել եմ «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց հետ, նաեւ նախկին տնօրենի հետ եւ իրենց խնդրել եմ, ասել եմ՝ դուք երկար տարիներ է՝ զբաղվում եք այս խնդրով։ Դուք ինքներդ նաեւ մեզ օգնեք, նշեք այն կազմակերպությունները, որոնց կարող ենք դիմել։ Իրենց իրավունք ենք տվել անձամբ կապի մեջ լինել մեզ հետ պոտենցիալ ներդրողի հայթայթման գործում։ Բավարարված կլինեմ այն դեպքում, երբ որ խնդիրները կլուծվեն իմ ցանկության, իմ կանխատեսումներին համապատասխան, բայց՝ օպտիմիստական կանխատեսումների»,- ասաց նախարարը՝ չբացահայտելով, թե որոնք են այդ կանխատեսումները։



Գործարանի կոլեկտիվը, սակայն, չի կարծում, որ հանդիպումն ստացվել է։ Մարդիկ գտնում են, որ ներդրող գտնելը ոչ թե իրենց, այլ կառավարության գործն է, եւ իրենք չեն կարող զբաղվել դրանով։ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ կառավարության առաջարկն այնքան էլ վատը չէ։ Չէ որ ամենակարեւոր հարցը՝ «Նաիրիտը» պարտքերից ազատելու գործը, կառավարությունն արդեն լուծել է, խորհրդանշական գնով Ռուսաստանի «Մեժգոսբանկում» ներդրված «Նաիրիտի» բաժնետոմսերը հետ վերցնելով։ Այժմ գործարանն ունի ընդամենը 10 մլրդ դրամի պարտք՝ գազի, հոսանքի, ջրի եւ վարկերի գծով, ինչը «Նաիրիտի» նման հսկայի համար պարտք չէ։ Էներգետիկայի նախարարը նաեւ Արդյունաբերողների եւ գործարարների միությանն է դիմել պոտենցիալ ներդրողներ գտնելու խնդրանքով։



«Գտնում եմ, որ պետությունը գործարանի վերաբերյալ նոր ճանապարհ է ընտրել,- ասում է Վազգեն Սաֆարյանը,- եթե քաղաքականության մեջ այն կոչվոմ է ժողովրդական դիվանագիտություն, իսկ այս բնագավառում կարող ենք ասել՝ ժողովրդական ձեռնարկություն ստեղծելու գաղափար է»։ Վազգեն Սաֆարյանը մյուսների պես փորձում է, վերականգնելով հին կապերը, Ռուսաստանում ներդրողներ գտնել։ 



- Ռուսաստանը 40 հազար տոննա քլորոպրենային կաուչուկի կարիք ունի։ Պետք է գտնել այդ կազմակերպությունները, որոնք պատրաստ են բավարարել այս պահանջարկը, եւ առաջարկություններ անել նրանց։ Այսօր «Նաիրիտի» կոլեկտիվին այս հնարավորությունը տրված է։ Տրված է ազատություն՝ գտնելու ներդրողներ Չինաստանից, Իրանից, Ռուսաստանից։ Սա նոր իրավիճակ է, որից պետք է օգտվել։



- Այդ դեպքում կոլեկտիվն ինչո՞ւ է դժգոհ նախարարի հետ զրույցից։



- Աշխատում է պետության վրա հույս դնելու հոգեբանությունը։ Կառավարությունն այնպես արեց, որ գործարանը հիմա գտնվում է ՀՀ տնօրինության տակ։ Հիմա, որ ասում է՝ գտեք ինվեստորներ, պետք է նաեւ տեղի ներդրողների հնարավորություններն օգտագործել։ Մարդիկ կան այսօր, մեծ գումարներ ունեն, թող բաժնետիրական ընկերություն ստեղծեն, «Նաիրիտի» ակցիաները գնեն, փորձեն նոր տիպի ձեռնարկություն ձեւավորել։



Սյուզան
ՍԻՄՈՆՅԱՆ