«Ժառանգությունը» ռեստարտի է պատրաստվում

«Ժառանգությունը» ռեստարտի է պատրաստվում

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, ռեստարտի է պատրաստվում, դա է պատճառը, որ իր քայլերում առավել զգուշավոր է դարձել։ Կուսակցությունը հրաժարվում է քաղաքական օրակարգի ներկայիս գլխավոր հարցի շուրջ իշխանության հետ քննարկումներից ու նախընտրում է «Նոր Հայաստան» շարժման կազմում փողոցային պայքարը։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ԱՄՆ հիվանդ ծնողներին այցի էր գնացել, համաշխարհային հռչակ վայելող Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում, ըստ կուսակցության հաղորդագրության, երեք օր առաջ ելույթ է ունեցել Հայաստանի ապագայի ու «արդի քաղաքական լանդշաֆտի» մասին։ Թե կոնկրետ ինչ է ասել, հաղորդագրության տեքստում չեն մանրամասնում, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես չասաց. «Պարոն Հովհաննիսյանը կգա ու անձամբ կասի»։ 



Լուրեր կան, որ Րաֆֆիի մշտական բացակայության պատանդը դարձած «Ժառանգության» անդամներն իրականում չեն կարողացել առաջնորդի հետ կապ հաստատել, որպեսզի ճշտեն՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին։ Արմեն Մարտիրոսյանը հերքեց՝ վստահեցնելով, որ վարչությունն է նման որոշում ընդունել, վարչության նիստին տեսակապով մասնակցել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Քննարկմանը չմասնակցելու մի քանի պատճառ ունեն. «Նախ, որ չար ծառը բարի պտուղ չի կարող տալ, իշխանությունն էլ լավ Ընտրական օրենսգիրք չի կարող ներկայացնել»։ Մարտիրոսյանը հիշեցնում է նոր Սահմանադրության հանրաքվեի կեղծումը. «Իշխանություններն ի սկզբանե մտադրություն չեն ունեցել նորմալ Ընտրական օրենսգիրք ստեղծել: Իշխանություններն ունեին բոլոր առաջարկությունները նորմալ Ընտրական օրենսգիրք ստեղծելու, այնինչ հիմա փորձում են շատ սահուն վերարտադրության մեխանիզմ ստեղծել»։ Այդ ձեւաչափով քննարկմանը չմասնակցելու պատճառներից մեկն էլ, ըստ Մարտիրոսյանի, փողոցային պայքարի հնարավոր արդյունավետությունն է: Մինչդեռ «Ժառանգությունն» այսօր այն վիճակում չէ, որ կարողանա փողոցային պայքարով վախեցնել իշխանություններին։



2007-ին քաղաքականություն ոտք դրած «Ժառանգության» վերելքը գագաթնակետին հասավ 2013-ի նախագահական ընտրություններին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ մրցակցություն ցուցաբերեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, շատերի կարծիքով՝ իրական հաղթողն էր, իսկ փաստացի մոտ կես միլիոն ընտրողի քվե ստացավ։ Հենց այդ ժամանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը «ճակատագրական» սխալներ թույլ տվեց՝ ոչ ստանդարտ իրավիճակներում չկարողանալով ճիշտ կողմնորոշվել եւ գործել, որի պիկը «զորավարի»՝ Վովա Գասպարյանի հետ համատեղ աղոթքն էր: Ընդամենը հաշված ամիսների ընթացքում նա փոշիացրեց իր հսկայական քաղաքական, հանրային կապիտալն ու հայտնվեց քաղաքական մենության մեջ, նրա հանրահավաքներին մասնակցում էր մի քանի տասնյակ, լավագույն դեպքում՝ մի քանի հարյուր մարդ: Ճգնաժամն այնքան խորացավ, որ լուսանցքում չհայտնվելու վախից արեւմտյան գաղափարների ջատագով «Ժառանգությունը» հայտնվեց ռուսամետների խմբակում ու եռյակ-քառյակ ֆորմատով Ազատության հրապարակում նշանավորեց Հայաստանի ԵՏՄ-ամուտը։ Իսկ հիմա հասել է մի հանգրվանի, որ համանուն խմբակցությունից կամուֆլյաժն է մնացել, հինգ հոգուց Զարուհի Փոստանջյանն է միակ ժառանգականը։ Ի չիք դարձավ կուսակցության «շտապօգնության» հնգյակը՝ Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան եւ Արմեն Մարտիրոսյան կազմով, որոնք վայրկյանների ընթացքում հասնում էին թեժ կետեր, ժողովրդի կողքին էին՝ սիրված ու գնահատված։
«Ժառանգության» քաղաքական ճգնաժամի սաղմերը տեսանելի էին դեռեւս 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննիսյանը գնաց անհասկանալի քաղաքական պայմանավորվածությունների՝ հենց այս թիմի հաշվին։ Նախորդ գումարման խորհրդարանում ակտիվ գործող հրաշալի հնգյակը փոխարինվեց հիբրիդով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ու քաղհասարակության ներկայացուցիչներով, որն ընտրություններից շատ չանցած՝ փոշիացավ։



«Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, որը ոչ ֆորմալ դաշինքի մեջ էր «Ժառանգության» հետ, լքեց խմբակցությունը, նախագահական վերջին ընտրություններում անգամ չսատարեց իր երբեմնի դաշնակցին: «ԱԴ» կուսակցականի կարգավիճակում խորհրդարան անցած, բայց հետո վերածնված ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը միայն ձեւականորեն է մնում խմբակցությունում, որպեսզի չկորցնի պատգամավորական մանդատը, Ռուբեն Հակոբյանը լքեց «Ժառանգությունը», անկուսակցական Թեւան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանն էլ «յոլա» չեն գնում։ Զարուհին Պողոսյանին մեղադրում է Սերժ Սարգսյանի վարած կուրսը պաշտպանելու մեջ։ Նույն վիճակն է Երեւանի ավագանիում գործող «Բարեւ, Երեւան» խմբակցությունում, 6 անդամների կեսը, ըստ էության, կապ չունի կուսակցության այսօրվա գործունեության հետ․ Ստյոպա Սաֆարյանը լքել է կուսակցությունը, Արթուր Գասպարյանը՝ Մանուել Գասպարյանի որդին, ընդհանրապես կուսակցական չէ, ԺՈՒԿ ներկայացուցիչ է։ Ավագանու անդամներից է նաեւ ՕԵԿ նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, կուսակցականները երեքն են՝ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Անահիտ Բախշյանը, որը պետական ապարատում աշխատանքի անցնելուց հետո որպես կուսակցական փոքր-ինչ պասիվացել է։



«Ժառանգությունը» կանվանափոխվի՞



Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ, որ փոշիացվել է «Ժառանգությունը», կորցրել վարկանիշը. «Քաղաքական գործընթացներն ու ընտրություններն այլ բան են ցույց տալիս, թեպետ միշտ էլ մեր վարկանիշի կորստի մասին ասել ու խոսել են»։ «Ժառանգության» դիրքերը, ըստ Մարտիրոսյանի, թուլացել են այնքանով, որքանով երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է վատթարացել. «Այս պայմաններում, բնական է, որ մեր կուսակիցներից էլ պետք է արտագաղթեին»։ Իսկ կուսակցությունը լքած, բայց չարտագաղթածների մասով ասաց. «Կուսակցությունն իրենք չեն, կուսակցությունը կառույցներն են, որոնք նույն Ռուբիկ Հակոբյան, Ստեփան Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան են հրապարակ բերել, իսկ կառույցները գործում են, կան, ղեկավարները մնում են «Ժառանգության» ակտիվ անդամներ։ Դուք այսբերգի գագաթի մասին եք խոսում, այլ ոչ բուն այսբերգի մասին»։ Եվ վստահեցրեց, որ կուսակցությունը բնականոն գործում է, վարչության նիստեր են անում, որոշումներ կայացնում, վերջին որոշումն ԸՕ-ի քննարկումներին մասնակցելու վերաբերյալ է եղել։ Նա չի ընդունում, որ հատկապես նախագահական վերջին ընտրություններից հետո ոչ ճիշտ մարտավարություն են կիրառել։ «Իսկ ի՞նչ պետք է անեինք, մի հատ էլ մարտի մե՞կ սարքեինք, քաղաքական դաշտը սաբոտաժի ենթարկեինք Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի համար։ Այդ օրն իմ արյունը նորից թափվել է, հերիք էր»,- ասաց նա։ Եթե կուսակցությունը չի կորցրել վարկանիշը, ինչո՞ւ են կես միլիոն քվե ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքներն այդքան սակավամարդ։ «Հանրահավաքն ու ձայն տալը տարբեր բաներ են, նույն տրամաբանությամբ 2013-ի ապրիլի 9-ին պետք է ոչ թե 15 հազար մարդ հավաքված լիներ, այլ կես միլիոն»։ Մարտիրոսյանը հիշեց նաեւ 2007-ի հանրահավաքները, երբ մարդաշատ չէին, բայց իրենք խորհրդարան անցան։ Նա վստահեցնում է, որ «Ժառանգությունը» ռեստարտի կարիք չունի, շարունակելու է այնպես, ինչպես գործել է. «Ովքեր իրենց «Ժառանգությունից» դուրս են տեսնում, բարի ճանապարհ, իսկ մենք շարունակելու ենք»։ Ապագա պլանների եւ 2017-ի ընտրություններին մասնակցելու հարցը դեռ օդում կախված է. «Չենք քննարկել դեռ»։ Բայց, փաստորեն, չե՞ք բացառում։ «Իհարկե, չենք բացառում»։



Մամուլում տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ ՀԱԿ-ը, «Նոր Հայաստանը», ՀԺԿ-ն եւ քաղաքացիական սեկտորի վառ դեմքերը լայն դաշինք են կազմելու, խոսակցություններ կան, որ «Նոր Հայաստան» ճակատի անդամների մի մասը կմիանա «Ժառանգությանը», եւ կուսակցության անվանափոխության արդյունքում կստեղծվի նոր քաղաքական ուժ։ «Նման քննարկումներ չեն եղել, նորից եմ ասում՝ ով ինչ ուզում՝ գրում է»,- վրդովվեց Մարտիրոսյանը։ Այսինքն՝ բացառո՞ւմ եք։ «Ես կարա՞մ բացառեմ, որ տնից դուրս գամ, շենքից ինչ-որ քյարփինջ չի ընկնի վրաս»։ «Ժառանգությունը» հունիսին համագումար կանցկացնի, սակայն «օրակարգը դեռ հստակեցված չէ»։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ