Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակվում է

Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակվում է

Երեկ Ազգային ժողովում շատերն էին սպասում, որ խորհրդարան կբերվի Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիրը, որի մասին Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Սակայն համաձայնագիրը, ինչպես բացատրեցին իշխող հանրապետականները, ներկա պահին մշակման փուլում է, ու, իրավիճակով պայմանավորված, այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։ Թե ինչ նպատակ է համաձայնագիրը հետապնդելու, կողմերն ինչպիսի պարտավորություն են ստանձնելու, ինչ է տրամադրվելու Հայաստանի կողմից, դեռեւս չեն բացահայտում։



Քաղաքական շրջանակներում փոխօգնության համաձայնագրի կնքման ճակատագիրը, մինչդեռ, պայմանավորում են այլ գործոններով, եթե հաջողվի կողմերին հաշտության բերել ու, մասնավորապես, ԼՂ-ի համար շահավետ հրադադարի նոր պայմանագիր առաջարկվի, ապա չի բացառվում, որ հայկական կողմը հրաժարվի այդ համաձայնագրից, որը, ըստ վերլուծաբանների, փաստացի տանելու է Արցախի ճանաչմանը, քանի որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորություն է ստանձնելու։ Այսօր նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, որն այս համատեքստում կարող է որոշակիություն մտցնել։ Հիշեցնենք, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հանձնարարական էր տվել արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:



ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ ասաց, որ այս պահի դրությամբ խորհրդարանում նման փաստաթուղթ դեռեւս չի շրջանառվում, բայց ՀՀ եւ ԼՂ արտաքին գործերի նախարարությունները համատեղ աշխատանքներ են իրականացնում: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարականներ կտրվեն՝ ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար: Կորյուն Նահապետյանն ասաց, որ իրավական առումով, առանց Արցախը ճանաչելու, Հայաստանը կարող է վավերացնել այդ փաստաթուղթն ու ռազմական օգնություն հատկացնել ԼՂՀ-ին: «Մենք այս պահի դրությամբ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն օգնություն տրամադրում ենք համապատասխան իրավական ընթացակարգերի շրջանակներում: Որեւէ այդպիսի սահմանափակում չկա, որ առանց ճանաչման մենք չենք կարող ռազմական օգնություն ցուցաբերել ԼՂՀ-ին»։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, իրավիճակով պայմանավորված, նման համաձայնագիր չներկայացվի ԱԺ։ «Քիչ հավանական է դա, բայց եկեք չբացառենք, որովհետեւ տարատեսակ զարգացումներն արդեն իսկ մեզ եզրահանգումների հնարավորություն կտան»,- ասաց նա՝ ընդգծելով. «Նախագահի կողմից հանձնարարական եղել է, կա եւ անփոփոխ է այս պահի դրությամբ՝ մշակել, նախապատրաստել փաստաթուղթը»։



Մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ժամ առաջ ստորագրվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ ոչ ոք չպետք է փորձի տարանջատել ԼՂՀ-ի անվտանգության խնդիրը ՀՀ-ի անվտանգության խնդրից: «Այն վտանգը, որ սպառնում է ԼՂ-ում մեր հայրենակիցներին՝ զուտ անվտանգության առումով, նաեւ ՀՀ քաղաքացիների խնդիրն է: Սա ինչու եմ նշում, որովհետեւ այն բոլոր պետություններն ու ռազմավարական գործընկերները, այս դեպքում, ինչու ոչ՝ նաեւ Ռուսաստանը, նկատի ունեմ ՀԱՊԿ-ն, որպես անվտանգության համակարգ, պետք է նույն պարտավորությունն ունենան եւ պարտավորվածություն ունենան ԼՂ ազգաբնակչության անվտանգության խնդիրներով, ինչպիսին ունի ՀՀ-ն՝ որպես պետություն, բայց զուտ իրավական առումով կարծում եմ, որ մինչ այս պահը դա բացթողում է եղել»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը։ Նա կարծում է, որ այդ պայմանագրի կնքմանը խանգարող ոչ մի քայլ չպետք է արվի: Քոքոբելյանի խոսքով՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը պետք է ճանաչել միայն ծայրահեղ դեպքում: «Որովհետեւ գաղտնիք չէ, որ բոլորիս նպատակը, եւ այդպես է հռչակված նաեւ ԼՂ-ի անկախության հռչակագրում, որ ԼՂ-ի անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից, եւ մինչեւ այս պահը ՀՀ-ի կողմից ԼՂ-ի անկախության փաստը չի արձանագրվել, որովհետեւ շատ-շատ ատյաններում ուղղակի չէր նպաստի թե բանակցային գործընթացին, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացին»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԼՂՀ-ի անվտանգության նկատմամբ սպառնալիք կա, եւ բանակցային գործընթացը չի կարողանում այդ լուծմանը նպաստել, Հայաստանին այլ տարբերակ չի մնում, քան ճանաչելը ԼՂՀ-ի անկախությունը:



ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մինչդեռ, կարծում է, որ Հայաստանը հենց այսօր պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ Ադրբեջանը դուրս է եկել բանակցային գործընթացից։ Նույն առաջարկով հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պնդմամբ՝ իշխանությունը նաեւ պետք է լուրջ փաստարկներ ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ: Առայժմ իրենք այդ հիմնավորումները չեն տեսնում, ամեն դեպքում Զուրաբյանն ասում է. «Թող համաձայնագիրը բերեն՝ տեսնենք ինչպես են բացատրում, կխոսենք»։



 



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ