Ֆրանսիա-ԼՂ բարեկամության խումբ.Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Ադրբեջանի հարձակումներին և ճանաչի ԼՂՀ անկախությունը

Ֆրանսիա-ԼՂ բարեկամության խումբ.Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի Ադրբեջանի հարձակումներին և ճանաչի ԼՂՀ անկախությունը

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խումբը, ղարաբաղյան իշխանություններից տեղեկանալով դեպքի վայրում տիրող իրավիճակի մասին, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակման քրեական բնույթը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ այն համարելով անիմաստ քայլ:



«Ալիևի վարչակարգի կողմից պատվիրված այս ռազմական գործողությունները պատճառ դարձան մարդկային զգալի կորուստների՝ առանց էական փոփոխություն առաջացնելու առջևի գծում:



Հարձակման արդյունքում Բաքվի զինվորները սպանել են նաև խաղաղ բնակիչների »,- հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։ Նրա կարծիքով, «ուշագրավ են դպրոցի ճանապարհին հրետանային ռմբակոծության հետևանքով սպանված երեխաների և խոշտանգված, այնուհետեւ ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված մեծահասակների դեպքերը, նրանց՝ այնտեղ ներխուժելու միակ նպատակը խաղաղ բնակիչների շրջանում սպանություններ իրագործելն էր՝ խուճապային իրադրություն ստեղծելու համար»։



Ֆրանսիա-ԼՂՀ բարեկամության խումբն վկայակոչում է այն փաստը, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով ռմբակոծել է Մարտակերտի խաղաղ բնակիչներին՝ բացահայտորեն խախտելով Ժնևի համաձայնագրերը: Ճակատային գծի մերձակա բնակավայրերի բնակչությունը տարհանվել է ավելի անվտանգ վայրեր, սակայն շատ խաղաղ բնակիչներ վիրավորվել են, և այժմ գտնվում են հիվանդանոցում:



Բարեկամության խումբը կարծում է, որ բռնությունների սանձազերծման համար անձնական պատասխանատվություն է կրում Իլհամ Ալիևը, և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել Ադրբեջանի այլընտրանքային ժողովրդավարական ուժերին՝ վերջիններիս հետ բանակցելու Հարավային Կովկասում խաղաղության և Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման հարցերի շուրջ։



«Մենք կոչ ենք անում բանակցող կողմերին և ներկայումս Վիեննայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պարտադրել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր ռմբակոծումները ղարաբաղյան բնակչության վրա: Ինչպես նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը լիարժեք, ամբողջական և վերջնական կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ճանաչման բացակայությունը կարող է Ադրբեջանի կողմից օգտագործվել որպես ռազմական գործողությունների վերսկսման արդարացում», - եզրափակել է Բարեկամության խմբի նախագահը: