Ռուսաստանը երկակի խաղով դավ է նյութում Հայաստանի դեմ

Ռուսաստանը երկակի խաղով դավ է նյութում Հայաստանի դեմ

Ադրբեջանում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների երեկվա հայտարարություններից հետո Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանում էմոցիաների հարաբերական անդորրը նորից փոթորկվեց։



Հակառակորդին զենք վաճառելու համար ռազմավարական դաշնակցին հասցեագրված Սերժ Սարգսյանի կշտամբանքից ժամեր անց պաշտոնական Մոսկվան Ադրբեջանում կրկին խոստացավ շարունակել զենքի վաճառքը՝ ապտակ հասցնելով կրտսեր եղբորը։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ, խոսելով ԼՂ խնդրի մասին, պրոադրբեջանական մոտեցում դրսեւորեց՝ ասելով. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»:



Հիշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դեռեւս պատերազմական տարիներին՝ 1993-ին, ընդունել է չորս բանաձեւ։ 822 բանաձեւը (ընդունվել է ապրիլի 30-ին) պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում եւ տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից։ Կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունները։ 853 բանաձեւը (հուլիսի 29) հակամարտության երկու կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձեւի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին հայաբնակ շրջանների ռմբակոծման եւ քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար որպես պատասխան քայլ՝ հայկական ուժերի կողմից Աղդամ քաղաքի գրավումը։ Մինչեւ օգոստոսի 8-ը տեւած նիստում ընդունվել է «ՄԱԿ-ի ԱԽ 822 եւ 853 բանաձեւերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը»։ 874 բանաձեւը (հոկտեմբերի 14) կոչ է արել կողմերին արդյունավետ եւ մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, վերահաստատել է ԱԽ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին, ողջունել Մինսկի խմբի առաջարկած ԱԽ 822 եւ 853 բանաձեւերի իրականացման անհետաձգելի միջոցառումների հարմարեցված ժամանակացույցը եւ կոչ արել կողմերին անհապաղ իրականացնել այդ ժամանակացույցում մատնանշված միջոցառումները։ 884 բանաձեւը (նոյեմբերի 12) տագնապով նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ու ռազմական գործողությունների ծավալումը եւ, որպես հետեւանք ու պատասխան, հայկական ուժերի կողմից Զանգելանի շրջանի եւ Հորադիզ քաղաքի գրավումը։



«Մեդվեդեւը չի խոսել այդ չորս բանաձեւերի մասին, այլ խոսել է առհասարակ ՄԱԿ-ի սկզբունքների կամ միջազգային սկզբունքների մասին, սրանք լրիվ տարբեր բաներ են»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հավելելով. «Ընդհանրապես, եթե նույնիսկ խոսենք այդ բանաձեւերի մասին, ապա այդ բանաձեւերն Ադրբեջանի կողմից աղավաղված են, նրանք մշտապես կոնտեքստից հանում են հատկապես այն դրույթները, որոնք ձեռք են տալիս Բաքվին, մինչդեռ ես վստահ եմ, որ ՌԴ վարչապետը խոսել է ընդհանուր սկզբունքների մասին, որտեղ կա եւ տարածքային ամբողջականության, եւ մարդու իրավունքների, եւ խաղաղ կարգավորման վերաբերյալ եւ այլ հռչակումներ»։ Նկատեցինք, որ ՄԱԿ-ի կողմից վերջին տարիներին նաեւ ընդգծված հակահայկական բանաձեւեր են ընդունվել, ինչպիսին 2008-ին ԼՂ հարցով բանաձեւն է Գլխավոր ասամբլեայում։ Սակայն Բաբայանը հակադարձեց, որ խոսքն ընդհանուր սկզբունքների հիշատակման ու «հավատարիմ» մնալու մասին է, որոնցից են ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ազգերի ինքնորոշման, երկրների հավասարության եւ խաղաղության հաստատման եւ այլնի վերաբերյալ. «Պարզապես ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտի կողմերն այդ սկզբունքներն այլ կերպ են դիտարկում։ Օրինակ՝ տարածքային ամբողջականության հարցն Ադրբեջանը դիտարկում է որպես Խորհրդային Ադրբեջանի սահմաններ, մենք այն դիտարկում ենք որպես ներկայիս սահմաններ։ Սրանում է տարբերությունը, դրա համար պետք է լինեն բանակցություններ, որպեսզի ամեն ինչ կարգավորվի խաղաղ ճանապարհով»։



2008-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւով կառույցը, ի դեպ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղն էլ ներառյալ։ «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»,- նշվում է բանաձեւում։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախ նկատեց, որ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը խախտվում են Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանը չի հրաժարվում ագրեսիայից, դադարեցրե՞լ է, իհարկե՝ ոչ», ապա հիշեցրեց, որ հիմա խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է ընթանում եւ համանախագահողների առաջարկությունների սահմաններում, ուստի ՄԱԿ-ի մոտեցումները վկայակոչելը, քաղաքագետի խոսքով, ուղղակի փորձ է՝ խափանել Մինսկի խմբի գործունեությունը. «Քանի որ Մինսկի խմբի գործունեությունը հիմնված է նախեւառաջ կարգավորման սկզբունքների վրա, որն ընդունել է Երեւանը, չի ընդունել Բաքուն»։ «Պատերազմ հրահրող» Ռուսաստանը, Մեհրաբյանի խոսքով, չի ուզում, որ Բաքուն ընդունի այդ սկզբունքները, քանի որ ինքը դուրս կմղվի տարածաշրջանից. «Ռուսաստանը, այո, իր երկակի ու ստոր խաղով ուզում է դավադրություն անել Հայաստանի ու հայ ժողովրդի վրա՝ Ադրբեջանի հետ միասին։ Մի կողմից նա չի խախտում կոնսենսուսը Մինսկի խմբում, որպեսզի դուրս չշպրտվի այնտեղից, մյուս կողմից էլ Ադրբեջանին խրախուսում է խախտել բոլոր պայմանավորվածությունները եւ չընդունել Մինսկի խմբի առաջարկները»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ