Քանի դեռ կա սահմանին վտանգ, ՀԱԿ-ը փողոց դուրս չի գա

Քանի դեռ կա սահմանին վտանգ, ՀԱԿ-ը փողոց դուրս չի գա

«Մենք հայտարարել ենք՝ քանի դեռ Հայաստանի սահմանների հանդեպ կա վտանգ, էդ ընթացքում մենք փողոց դուրս գալու խնդիրը հետաձգում ենք»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով իշխանափոխության հավանական տարբերակներին։
Hraparak.am-ի հարցին, թե իշխանափոխության ծրագիրն ինչպե՞ս են իրականացնելու, Մանուկյանն ասաց․ «Մենք էս պահին խոսում ենք արդար ընտրություններ կազմակերպելու հնարավորության մասին և օգտագործում ենք բոլոր գործիքները՝ քաղաքական, քաղաքացիական, միջազգային, մարդկային բոլոր ռեսուրսները ներդրել ենք, որպեսզի ունենանք լավ օրենք։ Երբ ունենանք լավ օրենք, ՁԵր ասած խնդիրն ավելի հեշտ կիրականացվի»։



Դիտարկմանը, թե իշխանությունները չդիմեցին ընդդիմության ուզած զիջումներին՝ «լավ օրենք» ունենալու համար, Արամ Մանուկյանն ասաց․ «Իշխանությունը դեռ վերջնական իր բոլոր խաղաքարտերը չի բացել, ես կարծում եմ՝ ինքը դեռևս հնարավորություն ունի գնալու։ Մենք անում ենք մեր քայլերը, ես իշխանության քայլերի համար պատասխանատու չեմ։ Ես անում եմ բոլոր էն հնարավոր քայլերը, որոնց դեպքում իշխանությունը կդիմի փոխզիջումների, և կստացվի նորմալ օրենք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ