Ո՞ւմ թեթեւ ձեռքով հանվեց գեղղեկավարի հաստիքը թե Օպերայից, թե Սունդուկյանից. «տալիս եմ անունը՝ Հասմիկ Պողոսյանի»

Ո՞ւմ թեթեւ ձեռքով հանվեց գեղղեկավարի հաստիքը թե Օպերայից, թե Սունդուկյանից. «տալիս եմ անունը՝ Հասմիկ Պողոսյանի»

Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի օրակարգում երեկ գլխավոր հարցը ՀԹԳՄ նախագահի ընտրությունն էր։ Բայց մինչ դա Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ վերջին տարիների հաշվետվությամբ՝ նշելով, որ չնայած սահմանին դրությունը լարված է, բայց այլեւս չէին կարող հետաձգել համագումարը։ Նա մասնավորապես խոսեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից, նշելով, որ լինում են նաեւ դժգոհություններ, եւ նույնիսկ ինքը երբեմն համաձայն չի լինում արդյունքների հետ։ Բայց դա մի բան է, որ երբեք եւ ոչ մեկի չեն գոհացրել։ Ղազանչյանն առաջարկեց որոշակի փոփոխություններ մտցնել «Արտավազդի» մեջ, մասնավորապես՝ որպեսզի ժյուրիի անդամները մեկ ամսվա մեջ 46 ներկայացում չդիտեն ամբողջ Հայաստանով մեկ, ինչը շատ դժվար է, առաջարկեց «Արտավազդի» ներկայացումները դիտել ամբողջ տարվա ընթացքում եւ անցնել 2 փուլով, նախ փորձագետների կողմից ընտրել լավագույն 10 ներկայացումները, ինչի հիման վրա էլ հետո կանցկացվի «Արտավազդը»։ Ղազանչյանը նաեւ առաջարկեց, որ ընտրող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ այսուհետ բաց կատարի իր ընտրությունը եւ հիմնավորի այն, ինչը դրական արձագանք գտավ դահլիճում ներկա թատերական գործիչների կողմից։ 



Հակոբ Ղազանչյանը նաեւ նշեց, որ Գավառի թատրոնի համար նոր շենք է կառուցվում՝ հետաքրքիր ճարտարապետական լուծումներով, եւ շենքի բացումը պատրաստվում են անել միջազգային թատերական փառատոնով։ Ապա հաջորդիվ իր խոսքում գովեց Աբովյանի թատրոնը՝ նշելով, որ թատրոնում նույնիսկ հաստիքներ են ավելանում, եւ թատրոնը գտնվում է քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։
ՀԹԳՄ նախագահի կարծիքով, այսօր անտեսված են մարզերի թատրոնները, ինչը նաեւ երեւանյան թատրոնների մեղքն է։ Նա նկատեց, որ արդեն 2 տարի է՝ չկա «Դուետ» փառատոնը, որը շատ բարձր մակարդակով անցկացվում էր Գյումրիում, ապա դիմեց Գյումրու քաղաքապետին. «Պարոն Բալասանյան, խնդրում եմ այնպես արեք, որ այդ փառատոնը գոնե 2 տարին մեկ ապրի»։ Ղազանչյանն իր խոսքում նշեց, որ գնալով ամեն տարի էլ ավելի դժվար է լինում գործարարներին կապել թատրոնի հետ, բայց իրենք շարունակում են այդ ուղղությամբ ջանքեր ներդնել։



Ղազանչյանի կողմից եւս մեկ անգամ կարեւորվեց թատրոնի մասին օրենքի առկայությունը, ինչը թատրոնի կառավարման համակարգում շատ հարցեր կպարզեցնի։ Իսկ այն թատրոններում, որտեղ ամեն ինչ նորմալ է, ըստ նրա, զուտ մարդկային գործոնով է պայմանավորված, եւ ոչ մի երաշխիք չկա, որ մի քանի տարի հետո այնտեղ խնդիրներ չեն առաջանա։ Նա հիշեց, որ Սովետական Միությունում մի գրքույկ կար, որտեղ հստակ գրված էին թատրոնի բոլոր աշխատակիցների պարտականությունները։ Նա նշեց, որ այս տարի 4-5 հոբելյաններ կան, որոնց կազմակերպումը համարում է իրենց սուրբ գործը, դա Նիկոլայ Ծատուրյանի, Արմեն Խանդիկյանի, Հրաչյա Գասպարյանի, Վահե Շահվերդյանի 70-ամյակներն են եւ Ալեքսանդր Գրիգորյանի 80-ամյակը, ապա հավելեց, որ այդ մարդիկ եւս մեկ անգամ պատշաճ ձեւով պետք է ներկայացվեն մեր հանրությանը։ Ղազանչյանն ընդգծեց, որ երիտասարդներին ընդառաջելու, ֆետիշացնելու կողքին պետք է նաեւ մարդկանց կենսագրությունները հարգել։



Թատերական գործիչների միության նախագահն իր խոսքում անդրադարձ կատարեց նաեւ Համազգային եւ Մնջախաղի թատրոնների շենքերի հարցին, ապա զայրացած նկատեց, որ այդքան շենքեր ազատվեցին քաղաքում, մի շարք նախարարություններ տեղափոխեցին, միթե հնարավոր չէ մի փոքրիկ տարածք հատկացնել այդ թատրոններին, չէ որ դրանք պետության կողմից ստեղծված թատրոններ են։



Համագումարի ընթացքում առանձին ներկայացվեց նաեւ ՀԹԳՄ ֆինանսական հաշվետվությունը, որը ներառում էր 2014-15թթ․ եւ16թ. մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածը, մասնավորապես, մշակույթի նախարարության կողմից վերջին տարիների «Արտավազդ» մրցանակաբաշխության անցկացման համար հատկացվել է 13 մլն. 83 հազար դրամ, Հայաստանում Վրաստանի օրերի անցկացման համար՝ 4 մլն. 500 հազար, շեքսպիրյան փառատոնի համար՝ 5 մլն., Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսի անցկացման համար՝ նույնքան դրամ։



Ի տարբերություն նախորդ համագումարների, այս տարվա թատերական գործիչների համագումարը կարճ տեւեց, ելույթները քիչ էին, ըստ էության, ցանկացողներ էլ չկային, միակ խմորումը ծավալվեց այն բանից հետո, երբ օպերային թատրոնի գրական մասի նախկին վարիչ Մանվել Մանուկյանը բեմից խոսեց օպերային թատրոնում ստեղծված կացության մասին՝ նշելով, որ այժմ թատրոնը ոչ գլխավոր դիրիժոր ունի, ոչ էլ գեղարվեստական ղեկավար, իսկ վերջերս էլ մի կիսամեռ ներկայացում է վերականգնվել՝ «Նորման», որից միայն 200 տոմս է վաճառվել, եւ պարզ չէ, թե ինչ է արվելու օպերային թատրոնի խաղացանկի հետ։ Որից հետո հավելեց, թե չի կարելի ազգային օպերային թատրոնն այսպիսի բարձիթողի վիճակում պահել, նկատելով, որ լավ կլիներ՝ ՀԹԳՄ-ն այդ առիթով մի հայտարարությամբ հանդես գար։



Այստեղ դահլիճից արձագանքեցին, պահանջելով Մանուկյանից, որ հասցեական հայտարարություն անի, այն է՝ ասի, թե ում թեթեւ ձեռքով 8 տարի առաջ հանվեց գեղարվեստական ղեկավարի հաստիքը թե Օպերայից, թե Սունդուկյան թատրոնից։ Մինչ Մանվել Մանուկյանը հանկարծակիի եկած փորձում էր հարցին պատասխան գտնել, դերասան Վիգեն Ստեփանյանը չդիմացավ եւ տեղից արձագանքեց. «Տալիս եմ անունը՝ Հասմիկ Պողոսյանի», որից հետո բարձրացավ նաեւ բեմ ու մի քանի դիտարկում արեց այս հարցի հետ կապված, մասնավորապես նշելով, որ ամեն համագումարի մի շարք հարցեր են բարձրացվում, բայց դրանք չեն լուծվում, որովհետեւ այդ լծակները կարծես թե պակասում են միությանը, որպեսզի հարցը բարձրացնելուց հետո դրանք ստանան նաեւ անհրաժեշտ լուծում. «Մի այդպիսի ճանապարհով էլ ես անցա, կարծես թե պետք է լինեի օպերայի գլխավոր ռեժիսորը, բայց հետո պարզվեց, որ այդ հաստիքը չկա թատրոնում։ Մարդուց ուզում են ազատվեն՝ վերացնում են հաստիքը։ Եթե Կարեն Դուրգարյանից ուզում էին ազատվել, ի՞նչ կապ ունի հաստիքը, ո՞նց կարող է Օպերան լինել առանց գլխավոր ռեժիսորի»։ Ստեփանյանն անհրաժեշտ լծակների բացակայությունը կապեց թատրոնի օրենքի բացակայության հետ, որը թույլ կտար լուծել մի շարք հարցեր։



Ելույթներին հաջորդեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլը, որտեղ Ստեփան Դավթյանի կողմից առաջադրվեց միայն Հակոբ Ղազանչյանի թեկնածությունը, որն անցավ միաձայն, այլ թեկնածուներ չառաջադրվեցին: Ընտրությունից հետո արդեն Հակոբ Ղազանչյանն իր ելույթում նշեց, որ թեպետ նախորդ համագումարում ասել էր, թե այլեւս չի ուզում լինել միության նախագահ, սակայն, փաստորեն, պաշտոնավարելու է եւս 4 տարի, ինչի համար շնորհակալ է, բայց միաժամանակ կարծիք հայտնեց, որ առաջիկայում գուցե մեկ այլ հայտարարությամբ հանդես գա եւ ստիպված լինի զոհողության գնալ։ Թե կոնկրետ ինչ զոհողության մասին է խոսքը, չմանրամասնեց, միայն նշեց, որ միությունը շատ լուրջ ուշադրության կարիք ունի, եւ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ունենանք սկզբունքայնորեն նորացված միություն։ «Եթե չստացվի, ես կհեռանամ, եւ դուք կընտրեք նոր նախագահ»,-ասաց նորընտիր ՀԹԳՄ նախագահը:



Սոնա
ԱԴԱՄՅԱՆ