Գիրք թարգմանելը, գրելը, հրատարակելը ընդդեմ պատերազմի գործողություն է

Գիրք թարգմանելը, գրելը, հրատարակելը ընդդեմ պատերազմի գործողություն է

«Անտարես» հրատարակչությունը նախօրոք մեծ ու գլոբալ ցանկեր չի կազմում տարվա ընթացքում տպագրվելիք գրքերի համար, փոխարենը պարբերաբար հետեւում են, թե աշխարհում ինչ է կատարվում, ներքին շուկայում հայ ընթերցողն ավելի շատ ինչ գրքեր է նախընտրում, եւ ըստ դրա կողմնորոշվում են, թե տարվա ընթացքում ինչ տպագրել։ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն ունեն 2016-ի համար նախանշած գրքեր, որոնք շուտով լույս կտեսնեն. «Ինչպես միշտ, մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել ժամանակակից գրականությանը եւ ոչ միայն արդեն անուն հանած, այլ նաեւ երիտասարդ, մի քիչ անհայտ գրողների։ Այս տարի կտպագրենք Գուրգեն Խանջյանի նոր վեպը, արդեն հրատարակել ենք Հրաչյա Սարիբեկյանի նոր վեպը, պատրաստվում ենք տպագրել երիտասարդ արձակագիր Լեւոն Շահնուրի առաջին վեպը՝ մեր 21 մատենաշարով, ինչպես նաեւ կհրատարակենք երիտասարդ բանաստեղծներ Արմեն Սարգսյանի եւ Էդուարդ Հարենցի նոր ժողովածուները եւ Ավագ Եփրեմյանի բանաստեղծական նոր ժողովածուն»։ 



Ինչպես նշեց Նիկողոսյանը, «Անտարեսի» ծրագրերից ամենակարեւորներից մեկը արտասահմանյան գրականության հրատարակությունն է, առաջիկայում լույս կտեսնի Ժան Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպը՝ Հայկ Ֆելեքյանի թարգմանությամբ։ Այս տարի հրատարակչությունը Մարկեսի սիրահարների համար մեծ նվեր է պատրաստել, իսպաներենից միանգամից կթարգմանվի 2 կամ նույնիսկ 3 գործ՝ «Նահապետի աշունը»՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ, ինչպես նաեւ «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը՝ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ։ Վերջինիս թարգմանությամբ լույս կտեսնի նաեւ Միգել դե Ունամունոյի «Քրիստոնեության հոգեվարքը» էսսեների գիրքը, որն արդեն պատրաստ է տպագրության։



«Շարունակում ենք հարստացնել «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարը, լույս կտեսնի Հերման Հեսսեի «Ուլունքախաղ» վեպը՝ գերմաներենից Արա Առաքելյանի թարգմանությամբ, ինչպես նաեւ Սվետլանա Ալիքսեեւիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպը՝ Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ։ Շարունակում ենք հարստացնել նաեւ մեր «Օտարագիր» մատենաշարը, քանի որ Կոելյոյի հանդեպ մեր երկրում շատ մեծ հետաքրքրություն կա, լույս կտեսնի Պաուլո Կոելյոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը։ Շուտով՝ մեկ ամսից, լույս կտեսնի Միշել Ուելբեքի վերջին շրջանի ամենահայտնի վեպը, կոչվում է «Հնազանդություն»՝ ֆրանսերենից Ռուզան Միրզոյանի թարգմանությամբ։ Շարունակում ենք հրատարակել նաեւ Գուրգեն Մահարու 15 հատորյակը, արդեն 8 հատոր տպագրել ենք, մի 4 օրից լույս կտեսնի 9-րդ հատորը, իսկ մեկ ամսից՝ նաեւ 10-րդ հատորը»։



Ընթացքում նախանշված գրքերի ցանկից շեղումներ լինո՞ւմ են, եւ սովորաբար ի՞նչ դեպքերում են անում։ Ըստ Նիկողոսյանի, այն դեպքում, երբ, օրինակ, աշխարհում մի գիրք ցնցող հաջողություն է արձանագրում եւ բեսթսելլեր է դառնում։ Դրանից ելնելով՝ հրատարակչությունը թարգմանել ու արդեն հրատարակել է «Մոխրագույնի 50 երանգների» 1-ին մասը, եւ առաջիկայում պատրաստվում են հրատարակել գրքի նաեւ 2-րդ եւ 3-րդ մասերը։



Այս տարվա ընթացքում լույս կտեսնի նաեւ Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինին»՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ։ «Արգելված գրականությունից» հրատարակության է պատրաստվում Նաբոկովի «Լոլիտան»՝ դարձյալ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ։ Ինչպես նշում է հրատարակչության գլխավոր խմբագիրը, վերահրատարակվող գրքեր նույնպես լինում են, բայց դրանք քիչ են, հիմնականում վերջին տարիներին վերահրատարակվել է Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը», Ջորջ Օրվելի «1984-ը» եւ «Անասնաֆերման»։



Ընդհանուր առմամբ, այս տարի «Անտարեսը» կհրատարակի առնվազն 40-50 անուն նոր գրքեր։ Ինչ վերաբերում է նրան, որ մեկ ամիս է արդեն, ինչ պատերազմական իրադրության մեջ ենք, եւ կախված այդ հանգամանքից, թե հնարավո՞ր է որոշ փոփոխություններ լինեն գրքերի ընտրության, հրատարակության մեջ, եւ միգուցե նոր առաջնահերթություններ նախանշվեն, ապա, ըստ Արքմենիկ Նիկողոսյանի, եթե գլոբալ նայենք, աշխարհի բոլոր գրքերը գրվում են ընդդեմ պատերազմների. «Գիրք թարգմանելը, գրելը, հրատարակելն ընդդեմ պատերազմի գործողություն է, եւ պատահական չէր, որ Ֆեյսբուքում էլ մի նկար տեղադրվեց, որ սահմանին մեր հայ զինվորը գիրք է կարդում ու նաեւ այդ ձեւով է փորձում պատերազմի «հախից» գալ»։



Սոնա
ԱԴԱՄՅԱՆ