Այստեղից էլ բոլոր խելահեղ գաղափարները ԼՂՀ ճանաչման մասին. Անդրեյ Եպիֆանցե

Այստեղից էլ բոլոր խելահեղ գաղափարները ԼՂՀ ճանաչման մասին. Անդրեյ Եպիֆանցե

«Հայաստանը չի ընդունի օրենք ԼՂՀ ճանաչման մասին: Կլինի ընդամենը հզոր տեղեկատվական առիթ, գուցե նաեւ ահարկու հայտարարություններ, չի բացառվում որ նաեւ ձեւակերպվի, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն, եթե …..»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցեւը եւ հարցը շարունակում մեկնաբանել արդեն vesti.az-ի էջերում:



«Պատճառը շատ պարզ է: Այս օրինագիծը հարմար է եւ ճիշտ, որպեսզի հենց հիմա դրվի օրակարգում եւ շրջանառվի, սակայն նույնքան էլ վտանգավոր է եւ անհեթեթ, որպեսզի ընդունվի: Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ապրիլից սկսած վատացել են: Կարելի է ասել, որ պարադիգման փլուզվել է, որը ավելի քան քսան տարի հաջողությամբ աշխատում էր Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ:



Առայժմ անհասկանալի է, թե ինչով փոխել այն Ադրբեջանի հետ ռազմական դիսպարիտետի պայմաններում, սակայն ակնհայտ է, որ համաշխարհային հանրությունն էլ չունի ցանկություն այն ձգելու եւ օժանդակելու Երեւանին ԼՂ հարցում,  եւ սկսել է ճնշում բանեցնել փոխզիջումների հասնելու համար:



Ժողովուրդն ու վերնախավը անհանգստացած են, սակայն լրիվ այլ եւ տարբեր վարքագիծ են դրսեւորում: Վերնախավի մի մասը հասկանում է, որ երկրի դիրքերը էականորեն թուլացել են, սակայն չեն հասկանում, թե ինչ անել այդ դեպքում: Իսկ ժողովրդի հիմնական զանգվածը, որ չի տեսնում դա, շարունակում է ապրել այն պատրանքով, թե Հայաստանը կկարողանա ինքնուրույն լուծել այս խնդիրը, եւ ավելացնում է ճնշումն ու սպառնալիքները, ինչն էլ արդեն ավելի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում եւ բերում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի դժգոհությունը:



Այստեղից էլ հենց ԼՂՀ անկախության ճանաչման խելահեղ գաղափարներն են գալիս Հայաստանում, որպեսզի Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացում փոխարինվի ԼՂ-ով: Այս իրավիճակը ձեռնտու է, եւ դա հասկանում են կառավարող վերնախավում, քանի որ այս անորոշության մեջ սպառնալիքները հասցեագրվում են ոչ այնքան Բաքվին, որքան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, եւ նաեւ ցույց են տալիս, որ Հայաստանը որեւէ զիջման չի գնա ԼՂ հարցում: Սա հաղթաթուղթ է, որը լավ է, որ դեռ թեզանիքի մեջ է, սակայն վատ կլինի, եթե խաղարկվի:



Իրականում ես հավատացած եմ, որ ներիշխանական լարված քննարկումներ են ներկայումս ընթանում՝ նոր իրողությունների ընկալման եւ ընդունման շուրջ, ինչպես նաեւ բանակցությունների նոր փուլի են պատրաստվում, որը կմեկնարկի ոչ ուշ,  քան մի ամսից»,- նշում է Եպիֆանցեւը: