Դժվար է Թուրքիայում հայ լինել

Դժվար է Թուրքիայում հայ լինել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հնարավորություն է ստեղծել, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով մտահոգված մարդիկ դիմեն Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին (http://marchtojustice.org/issues/paylan ):



Բնականաբար, հնարավորությունն օգտագործելու են հայերը: ԱՄՆ-ի ոչ հայ քաղաքացիներին որեւէ կերպ չի հուզում, թե Գարո Փայլանին Թուրքիայի խորհրդարանում վաղը կարող են ծեծել, զրկել անձեռնմխելիությունից, մեղադրել քուրդ անջատողականներին «զինելու» մեջ եւ այլն:



Իսկ դա ԱՄՆ պետական դեպարտամենտին հուզու՞մ է: Մեծ հաշվով՝ ոչ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների կարեւորագույն դաշնակիցը: Եւ եթե մի քանի տասնյակ հազար հայեր դիմեն պետդեպին, որ Գարո Փայլանի իրավունքները Թուրքիան բռնաճնշում է, նրա կյանքը վտանգի տակ է, հետեւելու է ստանդարտ պատասխան:



Դրանից ի՞նչ է շահելու հայությունը, Գարո Փայլանը՝ մասնավորապես: Ըստ էության՝ ոչինչ: Շահելու է Թուրքիան, որովհետեւ եւս մեկ առիթ է ունենալու ասել, որ համաշխարհային հայությունը հակաթուրքականություն է սերմանում:



Մեջլիսում 1915-ին նահատակված հայ պատգամավորների ճակատագիրը պարզելու, նրանց հիշատակը հարգելու մասին Փայլանի ելույթից հետո հայկական մամուլն սկսել է նրան հերոսացնել: Փայլանին հակադրում են իշխող կուսակցությունից հայազգի պատգամավորին, որը բացահայտ թուրքամետ կեցվածք ունի:



Հանգամանքները կարող էին այնպես դասավորվել, որ Փայլանը պատգամավոր ընտրվեր Էրդողանի, Մարգար Եսայանը՝ ընդդիմադիր քրդամետ կուսակցությունից: Խնդիրը դա է: Փայլանի կուսակցությունը ներկայացնում է քրդերի շահերը, ընդդիմադիր է: Աշխարհի շատ, այդ թվում՝ եվրոպական, երկրներում են իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորները ձեռնամարտի բռնվում:



Թուրքիայի խնդիրն է՝ ինչպես ապահովել ընդդիմադիր պատգամավորի անվտանգությունը: Գարո Փայլանը Թուրքիայի քաղաքացի է: Մեր օգնությունը նրան կլինի այն, որ հերոսացնելով՝ թիրախ չդարձնենք: «Դժվար է Թուրքիայում հայ լինել», - թուրք գրողն է ասում:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ