Առաջնային գիծը պահելը կդառնա ամենամեծ քաղաքական գործոնը

Առաջնային գիծը պահելը կդառնա ամենամեծ քաղաքական գործոնը

Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանն Արցախից օրեր առաջ է վերադարձել, նա երկրապահների հետ ապրիլի 3-ից Արցախում էր, ասում է՝ իրենք երկրապահներով ցրված էին ամբողջ ճակատի երկայնքով եւ իրականացրել են դիրքային հերթապահություն, անձամբ ինքը եղել է Թալիշ-Մատաղիս ուղղության, իսկ հետո, առավելաբար՝ հարավային ուղղության վրա։ Դեւրիկյանը պատմում է, որ այս օրերին իրենց համար ժամանակը կարծես 22 տարի առաջ գնաց ու շարունակվեց 94թ.-ի մայիսի 8-ից, որից հետո հոգեբանորեն իրենց ավելի երիտասարդ զգացին եւ էլ ավելի ծեր, երբ ավարտվեց այդ «քառօրյա պատերազմ» ասվածը։



Մեր այն հարցին, թե առաջնագծում զինվորն ամենից շատ ինչի կարիք ունի, լինի դա հոգեբանական, նյութական, թե տեխնիկական առումով, ապա, ըստ նրա, այդքան էլ ճիշտ չէ ասել, թե զինվորն ինչի կարիք ունի. «Որովհետեւ զինվորը նախեւառաջ կյանքի ապահովության կարիք ունի, որը կենցաղային մակարդակում չի կապվում համազգեստի կամ «Կալաշնիկով» ավտոմատի հետ։ Ուստի այն մակարդակով, որ արվում է այդ հարցադրումը, մեր զինվորը որեւէ բանի կարիք չունի»։



Դեւրիկյանն ասում է, որ այս պատերազմը մի քանի բաներ վեր հանեց, նախ, ինչ վերաբերում է բանակի հետ կապված խնդիրներին, ապա դրանք լակմուսի թղթի պես մի բան ծառայեցին, եւ հիմա այդ խնդիրները, ինչպես որ տեղյակ է, շուտափույթ կարգավորվում են։ Դրանից բացի, մի քանի հասկացություններ հօդս ցնդեցին։ Ըստ նրա՝ ամենակարեւորն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ այս ժողովրդին կարելի է առնել, կամ Հայաստանում միայն անճարներն են մնացել, ապա ժողովուրդը ցույց տվեց, որ բոլոր կարեւոր խնդիրների դեպքում ինքը ոտքի է կանգնում եւ լուծում է այդ հարցերը։ «Հետո՝ մեր զինծառայողների իրապես ֆանտաստիկ այդ կամային հատկանիշները... խիզախությունն ու նվիրվածությունը, նրանց գլխի մեջ ուղղակի ֆիքսված էր, որ առաջնային գիծը չի կարելի թողնել։ Անկեղծ ասեմ՝ ես ինքս էլ մինչեւ պոստեր հասնելը ներքին վախ եմ ունեցել, որը մեր ժամկետային զինծառայողներն են ցրել։ Ուզում եմ ասել՝ այդ ինքնավստահությունը փոխանցվում էր»,-ասում է Դեւրիկյանն ու նկատում, որ 100-ից ավելի զոհերն ստիպում են սեւ ակնոցով նայել այս օրերին, բայց ամբողջ մարտական գործողությունները ցույց տվեցին, որ այս տարիների զինավարժությունների մեջ զինվորները որոշակի մարտական պատրաստվածություն անցել են։ Բայց պետք է զրահաբաճկոնների, օպտիկական դիտարկման սարքերի առավել արդյունավետությունը բարձրացնել։



«Հաջորդ կարեւոր բանը նա էր, որ ցրվեց այն անորոշությունը, հոգեբանական մտավախությունը, որ կար ադրբեջանական բանակի հետ կապված։ Այդքան խոսում էին իրենց զինտեխնիկայից, դրանց անհաղթահարելիությունից, բայց պարզվեց՝ բոլոր դեպքերում դրանք հաղթահարելի են, եւ հաղթահարվեց ու ոչ միայն մեր ոգու շնորհիվ, այլ նաեւ մտքի, որովհետեւ այնտեղ, որտեղ մենք զիջեցինք զինտեխնիկայով, կարողացանք համակշռել, անգամ առավելության հասնել ճիշտ հրետանային հաշվարկներով, կամ եթե համապատասխան հրետանային միջոցներ չունեինք, նույն այդ 80-ականների հրետանային միջոցներով հնարավոր եղավ անվրեպ խոցումներ իրականացնել, եւ այդ բոլորը՝ ի շնորհիվ հայի մտքի, կազմակերպվածության, որ բացարձակորեն դրսեւորվեց այս քառօրյա պատերազմում»,-նշեց Դեւրիկյանն ու անդրադառնալով 80-ականների զենքին, նկատեց, որ նույն այդ «Կալաշնիկովից» ավելի արդյունավետ զենք չկա, քանի որ ցանկացած պայմաններում էլ այդ զենքն անվրեպ կրակում է, նույնը նաեւ խորհրդային շրջանի հրետանու դեպքում, որը դարձյալ անվրեպ կրակում է. «Իհարկե, զենքն այն բանն է, որ պետք է կատարելագործվի, բայց, ամեն դեպքում, այս օրերի պատերազմը ցույց տվեց, որ սա արդյունավետորեն կարող է գործել եւ զսպիչ գործոն լինել Ադրբեջանի համար։ Այն, որ ասում են՝ դիրքերում զենքի պակաս կա, անհեթեթություն է, դիրքերում ո՞նց կարող է զենքի, ավտոմատի կամ փամփուշտի պակաս լինի։ Այդպիսի խնդիր չկա, կամ այդ պլաշ-պալատկաները... բոլոր զինվորներն ունեն, դու չես կարող գտնել մի զինվորի, որը հանդերձանքային պակասություն ունի, բարդություն կարող է առաջացած լիներ միայն գնացած կամավորականների շրջանում»։



Ըստ Վարդան Դեւրիկյանի, ամենակարեւոր խնդիրը պետք է այն լինի, որ արդյունավետ օգտագործվի կրակի դադարեցման ոչ թե ամեն օրը, այլ ամեն ժամը. «Ու դա օպտիմալ օգտագործելու փոխարեն ընկել ենք անպտուղ դիվանագիտական քննարկումների հետեւից՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, թե չճանաչել, դրանք բոլորը գրոշի արժեք չեն ունենա, եթե մենք առաջնային գիծը չպահենք, այդ դեպքում Ադրբեջանը, առանց քաղաքական բանակցությունների, մնացած բոլոր շրջաններն էլ իրեն կվերցնի։ Այսինքն՝ առաջնային գիծը պահելը դա ամենամեծ քաղաքական գործոնը կդառնա, որի հիման վրա մնացած քաղաքական բաները կլինեն։ Իմ կարծիքով, դիվանագիտական խնդիրներն ածանցյալ են ռազմական խնդիրների առաջ, որովհետեւ թե 94-ի կրակի դադարեցումը եւ թե այսօրվա իրավիճակը հայ զինվորը թելադրեց, եւ ոչ թե դիվանագիտական պայմանավորվածությունների ձեռքբերում էր։ Հետեւաբար, ինչքան անխոցելի գիծ ունենանք, մնացած հարցերը ժամանակի ընթացքում ինքնըստինքյան կլուծվեն։ Բայց եթե հիմա մեր ամեն ինչը կենտրոնացնենք այդ հարցերը քննարկելու վրա, Արցախի անկախության ճանաչման վրա, դա հանգեցնելու է բացասական եւ ողբերգական հետեւանքների»։



Թե ինչ նմանություններ ու տարբերություններ կառանձնացնի 90-ականների Ղարաբաղյան պատերազմի եւ այսօրվա ռազմական գործողությունների միջեւ, հատկապես որ երկուսի դեպքում էլ ինքը մասնակից է եղել, ապա, Դեւրիկյանի գնահատմամբ, նմանություններ էլ կան, տարբերություններ էլ. «Նմանություններից մեկն այն էր, որ, ամեն դեպքում, գերակշռում էր այն փաստը, որ նույն զենքով էին մարտական գործողություններն ընթանում, եւ պատերազմն իրապես արագացված ընթացք ունեցավ, եւ եթե հին ժամանակ կարող էին հակասական լուրեր լինել, եւ որեւէ կողմը կարող էր հայտարարել, որ այս կամ այն գյուղն է գրավել, եւ դա պարզելու համար օրեր անհրաժեշտ լիներ, ապա այսօրվա հեռահաղորդակցման միջոցները, սկսած հեռախոսներից, թույլ են տալիս քեզ ավելի մոտ զգալ ռազմաճակատին։ Հետո՝ 92-94-ին նույնիսկ կանոնավոր բանակը կռվել էր սովորում, իսկ այսօր, քանի որ մեր բանակը զորավարժությունների ժամանակ սովորել է դրանք, ապա մեր զինվորն այս օրերին տանկ կրակել չէր սովորում, տակտիկական որեւէ գործողություն չէր սովորում մարտական գործողությունների ընթացքում։ Այդ բոլորը ինքն անցել էր, եւ, կարելի է ասել, սրանք էին այն տարբերությունները, որ այսօրվա մարտական գործողություններն իրականացրին արդեն դրան բացարձակ տիրապետող զինվորները»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ