Պատերազմին պետք է հակադրել ապրելու կամքը

Պատերազմին պետք է հակադրել ապրելու կամքը

Հարցազրույց ԼՂՀ գրողների միության անդամ, լուսանկարիչ Սուրեն Սարումյանի հետ



- Սուրեն, ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը, ու թեեւ ապրիլի 5-ից հրադադարի բանավոր համաձայնություն ձեռք բերվեց, բայց, ինչպես տեսնում ենք, պատերազմը ղարաբաղաադրբեջանական շփման գծում դեռ չի ավարտվել։ Ինչպիսի՞ն է կյանքը Արցախում այս՝ ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն պայմաններում։



- Արցախում կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Պարզապես կա ներքին հավաքվածության, իրադարձությունների ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու զգացում: Մարդիկ հասկանում են, որ մեր պատերազմը գոյաբանական պատերազմ է, փիլիսոփայական առումով՝ պայքար բարու եւ չարի միջեւ: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր ոք գիտակցում է իր անելիքը եւ իր անհատական կարեւորությունն ընդհանուր պայքարում:



- Այս օրերին, ովքեր այցելում էին Արցախ, մի բան էին փաստում, որ խուճապն ու վախն Արցախից դուրս են, իսկ մարդիկ այդտեղ հանգիստ են, պինդ ու սթափ։ Դա ինչո՞վ է պայմանավորված՝ մարդիկ տարիներ ի վեր սովորե՞լ են հայացքը սահմանին ապրել, թե՞ կա ուրիշ մի բան, որ բառերով չես փոխանցի:



- Իր հաշվարկներում հակառակորդը սխալվել է. Թալիշ գյուղում անօգնական տարեց մարդկանց սպանությունը եւ նրանց մարմինների անարգումը, մարտերում նահատակված զինվորականներից մի քանիսի դիերի գլխատումը բնավ էլ հակառակորդի պատկերացրած մթնոլորտը՝ սարսափ ու խուճապ չեն ստեղծել, ընդհակառակը, ցույց են տվել, որ պատերազմի կերպն ու թուրքի ցեղասպան էությունը չեն փոխվել: Հակառակորդն ընկալվում է որպես բացարձակ չարիք ներկայացնող ուժ, որի դեմ պայքարել պատրաստ են բոլորը, առանց չափազանցության բոլորը՝ մեծից փոքր: Եվ բոլորն էլ համոզված են, որ այդ պայքարում հակառակորդն անխուսափելիորեն պարտվելու է: Իսկ հանգիստ, պինդ ու սթափ լինելը պատերազմ գիտակցաբար գնացող եւ իր հաղթանակին վստահ մարդու բնական վիճակն է:



- Այն, որ միայն վտանգի առաջ ենք ազգովին համախմբվում եւ մի կողմ դնում ներքին տարաձայնությունները, մի կողմից ուրախալի է, մյուս կողմից էլ՝ ցավալի, ինչո՞ւ է այդպես:



- Ներքին տարաձայնություններն ամենեւին էլ բացասական երեւույթ չեն, երբ խոսքը գնում է ժողովրդավարական հասարակության մասին: Չէ որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենալ իր տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ եւ իրավունք ունի նաեւ բարձրաձայնել այն: Սա առողջ հասարակության նշաններից մեկն է: Առողջ հասարակության նշան է նաեւ արտաքին վտանգի առջեւ համախմբվելը: Շատ հարցերում մարդիկ կարող են համակարծիք չլինել, սակայն երբ գործ ես ունենում բացարձակ չարիքը մարմնավորող հակառակորդի հետ, տարբեր տեսակետներ պարզապես չեն կարող լինել:



- Այս օրերին Դուք եղել եք նաեւ դիրքերում, շփվել զինվորների հետ, խոսել, լուսանկարել նրանց, սահմանին կանգնած զինվորն այսօր ամենաշատն ինչի՞ կարիք ունի։



- Ցանկացած զինվոր ամենից շատ ունի իր ժողովրդի սիրո եւ ճիշտ գնահատականի կարիքը: Կարծում եմ, որ հայ զինվորն այդ առումով գտնվում է նախանձելի դիրքում:



- Սուրեն, Ձեր լուսանկարներից յուրաքանչյուրն ամբողջական ու ավարտուն պատմվածքներ են, բազմաշերտ, խորը, կոնտրաստային, որտեղ համադրությունների ու հակադրությունների միջոցով բացում եք ժամանակն ու ներկայացնում մեր ժամանակի մարդուն։ Ե՞րբ եք գրիչը փոխարինում լուսանկարչական ապարատով, ի՞նչ է լուսանկարը Ձեզ համար։



- Փոխարինելու խնդիր խոշոր հաշվով չկա, թե ապարատը, թե գրիչը ձեւի տեսանկյունից զուգահեռ իրականություն ստեղծելու գործիքներ են: Չէ որ լուսանկարիչն առաջնորդվում է կոմպոզիցիայի օրենքներով, որոնք, ի դեպ, հասու են ցանկացած հետաքրքրվող մարդու: Գրողը եւս կառուցում է իր ստեղծագործությունը՝ կամա թե ակամա դուրս չգալով որոշակի շրջանակներից. լեզվի կառուցվածք, սյուժեի կառուցման սկզբունքներ, պատկեր, կերպար եւ այլն: Ներքին առումով թե լուսանկարչությունը, թե գրելն արարման ակտ են, որովհետեւ կոմպոզիցիոն լուսանկարը կամ գրական երկը շրջապատող իրականության թվացյալ քաոսում օրինաչափությունների փնտրտուքի արդյունք են, իսկ իրականության մեջ օրինաչափություններ որոնելն այն գիտակցելու, այն բացատրելու, տիեզերքն ավելի հասկանալի դարձնելու փորձ է:



- Լուսանկարիչները սովորաբար նախընտրում են չվերնագրել իրենց լուսանկարները եւ դրանով չսահմանափակել պատկերի ասելիքը։ Ձեր դեպքում հակառակն է, գրեթե բոլոր լուսանկարները վերնագրում եք ու շատ դիպուկ, ինչո՞ւ։



- Լուսանկարը վերնագրի կարիք չունի, եթե այն դիտարկենք պարզապես որպես պատկեր: Այդ դեպքում լուսանկարի ընկալումը պայմանավորված է տեսողության նյարդաբնախոսական օրինաչափություններով: Իմ վերնագրերը նպատակ ունեն ուղղակի օգնել հասկանալու, պատկերացնելու այն, ինչ ես տեսել եմ ապարատի կոճակը սեղմելիս: Իսկ վերնագիրը, իմ համոզմամբ, չի սահմանափակում պատկերի ասելիքը: Արվեստի ցանկացած երկ միշտ պարունակում է ավելին, քան ցանկացել է փոխանցել նրա հեղինակը: Անգամ վերնագրված լուսանկարների ընկալման մեջ յուրաքանչյուր մարդ շարունակում է մնալ բացարձակապես ազատ:



- Հեմինգուեյն ասում էր՝ պատերազմը կոտրում է անգամ ամենաուժեղներին։ Որպես գրող, ի՞նչ եք կարծում, մարդն այս դեպքում ինչպե՞ս եւ ի՞նչ կարող է հակադրել այդ ամենակուլ ուժին:



- Պատերազմին պետք է հակադրել ապրելու կամքը: Մենք պատերազմում ենք ապրելու համար, ապրելու համար պատերազմող մարդուն կոտրել հնարավոր չէ: Հեմինգուեյն ապրելու համար երբեւէ չի պատերազմել, նրա պատերազմն արդարության, երջանիկ հասարակություն կառուցելու իր պատկերացումների, ճնշված ժողովուրդներին օգնելու համար էր: Մեր պատերազմում հայ զինվորն ունի հզորագույն դաշնակիցներ՝ ընտանիք, մշակույթ, պատմություն: Այսինքն՝ հայ զինվորը պաշտպանում է իր լինելիության, իր ինքնության հիմքերը, նման պատերազմում չեն կոտրվում:



- Գրողները տարբեր կերպ ու տարբեր ժամանակներում են արձագանքում պատմական իրադարձություններին, նրանցից շատերը պետք է մի փոքր հեռանան տվյալ ժամանակից, մարսեն այն հուզական առումով, որ նոր հետո կարողանան գրել դրա մասին։ Դուք այս ընթացքում գրում եք նաեւ այս օրերի մասին։ Ինչքանո՞վ է դա հեշտ տրվում Ձեզ։



- Թող պարադոքս չթվա, գրականությունը մարդկային գործունեության ամենից լուրջ տեսակներից մեկն է, սակայն գրողը չափից դուրս լուրջ չպետք է վերաբերվի իր գրելուն: Գրել պետք է այն ժամանակ, երբ գրվում է: Իսկ դա հեշտի կամ դժվարի խնդիր չէ, եթե կա ասելիք՝ գրիչ, թուղթ, գրելու ժամանակ միշտ էլ կճարվի:



- Սովորաբար գրողներն իրենց ներքին տագնապներին ու վախերին ազատություն են տալիս թղթի վրա, Ձեր «Հերթապահի սպասումն ու միջուկային ռումբը» պատմվածքում, որն ապրիլյան պատերազմի այս օրերին եք գրել, զգացվում էր այդ ապոկալիպտիկ տագնապը։ Այդպե՞ս է։



- Այստեղ մենք առնչվում ենք ընթերցողին սպասող հիմնական փորձություններից մեկի հետ: Բանն այն է, որ գրականությունը ոչ այնքան իրականության վերարտադրում է, որքան իրականության ստեղծում, այսինքն՝ այդ ապոկալիպտիկ տագնապը, որի ակունքն իրական կյանքում, բնականաբար, պատերազմն էր, ավելի շատ բխում է Ձեր հիշատակած պատմվածքում կերտված իրականությունից, քան պատերազմական օրերի արցախյան իրականությունից: Ընթերցողի փորձությունն այդ երկու՝ իրական եւ գրողի ստեղծած միջավայրերը նույնացնելու, գրողին ու նրա հերոսին, հատկապես, երբ պատումը տարվում է առաջին դեմքով, նույնացնելու գայթակղությունն է: Իհարկե, պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ, սակայն այդ հնարավորության գիտակցությունը երբեք չի հասել ապոկալիպտիկ տագնապի զգացման:



Գլխավոր լուսանկարը՝ «Անդին» ամսագրի



Սլայդ շոուի լուսանկարները՝ Սուրեն Սարումյանի