Իմ «չգողացված» դրամապանակի պատմությունը

Իմ «չգողացված» դրամապանակի պատմությունը

Ավելի վաղ պատմել էի, թե «ինչպես վնասազերծեցի «ջեբկիրին»` մանրամասն նկարագրելով երթուղայինում ինձ հետ կատարվածը: Մի կին գողացել էր դրամապանակս, սակայն արագ կողմնորոշվելու եւ ոստիկանություն զանգելու սպառնալիքի շնորհիվ կարողացա վնասազերծել նրան, վերցնել գողոնը, իսկ կինը դիմեց փախուստի: Ինչպես եւ խոստացել էի, ներկայացնում եմ այս դեպքի հետագա զարգացումները: 



Ոստիկանությունում դեպքի առթիվ հաղորդում տվեցի, մի քանի օր անց ինձ հրավիրեցին բաժին՝ ցուցմունք գրելու, իսկ ջեբկիրից ոչ մի լուր դեռ չկար: Որոշ ժամանակ անց իմ հաղորդման հիման վրա սկսած քննությունը հասավ քննչական: Ինձ զանգահարեցին Նոր Նորքի քննչական բաժնից և հայտնեցին, որ առավոտյան լինեմ այնտեղ, սակայն հենց այդ օրը եղավ 63 համարի ավտոբուսի պայթյունը, լիքը գործ կար անելու, նյութեր, նյութեր, չկարողացա ներկայանալ: Հանցագործին օպերատիվ գտնելու փոխարեն իրավապահները որոշեցին ինձ գտնել, այցելեցին բնակությանս վայր, մի լավ «տեռոր» արեցին հարեւաններիս, ընկերներիս եւ խիստ զգուշացրին, որ ներկայանամ քննչական, այլապես բերման կենթարկեն:



Մայիսի 12-ին, առավոտյան ժամը 10։00-ին, գնացի բաժին մի քանի կասկածյալների հետ առերեսման համար։ Այս անգամ բոլոր գործերս թողեցի եւ շտապեցի, սակայն կասկածյալները չկային, նրանց նոր պիտի բերման ենթարկեին, իսկ ես ուշանում էի։ Քննիչը ինձ հայտնեց, որ եթե անգամ բացահայտվի «հերոսը», նրա դեմ ոչ մի պատիժ չի կիրառվելու, քանի որ նա գողացել է դրամապանակը և ետ վերադարձրել։ Փաստորեն, ինչքան էլ մեծ էր ցանկությունս ջեբկիրին դաս տալու ու կանխելու նրա հետագա գողությունները, սակայն տեղեկանալով, որ միեւնույն է` արդյունք չկա, իմ ջանքերը աննպատակ են, որոշեցի դիմումս ետ վերցնել, որպեսզի խնայեմ նյարդերս եւ ժամանակս: Ահա այդպես էլ ավարտվեց իմ չգողացված դրամապանակի պատմությունը:



Կցանկանամ, որ ոչ մեկի մոտից երբեք ոչինչ չգողանան, սակայն նման դեպքերից ոչ մեկ ապահովագրված չէ, ու լավ կլինի նման իրավիճակում հայտնվելիս ինձնից էլ հետեւողական եւ համառ լինել, քանի որ ձեր հետեւողականությունը վաղը, մյուս օրը կարող է պակասեցնել գողությունների թիվը մի քանիսով: