«Բոլորս խաղի մեջ ենք»՝ վերատպվել է Արմեն Շեկոյանի «Poker» պոեմը

«Բոլորս խաղի մեջ ենք»՝ վերատպվել է Արմեն Շեկոյանի «Poker» պոեմը

«Անտարես» հրատարակչությունն առանձին գրքով վերատպել է Արմեն Շեկոյանի «Poker» պոեմը, որն անկախության շրջանի հայ բանաստեղծության ամենաարժեքավոր ստեղծագործություններից է։ Էպոսային-խաղացկուն ոճով Շեկոյանը ներկայացնում է Poker խաղի հմայքները, ինչպես նաեւ վերարտադրում անկախության շրջանի hայաստանյան կյանքի բոլոր յուրահատկությունները: Շեկոյանի «Poker» պոեմն արդեն 4-րդ անգամ է վերահրատարակվում, ինչի համար հեղինակը միայն ուրախ է։ Գրքի շնորհանդեսի օրը թեեւ ֆիքսված է, բայց Շեկոյանն ասում է՝ հավանաբար այն կտեղափոխվի, մի փոքր վատառողջ է։



Շեկոյանը չգիտի՝ սիրվե՞լ է, թե՞ ոչ իր «Poker»-ը, ժամանակին պոեմը եւ քննադատել են, եւ գովել, բայց որ իր ամենասիրելի եւ լավագույն գործերից մեկն է, դա չի թաքցնում, կարեւորը, ըստ հեղինակի, որ որոշ մարդիկ ընկալեցին այնպես, ինչպես որ կուզեր, ինչ նպատակով որ գրվել էր։ «Այդ գործը չհասկացված գործ էր, շատերը մտածում էին, որ դա խաղամոլության մասին է, բայց դա մարդու մասին է, մարդու դժբախտության մասին, որը կուլ է գնում ժամանակին։ Ինձ թվում է՝ միակ լավ բանը, որ տեղի ունեցավ մեր կյանքում այս տարիներին, դա կազինոները քաղաքից հանելն էր։ Ես ցույց եմ տվել, որ խաղամոլությունը չարիք է, ինձ թվում է՝ այդ պոեմը կարդացողները դրանով էլ չեն զբաղվի»,- ասում է Շեկոյանն ու նշում, որ կդժվարանա ասել՝ «Poker»-ում պատկերված Երեւանն ու այսօրվա Երեւանն իրարից շա՞տ են տարբերվում, թե՞ ոչ։ «Poker-ն էլ է հարաբերական բան, մեր կյանքն էլ է խաղ, ես դա էլ եմ փորձել այդ պոեմում ցույց տալ, որ բոլորս խաղի մեջ ենք։ Բայց խաղամոլությունը չարիք է, եւ այդ խաղամոլության դեմ գրելով՝ կարելի է պայքարել դրա դեմ։ Օրինակ՝ հարբեցողության դեմ գրելով՝ դժվար է պայքարել, բայց խաղամոլությունը կարելի է կանխել։ Ի դեպ, ասում են՝ Ղարաբաղում խաղատներ չկան, դա շատ լավ է»։



Հարցին, թե չի՞ ուզում «Poker»-ից հետո դրան հավասարազոր կամ գերազանցող մի նոր պոեմ գրել, ապա. «Եթե ի վիճակի լինեմ՝ կգրեմ, ես բանաստեղծություն համարյա էլ չեմ գրում, դա ջահել տարիքի զբաղմունք էր, հետո արձակի անցա, դրանք մի քիչ հակասում են իրար, դա էր պատճառը։ Ինձ թվում է՝ նույն բանն եմ գրում, ինչ որ պոեզիայում, ես արձակում էլ եմ անդրադարձել այդ խաղերին, խաղամոլությանը, եւ հետաքրքիր է, որ «Վիվարոն» «Անտարեսի» հետ համաձայնության եկան ու տպագրեցին պոեմը»։



Արմեն Շեկոյանն ասում է, որ այսօր «Poker»-ը նույն ձեւով, նույն տաղաչափությամբ դժվար թե գրեր. «Այդ տաղաչափությունն արդեն ինձնից դուրս է եկել, ու երեւի այդքան չկարողանայի էլ գրել, եթե կարողանայի, կգրեի։ Ամեն տարիք իր առավելություններն է բերում թե դրական, թե բացասական իմաստով։ Մարդն ինքն է պահանջ զգում բանաստեղծություն գրելու։ Երբ այդ պահանջը չես զգում, ու նաեւ ուրիշներն էլ չեն զգում, դա դառնում է ինչ-որ ավելորդ զբաղմունք»։



Հիմա Արմեն Շեկոյանն աշխատում է «Հայկական ժամանակ», իր իսկ բնութագրմամբ՝ անվերջանալի վեպի վրա, զուգահեռաբար նաեւ պատմվածքներ գրում. «Ինչքան կարողանում եմ, գրում եմ, հետո՝ առաջ ժամանակն էր պահանջում, թերթերի ընթերցողը, բոլորը հետաքրքրվում էին, կարդում էին, արձագանքներ կային, հիմա պակասել է՝ Ֆեյսբուքի դար է, ամեն ինչ տպագրվում է։ Անկախության առաջին տարիներին գրեցինք այն, ինչ սովորաբար չէինք գրում, դա էլ անցավ, հիմա գրականությունը մի քիչ երկրորդ պլանի վրա է մղված։ Ավելի կարեւոր հարցեր կան երկրի համար, մարդիկ պայքարում են, սովորում են, էս նորերը մեզնից լավն են։ Ես 40 տարեկան էի եւ կարող էի գնալ՝ առաջին արցախյան պատերազմին մասնակցել, բայց չգնացի, իմ տարիքի մարդիկ, ավելի ջահելներ գնացին, շատերը զոհվեցին։ Հիմա ավելի շատ են գնում, ու կարեւոր մարդիկ են նրանք այս երկրի համար, եւ նրանցից է կախված՝ վաղը գրականություն կլինի՞, թե՞ չի լինի, եւ, ընդհանրապես, երկիրը կլինի՞, թե՞ չի լինի»։ Ըստ Շեկոյանի, շնորհիվ գրողների, այսօր կա հետաքրքրություն գրականության նկատմամբ, բայց, միեւնույն է, Ֆեյսբուքը հաղթում է ամեն ինչին, այդ թվում՝ գրականությանը. «Որովհետեւ Ֆեյսբուքով արդեն կարելի է ամեն ինչ հրապարակել, եւ հրապարակում են մարդիկ, ու մեր գրածներն էլ հիմնականում ինտերնետով են հասցվում ընթերցողին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ