Զգուշացիր, վարորդ

Զգուշացիր, վարորդ

Հայաստանում ամեն տարի տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվում ճանապարհի մեջտեղում կամ ճամփեզրին արածող անասունների պատճառով: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ճանապարհների մեծ մասը դեռևս լիարժեք ապահովված չեն համապատասխան ճանապարհային նշաններով, որն էլ իրականում արդեն իսկ մեծ վտանգ է պարունակում վարորդների համար: Խնդիրն առավել քան սրվում է առավոտյան և երեկոյան ժամերին, երբ նախիրը դուրս են հանում արածեցնելու կամ հարյուրավոր անասուների տուն են իջեցնում: Նշված ժամերին միջպետական ճանապարհների վրա առաջանում են հսկայական խցանումներ, որոնց մեջ են հայտնվում նաև շտապօգնության ու հրշեջ մեքենաները: Անգամ կասկածներ կան որ որոշ դեպքերում դիտավորյալ են անասնատերերն այդպես անում, քանի որ չկարողանալով վաճառել իրենց անասունը՝ ստիպված այնպես են անում, որ կենդանին մեքենայի տակ ընկնի ու փոխհատուցումը պահանջեն վարորդներից:



Մեքենան, որն այդ պահին իրավունք ունի երթևեկել մինչև 90 կմ ժամ արագությամբ, բախվում է կենդանիներին, որի հետևանքով էլ լավագույն դեպքում, եթե կարելի է այդպես ասել, մետաղի ջարդոնի է վերածվում, իսկ կենդանիները սատկում են: Լինում է նաև ամենավատը՝ վարորդն ու մեքենայում գտնվող ուղևորները մարմնական վնասվածքներով հայտնվում են հիվանդանոցում: Նշված դեպքերում ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում ոչ միայն գյուղացու կրած վնասը (բախման հետևանքով սատկած անասունի գումարը), այլ նաև ջարդոն դարձած մեքենայի ու տուժած վարորդների բժշկական ծախսերը: Իսկ հովիվները, որոնց պատճառով իրականում տեղի է ունեցել վթարը, կատարվածում մեղադրում են միայն ու միայն վարորդներին, մինչդեռ վարորդների մեղքը շատ դեպքերում հասցված է զրոյի:



Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, մարզպետարաններն ու ճանապարհային ոստիկանությունը լուրջ աշխատանք ունեն տանելու այդ ուղղությամբ: Նախ պետք են բոլոր այն ճանապարհները, որտեղով անասուններ են անցնում, զինվեն համապատասխան ճանապարհային նշաններով, բացատրական լուրջ աշխատանքներ տարվեն գյուղապետերի ու գյուղացիների հետ, հետո նաև կիրառվեն տուգանքների լուրջ սանկցիաներ, ապահովելով առաջին հերթին վարորդների անվտանգությունը, որն էլ իր հերթին թույլ կտա մինիմալի հասցնել  դժբախտ պատահարների թիվը:



Ալեն Գրիգորյան