Վերջապես Հրազդան քաղաքում էլ ծառերը կրապատեցին

Վերջապես Հրազդան քաղաքում էլ ծառերը կրապատեցին

Մայրաքաղաքում տարվա մեջ երկու անգամ նախատեսված պարտադիր գործընթաց է՝ ծառերի բների կրապատում, կանաչապատում եւ բարեկարգում: Տարիներ շարունակ տարվա մեջ թեկուզ մեկ անգամ այդ աշխատանքները Հրազդան քաղաքում չի իրականացվում: Չնայած անցած տարի ինչ-որ հատվածի ծառերը կրապատվեց, սակայն ոչ ամբողջությամբ: Վերջերս Հրազդանի քաղաքապետարան գրավոր հարցում ուղարկեցինք, առ այն, թե հանրապետության բոլոր քաղաքներում կատարվել է ծառատունկ, ծառերը կրապատվել են, իսկ Հրազդանում, ինչպես միշտ, այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվում: Նշենք, որ անցած տարի ծառերը կրապատվել էին Հրազդանի մուտքից մինչեւ Աղբյուրակ թաղամաս, այն էլ` թերի: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսել այս ուղղությամբ եւ որքա՞ն գումար եք բյուջեից հատկացրել վերոնշյալ աշխատանքների համար: Հրազդան քաղաքը որքա՞ն բնապահպանական գումար է ստացել 2015թ. ի՞նչ ուղղությամբ է այն ծախսվել:



Հրազդանի քաղաքապետարանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ինչպես հանրապետության բոլոր քաղաքներում այնպես էլ Հրազդան քաղաքում, ամեն տարի կատարվում է ծառատնկման, կրապատման աշխատանքներ: 2015 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով բյուջեյով նախատեսված էր 1249500 ՀՀ դրամ սուբվենցիայի գումար, որը ծախսվել է աղբահանության բարելավման նպատակով՝ ձեռք են բերվել աղբահանության արկղեր 50 հատ»:



Այս օրերին իսկապես բուռն թափով Հրազդան քաղաքի Անդրանիկ պողոտայի ամբողջ երկայնքով իրականացվում են ծառերի կրապատման աշխատանքներ, իսկ որոշ հատվածներում կատարվում են խոտհնձման աշխատանքմեր, մնում է, որ գազոնների խոտն էլ հնձվի եւ քաղաքը գեղեցիկ տեսք կունենա:



Նելլի Կարապետյան