Դատավորի մասին ֆիլմ են նկարում

Դատավորի մասին ֆիլմ են նկարում

Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը շուտով թոշակի է գնալու: Օգոստոսի 25-ին լրանում է նրա 65-ամյակը, այս առթիվ անգամ դատավորի մասին ֆիլմ են նկարում՝ բաղկացած երեք մասից: Մի մասը կներկայացնի նրա աշխատանքային գործունեությունը, մյուսը մասը՝ ընտանիքը, իսկ երրորդ դրվագով էլ ներկայացնելու են Դավիթ Ավետիսյանին աշխատանքից դուրս, նրա հոբբիները, մարդկային կերպարը: Դավիթ Ավետիսյանը եղել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար, 1982-ից դատավոր է, նրա որդին էլ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում է դասավանդում, Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է (մենք գրել էինք, որ դատավոր հայրը ջանքեր էր գործադրում նրան վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր տանելու համար՝ Վարուժան Աբելյանի փոխարեն, ինչը չստացվեց՝ այդ պաշտոնին նշանակվեց Նախշուն Տավարացյանը): Դատավորը նաեւ ստեղծագործում է, անգամ բանաստեղծությունների ժողովածուներ ունի հրապարակած:



Սիրում է նաեւ այգեգործությամբ զբաղվել, այս բոլորն արտացոլվելու է նրա մասին պատմող ֆիլմում: Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, Դավիթ Ավետիսյանն ամենեւին էլ չի ցանկանում թոշակի գնալ, վճռաբեկ դատարանից հեռանալուց հետո նա ցանկանում է աշխատանքի անցնել Սահմանադրական դատարանում, որտեղ անդամները կարող են պաշտոնավարել մինչեւ 70 տարեկան դառնալը: Կա մեկ այլ տարբերակ եւս, քանի որ Ռուբեն Մելիքյանի ԼՂՀ ՄԻՊ նշանակվելուց հետո Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, հնարավոր է՝ Ավետիսյանն աշխատանքից վաղաժամ ազատման դիմում գրի, մասնակցի մրցույթին եւ դառնա ռեկտոր` գտնվելով թոշակային տարիքում: Հավելենք, որ Դավիթ Ավետիսյանի փոխարեն վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ կարող է նշանակվել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին: Փորձեցինք Դավիթ Զախարիչից ճշտել իր ապագա աշխատանքի մասին տեղեկությունները: «Ես ոչինչ դրա մասին չեմ կարող ասել, թերթից կարդացի այդ մասին»,- անդրադառնալով Արդարադատության ակադեմիայի ռեկտոր դառնալու մասին լուրերին` ասաց դատավորն ու անջատեց հեռախոսը: Դրանից հետո օրեր շարունակ այլեւս չպատասխանեց մեր զանգերին, որ համոզեինք, թե այս անգամ «բարի» հարցեր ենք տալու, օրինակ, ֆիլմից: