Ուղղակի ժողովուրդը չի հավատում. բողոքի ակցիա Գողթում

Ուղղակի ժողովուրդը չի հավատում. բողոքի ակցիա Գողթում

Գառնի համայնքի պայքարն ու հաջողությունը ոգևորել է նաև Գողթ համայնքի բնակիչներին, ովքեր այսօր բողոքի ակցիա են կազմակերպել և փակել Գողթից դեպի Գեղարդ տանող ճանապարհը։ Hraparak.am-ի հետ զրույցում Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը պատմեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, քանի որ չի հավատում տրված խոստումներին:



«Մենք գյուղացիների դրված պահանջը այս պահին կատարման մեջ է: Ուղղակի ժողովուրդը չի ուզում հավատալ, մի խումբ ժողովուրդ կա, որ չի ուզում հավատալ: Գեղարդալիճն առանձին թեմա է, որովհետև Գեղարդալճի բարձրացումը, կառուցումը նաև օգուտ է մեզ, դրա մասին է խոսքը: Բայց մի խումբ մարդիկ չեն հավատում».- նշեց Արտավազդ Հակոբյանը: Նրա խոսքերով՝ համագյուղացիների հետ քննարկումներ են եղել, նույնիսկ համաձայնության են եկել: Իսկ այսօր դեռ մարզպետարանից իրենց մոտ մարդ չի եկել. «Սպասում ենք, որ միգուցե հանդարտվեն, որովհետև պայմանավորվածություն ունենք, որ երկուշաբթի օրը պետք է գան, նորից քննարկում անենք»:



Ինչն է բարկացրել Գողթի բնակիչներին. Պարզվում է, որ տրված խոստումը, թե Գեղարդալճում շինաշխատանքներ չեն լինի, մինչև վերջնական որոշում լինի, չի կատարվել: Գյուղացիները դեռ շարունակում են իրենց բողոքի ակցիան:



Հիշեցնենք, որ դեռ վերջերս էլ Երևան-Գառնի ավտոճանապարհը փակել էին գառնեցիները, պահանջում էին դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է խողովակներով տեղափոխվեր Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Այսօր առանձնահատուկ օր էր, սպասվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը, այն մարդու այցը, որ համարվում է ծրագրի գլխավոր հերոսներից մեկը, այն է՝ թե ջուրը տարվում է Արարատ նրա անձնական հողատարածքների համար:



Գեղարդալճի  ջրամբարի ջուրը նույնպես պետք է տեղափոխի Արարատի մարզի գյուղերի հողերը ոռոգելու համար։