Հայաստանում մեկնարկեցին միասնական քննությունները. (ֆոտոշարք)

Հայաստանում մեկնարկեցին միասնական քննությունները. (ֆոտոշարք)

Օրեր առաջ հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Բուհեր ընդունվողների համար, սակայն, առջևում ընդունելության քննություններն են։ Այսօր դիմորդների համար մեկնարկեցին ճակատագրական միասնական քննությունները։ Շրջանավարտները միասնական քննություն էին հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից։ Քննական կենտրոններում այսօր վաղ առավոտից մարդկանց մեծ հոսք էր նկատվում։ 



Երևանի թիվ 170 ավագ դպրոցում այսօր «Կենսաբանություն» առարկայից 237 դիմորդ էին քննություն հանձնում, քննությունը սկսվել է 9։30-ին և տևել 3 ժամ։ Մեր այցելության ժամին ամեն ինչ անցնում է հանգիստ, առանց միջադեպերի և լարվածության։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Քննական կենտրոնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանը։ Նրա խոսքերով՝ երեխաները դիմում են որևէ մեկ հարցով օգնելու, բայց բովանդակային հարցերին իրենք չեն պատասխանում, միայն կարող են շրջանավարտին օգնել, եթե հարցը տեխնիկական է, քննությունը հսկողներից ոչ ոք կենսաբանության մասնագետ չէ. «Այս տարիների ընթացքում ԳԹԿ-ին հաջողվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ բողոքների թիվը խիստ նվազել է, կարծում եմ, որ միջադեպեր, սկանդալներ չեն լինի»։
Հեռախոս հայտնաբերելու, տեղից վեր կենալ եւ առանց հարցնելու հեռանալու, արտագրելու և նմանատիպ այլ դեպքերում դիմորդն առանց զգուշացման հեռացվում է քննասենյակից։



Իսկ դրսում անհանգստացած ծնողներն ու հարազատները ասում, խոսում, քննարկում եւ կանխատեսում են քննության արդյունքները: Կենսաբանություն առարկա հանձնող երեխաների մեծ մասը որոշել է ընդունվել կամ ԵՊԲՀ կամ էլ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ։ Լուսինեն տեղում չի կարողանում հանգիստ կանգնել, դրսում տեղադրված հեռուստաէկրանով հետևում է աղջկան, ինքն ավելի հուզված է, քան դուստրը՝ Անահիտը. «Էկրանից տեսնում եմ՝ հանգիստ է, ուզում է ընդունվի Բժշկական համալսարան, մեծ հույսեր ունենք, որ կընդունվի։ Երեկոյան տանը լարված էր, անհանգիստ վիճակ էր, ես ծնող եմ, բայց ավելի շատ եմ հուզված»։ Ծնողներից պակաս հուզված չէին նաեւ տատիկ-պապիկները, ովքեր եկել էին սատարելու թոռներին: 



Նշենք, որ մյուս միասնական քննությունները դիմորդները կհանձնեն հունիսի 7-ից մինչև հունիսի 24-ը։