«Արտ Ֆեստը»՝ նաեւ պրոդյուսերական հարթակ

«Արտ Ֆեստը»՝ նաեւ պրոդյուսերական հարթակ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը եւ ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը, որն այս տարի տեղի կունենա հունիսի 2-12-ը եւ կկրի «Մեկ տանիքի ներքո» խորագիրը։ Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:



Փառատոնն անցկացվում է մի քանի անվանակարգերում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:



Փառատոնը մրցութային բնույթի է, մասնակցում են 16-30 տարեկան անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրությունները եւ ընտրում լավագույն աշխատանքները։ Իսկ փառատոնի ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ՝ դերասան Ռաֆայել Քոթանջյանը, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, նկարիչ Աշոտ Համբարձումյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադան, կինոգետ Անետա Երզնկյանը, ԵՊԿ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը։



Փառատոնի գոյության 4 տարիների ընթացքում աճել է նաեւ մասնակիցների թիվը․ եթե 2013-ին առաջին անգամ մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ, 2014-ին՝ մոտ 200, 2015-ին էլ՝ շուրջ 350, ապա 2016-ին՝ ավելի քան 430 երիտասարդ, որոնցից 32-ը՝ արտերկրից։



Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ իրականացվում է միջազգային ձեւաչափով. «Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, այդ թվում՝ «Արտ Ֆեստ» փառատոնը, մշտական զարգացման, առաջընթացի փուլում է, եւ կար անհրաժեշտություն, դառնալու միջազգային, որովհետեւ հետաքրքրություն էր առաջացել երիտասարդ ստեղծագործողների մոտ նաեւ արտասահմանից, եւ նպատակահարմար համարեցինք անցկացնել միջազգային ձեւաչափով»։



Էրիկ Բարսեղյանը նշում է, որ, ընդհանուր առմամբ, գոհ են այս տարվա մասնակիցների որակից ու մակարդակից։ «Միայն կինոարվեստի ոլորտում այս տարի ունենք 24-25 ֆիլմ արտասահմանից։ Սա նշանակում է, որ, դուրս գալով միջազգային բեմահարթակ, «Արտ Ֆեստը» դարձնելով միջազգային մշակութային հարթակ, մենք հնարավորություն ենք ստեղծում միջազգային երկխոսության»։



Ինչպես տեղեկացրեց Բարսեղյանը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը, որը փառատոնի կազմակերպիչներից է, ամբողջ տարվա ընթացքում իրականացնելու է մասնակիցների մասնագիտական աջակցության ծրագիր։ Սա նշանակում է, որ բոլոր ոլորտների մրցանակակիրներն ստանալու են տեխնիկական աջակցություն՝ նոր ստեղծագործություն իրականացնելու համար. «Այսինքն՝ կինոոլորտի մրցանակակիրը կստանա տեխնիկական աջակցություն՝ նոր ֆիլմ նկարելու համար, երգարվեստի մասնակիցը՝ համերգի եւ տեսահոլովակի նկարահանման հնարավորություն, եւ այդպես բոլոր ոլորտներում։ Այլ կերպ ասած՝ «Արտ Ֆեստ» փառատոնը դարձել է նաեւ պրոդյուսերական մի հարթակ, որը փորձում է ամբողջ տարվա ընթացքում աջակցել ստեղծագործ երիտասարդներին»։ Այս տարի փառատոնն ունի նաեւ հյուրեր Պրահայից, Ռուսաստանից, Ստոկհոլմից, որոնք իրականացնելու են վարպետության դասեր եւ հանդիպումներ մասնակիցների հետ։ Դրան զուգահեռ, լինելու են նաեւ վարպետության դասեր հայազգի մասնագետների հետ, օրինակ՝ հունիսի 5-ին լինելու է հագուստի մոդելավորման վարպետության դաս դիզայներ Արամ Նիկոլյանի հետ, որի ժամանակ ներկա կլինեն նաեւ Չեխիայից ժամանած մոդելավորողները։



Ինչ վերաբերում է ժյուրիի գնահատման չափանիշներին, ապա Էրիկ Բարսեղյանը նշեց, որ անցած տարիներին եղել են դեպքեր, երբ, օրինակ, ժյուրիի անդամներից Ռաֆայել Քոթանջյանն առաջարկել է այս կամ այն ոլորտում չունենալ գլխավոր մրցանակակիր. «Ես դա համարեցի միանգամայն նորմալ, որովհետեւ կա փառատոնի նշաձողը բարձր պահելու խնդիր, եւ, կարծում եմ, ժյուրին գնահատում է մաքսիմալ անաչառ, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրը, բացի երիտասարդների ստեղծագործությունը կարեւորելուց, ուրիշ ոչ մի մոտիվացիա չունի»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ