Գայլերի հարձակման դեպք Սարամեջ գյուղում (լուսանկարները 18+)

Գայլերի հարձակման դեպք Սարամեջ գյուղում (լուսանկարները 18+)

Այսօր գիշերը գայլերի հարձակում դեպք է գրանցվել Լոռու մարզի Սարամեջ գյուղում: Գայլերը հարձակվել են Խորեն Պողոսյանին պատկանող անասնագոմի վրա: Ոհմակը շուրջ 40 ոչխար ամբողջությամբ հոշոտել է, եւս 20-ին՝ վիրավորել, որոնց մեծ մասը հարկադիր մորթի են ենթարկվելու, քանի որ վնասվածքները համատեղելի չեն կյանքի հետ:



Տուժածը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ընդհանուր առմամբ պատճառվել է շուրջ 1,5մլն դրամի վնաս, ցավալին այն է, որ հարձակման ենթարկված ոչխարները հղի էին եւ մի քանի օրից պետք է գառներ լույս աշխարհ գային: Շվարած գյուղացին հայտնեց, որ ակնկալում է պետական աջակցություն, հակառակ դեպքում չի պատկերացնում, թե ինչպես պետք է պահի բազմանդամ ընտանիքը:



Նշենք, որ գյուղում վերջին անգամ գայլերի հարձակման դեպք գրանցվել է մեկ-երկու տարի առաջ, սակայն սա նման չափի վնասի առաջին դեպքն է:



Հավելենք, որ ապրիլին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Կառավարության նիստի ժամանակ 24 մլն դրամ էր պահանջել գայլերի որսի համար պարգեւավճարներ տալու համար: Նախարարը դա հիմնավորել էր նրանով, որ գայլերի քանակության կտրուկ աճ է գրանցվել, հարձակումներ են կատարվում բնակավայրերի վրա, անհրաժեշտ է կարգավորել գայլերի թվաքանակը: Յուրաքանչյուր գայլ սպանելու համար կառավարությունը հատկացնում է 123 հազար դրամ, որից 23 հազար դրամը հարկն է: Հետաքրքիր է՝ ինչքան գումար կտա պետությունը տուժած գյուղացուն: