Ապագայի մակնշմամբ մթերքները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն շուկայից. Բաբկեն Պիպոյան

Ապագայի մակնշմամբ մթերքները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն շուկայից. Բաբկեն Պիպոյան

Պարբերաբար լրատվամիջոցները ահազանգեր են ստանում՝ կապված ապագայի մակնշում ունեցող մթերքների հետ։ Եթե նախկինում արտադրողները, մթերքներ ընդունող խանութները ժամկետային պիտակի վրա նորն էին ամրացնում, այժմ երևակայության թռիչքը հասել է գագաթնակետին, ապագայի ժամկետներ են փակցնում, այսինքն՝ ապրանքը դեռ չարտադրված՝ վաճառքում է: Երեկ մեր խմբագրությունն ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, ով Բաղրամյան պողոտայի վրա գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից «Չանախ» ընկերության մածուն է գնել՝ ապագայի մակնշմամբ: Մածունի վրա որպես արտադրման ամսաթիվ նշված է եղել հունիսի 6-ը, մինչդեռ երեկ հունիսի 5-ն էր, մածունը ժամկետի մեջ էր մինչեւ հունիսի 12-ը:



«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա նորություն չէ մեր իրականության մեջ, խրոնիկ կրկնվող պրոցես է։ «Կամայական տնտեսվարող սուբյեկտը պետք է հասկանա, որ եթե հանկարծ ապագայի մթերք է արտահանում շուկա, անկախ նրանից, երբ է արտահանել՝ ամսի 4-ին, 5-ին, թե 6-ին, պետք է նրա խոսքի նկատմամբ ունենալ անվստահություն, այդ խմբաքանակը ամբողջությամբ պետք է շուկայից հանել և հետագայում թույլ չտալ, որ այն շուկա մտնի։ Երբ որ մեկ անգամ տնտեսվարողն այդ մեծ խմբաքանակը հանի, նա այլևս այդ ռիսկին չի գնա. Նա տնտեսական վնաս պետք է կրի այդ խախտման համար։ Այս դեպքում հունիսի 5-ի այդ արտադրանքը ամբողջությամբ պետք է դուրս բերվի ամբողջ շուկայից»։



Նա նաև նշեց, որ թե՛ արտադրողը, թե՛ արտադրանքը ընդունող խանութը հավասարապես մեղավոր են. արտադրողը մեղավոր է, որ այդ արտադրանքը այդպիսի վիճակում հանձնել է վաճառքի, «ՍԱՍ» սուպերմարկետն էլ մեղավոր է, որ այդ արտադրանքը ընդունել է և վաճառել։