Քոչարյան Ռոբերտի ժամանակահատվածից մինչեւ իմ ժամանակահատված

Քոչարյան Ռոբերտի ժամանակահատվածից մինչեւ իմ ժամանակահատված

Սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ վտանգավոր խմորումներ են ընթանում։ ՀՀԿ-ն վաղը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին աջակցելու մասին։ Լուրեր կան, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հույսը չէր կորցնում, որ ինքն է լինելու ՀՀԿ թեկնածուն, մինչեւ հոգու խորքը վիրավորվել է հարազատ ՀՀԿ-ից, որը որոշել է պաշտպանել ճակատի գիրը մի քանի անգամ փոխած Սամվել Բալասանյանին։



Ղուկասյանը որոշել է ձախողել Բալասանյանի հաղթանակը ու իր կողմնակիցներին չի պատրաստվում կողմնորոշել դեպի ՀՀԿ ցուցակ։ Երեկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում Բալասանյանի ՀՀԿ-ի թեկնածու լինելու մասին ասաց. «Նմանը զնմանին գտանե»։ Եվ քանի որ ՀՀԿ-ին չէր համարձակվում բացահայտ քննադատել, իր զայրույթն ու վիրավորանքը թափում էր մեզ վրա, ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքներն ուղղում էր մեզ՝ քանդել եք, ավիրել եք, ժողովուրդ չի մնացել եւ այլն։



- Պարոն Ղուկասյան, ՀՀԿ-ն Գյումրիի ընտրություններում պաշտպանելու է Սամվել Բալասանյանին։ Ձեր համար սպասելի՞ էր, որ հարազատ կուսակցությունը կպաշտպանի ոչ թե Ձեզ, այլ գործող քաղաքապետին։



- Ոչինչ, ոչինչ, բան չկա, ես էլ չեմ հետաքրքրվում շատ բաներով։ Եթե դուք չզանգեք, ես քաղաքականությունից լրիվ անտեղյակ ու հեռու կմնամ։ Ինչքան ձեզանից հեռու, այնքան Աստծուն մոտիկ, ինչքան քաղաքականությունից հեռու, այնքան Աստծուն մոտիկ։



- Քաղաքապետ աշխատած ժամանակ է՞լ էիք այդպես մտածում։



- Ես, ճիշտն ասած, քաղաքապետ եղած ժամանակն էլ քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես աշխատանքով, քաղաք կառուցելով եմ զբաղվել։ Դուք քանդում եք, ոչ թե կառուցում եք, դուք վարկաբեկում եք, ոտնահարում եք, անբարոներին բարո եք սարքում, բարոներին՝ անբարո։ Ամոթ է, ամոթ։



- Պարոն Ղուկասյան, երեւի, որ Բալասանյանն արժանացել է ՀՀԿ-ի աջակցությանը, դրա՞ համար եք վիրավորված Ձեր թիմից։



- Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ. «Նմանը զնմանին գտանե», ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի, գիտեք, ես... ես ոչ մի բան չունեմ ասելու։ ՀՀԿ-ն էլ իր որոշումը դեռ վերջնական չի կայացրել։



- Եթե կայացնի, հնարավո՞ր է լքեք ՀՀԿ-ն։



- Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում։



- Կուսակցությունից դո՞ւրս եք եկել։



- Ես, ճիշտն ասած, ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել, ոչ գիտեմ՝ ներս եմ մտել։



- Որպես ՀՀԿ-ական, աջակցելո՞ւ եք Բալասանյանին։



- Դո՛ւ պաշտպանի, դո՛ւ, դու որ պաշտպանես, ինքը կանցնի։



- Պարոն Ղուկասյան, բայց Դուք ցանկություն ունեիք առաջադրվելու, այդ ուղղությամբ համառ ջանքեր էիք տանում, ասում էիք նաեւ՝ եթե ժողովուրդը պահանջի, կառաջադրվեք։



- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։



- Հնարավո՞ր է ինքնառաջադրվեք։



- Այսօրվա պայմաններում՝ ոչ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դե, դուք էլ քանդեք, ավիրեք պրծեք, ժողովուրդ էլ չմնաց։ Մի բան եմ ուզում իմանաք, երբ որ դուք տեսնում եք, որ ժողովուրդը մեկին սիրում է, ինչո՞ւ եք էդ մարդու հետեւից ընկել... Էս քաղաքն էլ էդքան չարչարվել ենք՝ արյան գնով կառուցապատել ենք Քոչարյան Ռոբերտի ժամանակահատվածից մինչեւ իմ ժամանակահատվածը, ի՞նչ եք ուզում ինձանից, հաջողություն ձեզ։



- Ասում են՝ որոշել եք «տակից» ուրիշ թեկնածուի պաշտպանել։



- «Տակից» անողները դուք եք եղել, մենք միշտ «վրայից» ենք, մենք «տակ» չենք սիրում պառկել, մենք միշտ «վրեն» ենք պառկում։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ