Սոցփաթեթը չի վերանա, բայց հնարավոր է կրճատվի

Սոցփաթեթը չի վերանա, բայց հնարավոր է կրճատվի

Պետական հիմնարկներում աշխատողներն ու քաղծառայողներն անհանգիստ են։ Լուրեր են պտտվում, թե կառավարությունը, ջանալով կրճատել բյուջեի ծախսերը, զրկելու է նրանց սոցփաթեթներից, այսինքն՝ պետության հաշվին որոշ ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Սոցիալական փաթեթի արժեքը տարեկան 132 հազար դրամ է, որից 52 հազարն աշխատողի բժշկական ապահովագրությունն է, իսկ մնացածը նա կարող է ծախսել այլ ուղղություններով՝ հիպոթեքային վարկ մարել, իր կամ երեխայի ուսման վարձը մուծել, նաեւ Հայաստանում կամ ԼՂՀ տարածքում հանգստանալ։ 80 հազարը մեծ թիվ չէ, բայց ուսուցիչների, թանգարանների աշխատողների կամ պետական ապարատի կրտսեր անձնակազմի համար էլի ինչ-որ բան է։ Եվ, ահա, այս ոչ մեծ թիվն ուզում են ավելի փոքրացնել կամ ընդհանրապես ջնջել բյուջեի ծախսային մասից։ Պատճառը ոչ միայն կառավարության վերջին լոզունգն է՝ «խնայենք միասին», օպտիմալացումը, ապարատի կրճատումներն ու ինքնակրճատումները, այլեւ կոռուպցիոն ռիսկը, որը հանկարծ տեսանելի դարձավ առողջապահության գործակալության պետի հետ կապված սկանդալից հետո։ Կեղծ ուղեգրերի միջոցով 2012-2014 թվականներին գումարներ էին լվացել, եւ այդ «լվացքը», մեր տեղեկություններով, վերաբերել է սոցփաթեթի միջոցով մատուցվող առողջարանային ծառայություններին։ Բայց նույն հաջողությամբ կարելի է մեքենայություններ անել բժշկական ապահովագրման համար նախատեսված 52 հազարի հետ։ Լավատեղյակները տարբեր մեխանիզմներ են նկարագրում։ Ահա սխեմաներից մեկը։



Մարդը գնում է բուժհաստատություն՝ իրեն ծանոթ բժշկի մոտ։ Ծանոթի հանգամանքը կարեւոր է, որովհետեւ անծանոթ «հիվանդի» հետ կվախենան գործ բռնել։ Ահա, այդ ծանոթ հիվանդը, ենթադրենք, 200 հազարի վիրահատության կարիք ունի։ 200 հազարանոց վիրահատությունը ձեւակերպվում է որպես 450 հազարանոց։ Հիվանդին շատ լավ նայում են, արդյունքում գոհ է եւ նա, եւ բժիշկը, եւ հիվանդանոցի տնօրենը։ Տուժում է միայն պետությունը։ Ահա, այս եւ նման ռիսկերից խուսափելու համար ֆինանսների նախարարությունը վարչապետին առաջարկել է քննարկել սոցփաթեթի կրճատման հարցը։ Կառավարությունից հայտնում են, որ այս պահին սոցփաթեթների կրճատման մասին խոսք չկա։



«Մի երկու անգամ եղել են քննարկումներ, սակայն դա չհիմնավորված անհանգստություն է, սոցփաթեթի կրճատման հարց այս պահին դրված չէ»,- հայտնեց կառավարության մեր աղբյուրը։ Սակայն տուրիստական կազմակերպությունների միջոցով մեքենայություններն զգաստացրել են կառավարիչներին, եւ եթե վերահսկողության հարցը չկարողանան կարգավորել, հնարավոր է, որ սոցփաթեթի կրճատում տեղի ունենա։ «Դա ազնիվ չէ,- ասաց սոցհարցերի նախարարության աշխատակիցներից մեկը։- Եթե խաբում են, կեղծ կնիքներով տանում- ձեւակերպում են, բայց մարդը չի գնում հանգստանալու, եւ փողերն իրար մեջ բաժանում են, կարելի է մտածել, թե ոնց դրա դեմն առնեն, ոչ թե պետական աշխատողներին զրկեն մի երկու կոպեկից։ Առանց այն էլ ընդամենը երկու օրվա հանգստանալու փող են տալիս, եթե հաշվի առնենք Հայաստանի հանգստյան վայրերի գները»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ