Իշխանությունը «վերգետնյա» ԶԼՄ-ների համար արտոնություն է սահմանել

Իշխանությունը «վերգետնյա» ԶԼՄ-ների համար արտոնություն է սահմանել

Ի՞նչ անել, որ քվեարկության օրը առավել հպատակ ԶԼՄ-ները՝ TV-ները, առանձնանան ազատ մամուլից՝ թերթերի, կայքերի լրագրողներից, որոնք ամեն վայրկյան կարող են հարամել ընտրական հանձնաժողովների անդամների օրը, ինչպե՞ս պաշտպանել «հանձնաժողովականներին» այդ վտանգավոր արարածներից, բայց այնպես, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Այս խնդիրը լուծելու համար մեր ընտրական օրենսդրության պապաները՝ Հրայր Թովմասյանը, Դավիթ Հարությունյանը, Տիգրան Մուկուչյանը, նոր տերմին են մոգոնել՝ «վերգետնյա ԶԼՄ-ներ»։



Վերգետնյա ԶԼՄ-ները հեռուստատեսություններն են, այսինքն՝ այն ԶԼՄ-ները, որոնք կտրված են գետնից (իմա՝ կապ չունեն իրականության հետ՝ Ս․ Ս․) եւ իրենց գործունեությունն իրականացնում են «օդի», այսինքն՝ եթերի միջոցով։ Ընտրական օրենսգրքի նոր «կոնսենսուսային» տարբերակի 65-րդ հոդվածի 7-րդ կետում գրված է․«Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը»: Բայց ոչ բոլոր լրագրողներին հանձնաժողովականները կարող են վռնդել ձայների 2/3-ով։ Օրինակ, պատկերացնել հնարավոր չէ, որ ինչ-որ քրջոտ հանձնաժողովական վռնդի Հ1-ի՝ Առաջին լրատվականի լրագրողին։ Ահա ինչու «վերգետնյաների» համար բացառություն է արվել։ «Այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների եւ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ»։



Ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանն այս կետը դիտարկում է որպես խոսքի ազատության իրավունքի կոպիտ խախտում։ «Խախտելով ԶԼՄ-ների իրավունքը, որոշել են, որ ԶԼՄ-ն չի կարող հավատարմագրված ունենալ ավելի քան 50 ներկայացուցիչ, այսինքն՝ չի կարող «ծածկել» բոլոր ընտրատեղամասերը, սա բավական չէր, դեռ մի բան էլ խտրականություն կիրառվեց։ Փաստորեն, չգիտես ինչու, այդ վերգետնյա հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ներն արտոնյալ պայմաններում են հայտնվել, ու եթե կուտակումներ լինեն, հանձնաժողովը նրանց իրավունք չի ունենա հեռացնելու»։ Լուսինե Հակոբյանը հայտնեց, որ քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների հետ քննարկումների ժամանակ նման հարց չի եղել, եւ որ այս փոփոխությունն անսպասելի են մտցրել։ Իշխանությունը, այսպիսով, ամեն ինչ անում է իր եւ ազատ մամուլի միջեւ սեպ խրելու համար։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ