Անհայտ կորածների հարազատները վիրավորված են Արաբոյի Մանվելից

Անհայտ կորածների հարազատները վիրավորված են Արաբոյի Մանվելից

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հիշատակի եւ ոգեկոչման արարողությանը ներկա անհայտ կորած ազատամարտիկների հարազատները Hraparak.am-ի հետ զրույցում երկու տասնամյակ հեռավորությունից վերհիշեցին, թե ինչպես են իրենց որդիները կամավոր մեկնել Արցախ եւ հետագայում էլ ինչ հանգամանքներում են նրանք կորել։
Օֆիկ Իսրայելյանը պատմում է, որ իր որդին՝ Վլադիմիր Իսրայելյանը, 1992թ. հունիսի 29-ին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին, մեկնել Մարտակերտի շրջան, Լենինավան գյուղ։ Այն ժամանակ, տիկին Օֆիկի պատմելով, թեժ մարտերի ժամանակ նրանց է միացել նաեւ Արմավիրի «Զեյթուն» ջոկատը։ «Գնացին մարտադաշտ եւ չվերադարձան։ 1992 թվականից մինչ օրս սպասում ենք մեր որդիներին, դիմել ենք տարբեր ատյաններ, բայց չկա որոշակի պատասխան»,- ասում է մեր զրուցակիցը։



Շամիրամ Մովսիսյանը պատմում է, որ իր որդին՝ Հարությունը, նույնպես կռվել է Մարտակերտում։ Ըստ նրա՝ կան փաստեր, որ իր որդին եւ նրա ընկերները մինչեւ վերջին շունչը կռվել են ադրբեջանցիների դեմ։



Ծաղիկ Սաֆարյանի որդին՝ Արտակ Սողոյանը, 1995թ. զինվորական ծառայության է անցել Լեռնային Ղարաբաղում եւ մինչ օրս համարվում է անհայտ կորած։ Նա 20 տարուց ավելի է, ինչ որեւէ լուր չունի իր որդուց։ Ծաղիկ Սաֆարյանն ասում է, որ տարբեր պատասխաններ իրեն տվել որդու վերաբերյալ, ասել են, որ նա ողջ է, գերության մեջ է, հետո քրեական գործ են հարուցել, սակայն այն ընթացք չի ստացել։  «Միշտ սպասել եմ երեխայիս վերադարձին, որ կգա, այս տարի կգա, եկող տարի կգա...»,- լացակումած պատմում է Ծաղիկ Սաֆարյանը։  Նա վիրավորված է, որ անհայտ կորածների նկատմամբ չկա համարժեք վերաբերմունք։ «Այնպես են վերաբերվում, կարծես թե մեր որդին հանգստյան տուն է գնացել, ոչ թե պատերազմ»,- ասում է նա։ Մի անգամ, իր ասելով, իր որդու նկարը տարել է Երեանի Էրեբունի համայնքում գտնվող այն դպրոցը, որտեղ սովորել է նա։  «Մի ազատամարտիկ մոտեցավ, ասաց՝ ես պիտի իմանամ, թե ինչ մարտական գործողությունների է մասնակցել նա, իրավունք ունի՞ նրա նկարը զոհվածների կողքին դրվելու, թե՞ ոչ։ Ես մինչեւ հիմա դպրոց չեմ գնացել, այնքան վիրավորված եմ»,- ասաց տիկին Ծաղիկը։ 



«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանն ասում է, որ կազմակերպությունը գործում է արդեն 17 տարի։
Նրա որդին եւս կամավոր մեկնել է «Արաբո» ջոկատի կազմում, անհայտ կորել է Լենինավանում «Արաբո» ջոկատի 22 տղաների հետ միասին։ Տիկին Ռիման պատմում է, որ իր որդին 26 տարեկան էր, զավակ ուներ, կինն ուսանող էր։ Նա նկատում է, որ անհայտ կորածների կարգավիճակը հավասարեցված է զոհված զինծառայողների կարգավիճակին։
«Քանի դեռ նրանց աճյունները չեն վերադարձվել, կամ իրենք չեն վերադարձել գերությունից, համարվում են անհայտ կորած»,- ասում է Ռիմա Առաքելյանը։ Ըստ նրա՝ այսօր ունենք 200-ից ավելի անհայտ կորածներ։



Արթուր Ազիզյանի մայրն էլ պատմում է, որ իր որդին 88-ից մասնակցել է Շարժմանը, 1992թ., 25 տարեկանում, կորել է Կարմիրավանում, մարտերի ժամանակ։ Նա չի հասցրել տեսնել իր երրորդ զավակին։



Նարգիզ Հակոբյանը պատմում է, որ իր որդին՝ Արսեն Հակոբյանը, զորակոչվել է 1993թ., եղել է Լուսակերտում, իսկ հետո ուղարկել են Ֆիզուլի, 1994թ. անհայտ կորել է 19 տարեկանում։ Անհայտ կորածներին վերաբերող ֆիլմեր էլ են նկարել՝ «Սպասում», «Մեզ բացակա չդնեք»։ 



Անհայտ կորածների հարազատները վիրավորված են նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար, այժմ՝ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մանվել Եղիազարյանի վերաբերմունքից։ Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ անցած տարիների ընթացքում Մանվել Եղիազարյանը ոչ մի անգամ չի հիշել իրենց, նույնիսկ հրավերների դեպքում չի արձագանքել եւ չի հետաքրքրվել իրենցով։ «Մի անգամ չի այցելել, մի ծաղիկ էլ չի բերել»,-ասում էին անհայտ կորածների մայրերը։



Թագուհի Հակոբյան