Լարսի անցակետի պատճառով ծիրանի գինը իջել է

Լարսի անցակետի պատճառով ծիրանի գինը իջել է

Հունիսի 23-ից մինչեւ այսօր քարաթափման պատճառով փակ է Լարսի անցակետը, օրեր շարունակ մարդիկ չեն կարողանում անցկացնել մի քանի տոննայի հասնող ծիրանը, մոտ 200 ավտոմեքենա է մնացել անցակետում: Պատճառն էլ այն է, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել էր ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել էր Վերին Լարսի անցակետը:  Անցակետի փակ լինելը հարվածել է հատկապես գյուղացիների և պտուղ-բանջարեղ արտահանողների «գրպաններին»: Այս առթիվ ՀՀ գյուղնախարարությունը տեղեկացրել էր, որ պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Գյուղնախից, 55 բեռնատարներով բարձված լաստանավ «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Տեղափոխումները իրականացվում են երկօրյա պարբերականությամբ: Լաստանավով Փոթիից Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:



Արմավիրի մարզի մի շարք գյուղերում շարունակում են ծիրանի հավաքը: Մարզի մի քանի գյուղերից մեզ հայտնեցին, որ եթե մի քանի օր առաջ ծիրանի մեկ կիլոգրամը վաճառում էին 500 դրամով, ապա այսօր Լարսի անցակետի փակ լինելու պատճառով ստիպված վաճառում են 400-ով:  Գյուղացիները շեշտում են, որ Լարսի անցակետի փակ լինելու պատճառով առաջին հերթին իրենք են տուժում: «Մեզ մոտ, ի տարբերություն Արարատի շրջանի, ավելի ուշ են հասնում ծիրանները, ու երբ գալիս-հասնում են մեզ մոտ, գինը արդեն իջեցնում են, դա հլը մի կողմ, էս Լարսի ճանապարհն էլ փակվեց, գինը 100-150 դրամով քցեցին, թե առաջ տանում էին 500 դրամով, հիմա 350-400: Տանողներն էլ մեղք չունեն, իրենք էլ են տուժում, ինչի՞ իրենք կուզեին տենց լիներ, իրանց ապրանքը մնար գետնին»:



Գյուղացիների խոսքերով՝ իրենցից ապրանք գնողները հիմնականում անհատ ձեռներեցներ են, որոնք այժմ ծիրանը պահում են հատուկ սառնարաններում, որպեսզի Լարսի անցակետի բացվելուն պես արտահանեն ՌԴ: Գյուղացիների շրջանում էլ խոսակցությունը կա, որ անցակետը բացվելու է հուլիսի 17-ից:



Բացի ծիրանագործներից` անցակետի փակ լինելու պատճառով տուժել են նաեւ մի շարք քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում այժմ վերադառնալ Հայաստան:  ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը 3 չվերթով Հայաստան է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների: