Բանավոր քննությունների վերաբերյալ դեռևս բողոքներ չեն եղել. Արա Իսպիրյան

Բանավոր քննությունների վերաբերյալ դեռևս բողոքներ չեն եղել. Արա Իսպիրյան

Միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է, իսկ օրեր առաջ էլ մեկնարկել են բանավոր քննությունները: Ոմանք արդեն ուսանողի կարգավիճակ ունեն, ոմանք էլ սպասում են իրենց համար ճակատագրական քննությունների արդյունքներին: Շրջանավարտների համար այս կարեւոր փուլի` քննաշրջանի մասին զրուցեցինք Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:



-Բանավոր քննությունները ե՞րբ են ավարտվելու



Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները, հուլիսի 8-ին կվերջանան: Ամեն օր  բանավոր քննություններ են հանձնվում:



-Քանի՞ դիմորդ է մասնակցում բանավոր քննություններին



Բանավոր քննություններին անգլերեն լեզվից մասնակցում է մոտ 1000 դիմորդ, իսկ մյուսների դեպքում տարբեր է, օրինակ՝ ֆրանսերեն լեզվից ընդամենը 25 դիմորդ:



-Բանավոր քննությունների հետ կապված ահազանգեր, բողոքներ ստացե՞լ եք



Այս տարի որևէ առարկայից բանավոր քննության հետ կապված բողոքներ չունենք:



-Իսկ Ձեր տպավորությունը ինչպիսի՞ն է նախորդ տարիների համեմատ, դիմորդների պատրաստվածությունը, հոգեվիճակը ինչպե՞ս կգնահատեք



Ավելի հանգիստ են, լավ են պատրաստվել  թե վատ, արդյունքները ցույց կտան, բայց այս տարի լարվածություն չկա,  շատ ավելի հասունացած են դիմորդները, գիտեն, որ գալիս են քննության, իհարկե պատրաստված դիմորդները բարձր են ստանում, կան նաև դիմորդներ, ովքեր չեն ստանում կամ անբավարար են ստանում:



-Քննության անցկացման ընթացքում արտառոց միջադեպեր գրանցվե՞լ են



Չենք գրանցել նման արտառոց միջադեպեր այս տարի, ընդհարապես վերջին տարիներին թե դիմորդները և թե նրանց ծնողները ագրեսիվ չեն տրամադրված, գալիս են քննություններին ավելի հանգիստ վիճակով, ամեն դեպքում, անձամբ ես նման դեպքերի հետ կապված ոչ ահազանգ, ոչ բողոք չեմ ստացել: Միայն այն փաստը, որ այս պահի դրությամբ բանավոր քննություններից ոչ մի բողոք-դիմում չունենք, իսկ միասնական քննությունների վերաբերյալ բողոքների 90 տոկոսը տեխնիկական խնդրի վերաբերյալ էին, արդեն ասում է այն մասին, որ որևէ լարված բան չկա:



-Մինչեւ օրս կայացած բանավոր քննություններից քանի՞ հոգի են անբավարար ստացել:



Տվյալներ ես չունեմ, ամեն օր 55 հոգի ամեն առարկայից քննություն է հանձնում, արձանագրությունները ամեն օր ստուգվում և ուղարկվում են քննական կենտրոններ՝ փակցնելու: Իսկ ընդհանուր պատկերը կունենանք հուլիսի 8-ից հետո: