Մի «գողացված Նիվայի» հետքերով

Մի «գողացված Նիվայի» հետքերով

Երեկվանից Վեդի քաղաքում չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե գողացել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, ով առավել հայտնի է Շերիֆ անունով: Վեդիի բնակիչները կատակում էին, թե Վեդին վերջին տարիներին շքեղագույն մեքենաներով չի զիջում մյուս քաղաքներին, սակայն գողանում են հենց «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ, այն էլ պաշտոնյայի, կամ թաղային հեղինակության, մարդիկ հիշեցնում էին, որ տարիներ առաջ էլ գողացել էին մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:



Վեդիի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չեն ունեցել: Այս տեղեկությունները ժխտեց նաև Գրիգոր Գրիգորյանը .«Չի համապատասխանում իրականությանը, ես «Նիվա» չունեմ».-եղավ նրա արձագանքը: Փոխարենը որդին՝ Արտաշես Գրիգորյանն ունի, ով Վանաշեն համայնքի ղեկավարն է, hraparak.am-ը զրուցեց նաև վերջինիս հետ, նա վստահեցրեց, որ իր «Նիվա»  մակնիշի ավտոմեքենան այդ պահին գտնվում էր իր աշխատավայրի մոտ. «Հիմա այստեղ է»: Թե ինչո՞ւ են քաղաքում նման խոսակցություններ պտտվում, մնում է գաղտնիք, դե եթե մի կաթիլ նեգատիվություն ավելացնենք, ապա Ֆրեյդը կասեր, որ մարդիկ կցանկանային, որ այդ գողությունը լիներ, ինչ իմանանք:



Թեպետ «գողացված Նիվայի» հետքերով գնացինք, այնուամենայնիվ Գրիգոր Գրիգորյանից տեղեկացանք նաև, որ առաջիկա ԱԺ ընտրություններում մեծ ցանկություն չունի պատգամավոր դառնալու: Պարոն Գրիգորյան, կդնե՞ք Ձեր թեկնածությունը. «Կարծում եմ դա միանձնյա որոշելու բան չէ, մենք կուսակցության մեջ ենք, կուսակցության անդամ ենք, կուսակցության որոշում պետք է՝ լինի»: Իսկ ինքներդ այդպիսի ցանկություն ունե՞ք. «Ճիշտն ասած ոչ այնքան».- եղավ պատասխանը: