Մեր ԱԺ-ն տեղով մեկ «ԱրմՔոմեդի» է, էլ ինչո՞ւ են «ԱրմՔոմեդին» տարել նախագահական

Մեր ԱԺ-ն տեղով մեկ «ԱրմՔոմեդի» է, էլ ինչո՞ւ են «ԱրմՔոմեդին» տարել նախագահական

«ArmComedy 500» հոբելյանական հաղորդումը, որտեղ հաղորդման հեղինակներ՝ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը հյուրընկալվում են Սերժ Սարգսյանին՝ նախագահականում ու փոքրիկ հարցազրույց ունենում նախագահի հետ, մեծ արձագանք գտավ հասարակության մեջ եւ նույնիսկ հակասական գնահատականների տեղիք տվեց։



Հեռուստահաղորդավար, ռեժիսոր, դերասան Արտավազդ Եղոյանը ընդհանուր առմամբ կողմ է, որ ղեկավար անձինք շփվում են ժողովրդի, նաեւ մշակույթի գործիչների հետ, բայց հիմա երկրի վիճակն այնպիսին է, այնքան խնդիրներ ունենք մեր երկրում, որ նախագահին ներգրավվել նման հաղորդման մեջ՝ անհարմար է։ Ինչ վերաբերում է նրան, որ միջազգային պրակտիկայում, օրինակ ԱՄՆ-ում Օբաման կարող է մասնակցել տարբեր ամերիկյան թոք շոուների ու դա միանգամայն նորմալ ընդունվի եւ այդպես չքննադատվի, ապա. «Ես ուրախ կլինեի, որ մեր նախագահը գոնե Օբամայի կամ Պուտինի պես լիներ, ուրախ կլինեի նաեւ, որ ինքը գնար հետները բատմինտոն խաղար, թենիս խաղար, բայց մեր երկիրը լիներ Օբամայի երկրի պես։ Սա է հարցը, թե չէ այստեղ անձերի խնդիրը չէ՝ ոչ նախագահի, ոչ էլ «ԱրմՔոմեդիի»։



Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ հումորիստներին ուղղված նախագահի այն խոսքին, թե ինչու մի անգամ էլ իրեն չեն անդրադառնում, այսինքն՝ քննադատում, ապա. «Մեղա մեղա, ողջ երկրի ժողովուրդը՝ 2.5 մլն. մարդ իրեն քննադատում է, հիմա էլ ուզում է, որ այդ երկուսը իրեն քննադատե՞ն։ Բոլորն էլ իրեն քննադատում են, իսկ այս աղքատ վիճակում ի՞նչ «ԱրմՔոմեդի», երբ նստած մտածում ես, թե աշխատավարձդ, երբ պիտի տան, որ կոմունալ ծախսերդ մուծես ու մինչեւ մյուս աշխատավարձդ ու թոշակդ ապրես։ Ես ընդհանրապես ուրախ եմ, որ երիտասարդները առաջ են գնում, բայց պետք չէր նրանց միանգամից նախագահի մոտ գնալ։ Ես նույնիսկ չեմ ընդունում, որ Նոր տարուն փոքրիկ երեխաներին տանում են նախագահական եւ այդ հրաշալի պահն էլ թախծով եմ ընդունում, որովհետեւ մի 30-50 երեխայի բախտը բերում է, իսկ մյուսները չունեն այդ հնարավորությունը նվեր ստանալու եւ անպայման չէ նախագահի կողմից»։



Անդրադառնալով մեր երկրում քաղաքական հումորի վիճակին, Եղոյանը մասնավորապես նշեց. «Ես այն մարդկանցից եմ, որ ապրել է այն մշակույթում, ում համար խիստ կանոն է եղել էժան ծիծաղ չկորզել։ Քաղաքական գործիչներին քննադատելու, սատիրայի ենթարկելու համար, պիտի ունենաս կարգին քաղաքական գործիչներ, որոնք կունենան ինչ որ «թերություն»՝ ոչ ֆիզիկական, որը կարելի է սարկազմի ենթարկել։ Մեր ԱԺ-ն տեղով մեկ «ԱրմՔոմեդի» է, էլ ինչո՞ւ են «ԱրմՔոմեդին» տարել նախագահական»։