Մենք ճառ ասող չենք, մենք պետք է գործ անենք

Մենք ճառ ասող չենք, մենք պետք է գործ անենք

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազգային միասնություն» շարժում է ստեղծել։ Երեկ կառավարության ընդունելությունների դահլիճում այդ շարժման հավաքն էր։ Դահլիճը գրեթե լիքն էր, չնայած մեկնարկից քիչ անց ոմանք ինտենսիվորեն լքեցին դահլիճը, մի մասն էլ քուն մտավ։ Ներկա էին Աբրահամյանը, նրա՝ նախկինում պատգամավոր երեք եղբայրներից երկուսը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը՝ Բռլյանտի Գագոն, եւ ՕԵԿ-ական Սերյոժա Աբրահամյանը։ Բնականաբար, այնտեղ էր Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, Հայաստանի դեմկուսի ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը։ Ներկաների թվում էր նաեւ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը նաեւ ելույթ ունեցավ։ Դահլիճում էր նաեւ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որը վերջում երկար զրույց ունեցավ Աբրահամյանի հետ, երբ վերջինս նստել էր մեքենան՝ մեկնելու։ Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանն «Ազգ» թերթի փայատերն է, իսկ օրաթերթը ֆինանսական դժվարությունների պատճառով տեւական ժամանակ է՝ շաբաթաթերթ է դարձել։



Աբրահամյանն ասաց, որ սա տնտեսական շարժում է, որպեսզի զարկ տան տնտեսությանը, զարգացնեն մեր երկիրը եւ այլն։ Ճռճռան ելույթներ եղան՝ մի քիչ սովետական, կոմերիտական ոճով, հատուկ պաթոսով եւ խուճուճ-հայրենասիրական բառամթերքով՝ հայրենիքի եւ Հայաստան երկրի ապագայի մասին։ Անձամբ Աբրահամյանն իր երկարաշունչ ելույթում խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից, որը համախմբեց հայերին, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներից, Ղարաբաղի անկախության ճանաչման խնդրից։ Հետո նշեց «Ազգային միասնություն» շարժման ստեղծման շարժառիթներն ու նպատակը՝ նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբմանը` 21-րդ դարի մարտահրավերների դիմակայման նպատակով: Նա նաեւ համարձակ հայտարարություն արեց՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ բանակաշինության համակարգում լուրջ տեղ է զբաղեցնում կոռուպցիան: Կոռուպցիոն երեւույթներն ավելի ցայտուն դարձան հատկապես ապրիլյան պատերազմից հետո, եւ որ մեր իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն նման արատավոր երեւույթների դեմ պայքարի գործում: «Մենք խոսող չենք, մենք ճառ ասող չենք, մենք պետք է գործ անենք։ Հավատացեք՝ մենք կարող ենք կառուցել հզոր պետություն»,- իր ամփոփիչ ելույթում ասաց նա։



Հանդիպման ավարտին պատասխանեց լրագրողների հարցերին։ Մենք նրան հիշեցրինք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ մտադիր էր կուսակցություն ստեղծել, մուտք գործել քաղաքականություն, անգամ այդ մասին տեղյակ էր պահել Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ հետ կանգնեց մտադրությունից, եւ ի՞նչ է պետք քաղաքականություն մուտք գործելու համար։ Աբրահամյանը նախ ասաց, որ ինքը քաղաքականությունից դուրս չի էլ եկել, որ մուտք գործի, իսկ կուսակցություն հիմնելու մասին ասաց. «Ես ունեմ ծրագրեր եւ այդ մասին կխոսեմ ավելի ուշ։ Ես այդ մասին կասեմ, անպայման կասեմ»։ Նշեց, որ հիմա զբաղված է Եվրասիական տնտեսական ֆորումի գործերով, որին «շատ քիչ է մնացել»։ Աշնանն է ծրագրված։



Իսկ երբ հարցրինք, թե Սերժ Սարգսյանի թույլտվությունն ունի՞ քաղաքականություն մտնելու առումով, Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Իսկ ձեր օրենքով այդպե՞ս է, պետք է Սերժ Սարգսյա՞նը թույլ տա»։ Հայաստանյան օրենքներին «ձեր» որակումը տվող գործչին հիշեցրինք, որ նման փորձ ունենք, երբ Սերժ Սարգսյանն արգելում է ոմանց զբաղվել քաղաքականությամբ։ Աբրահամյանը նշեց, որ ինքն այդպիսի փորձ չունի. «Ես չգիտեմ ում է արգելել, բայց ինձ չի կարող որեւիցե մեկն արգելել»։ Ի դեպ, նա ինչ-որ տեղ էր շտապում, եւ լրագրողները հարցրին, թե այս անգամ է՞լ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման շտապում, ինչպես նախորդ ասուլիսից հետո։ Աբրահամյանն ասաց. «Չէ, դե գիտե՞ք ինչ, ամեն անգամ հո իմ բախտը չի՞ բերում՝ գնամ նախագահական»։



Անդրադառնալով նորաստեղծ կուսակցություններին, մասնավորապես՝ «Համախմբում» կուսակցությանը, Աբրահամյանն ասաց. «Գիտե՞ք ինչ կա, ինչքան շատ կուսակցություններ լինեն, էնքան լավ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ