Այսքանից հետո վարչապետն իրեն «քցված» չի զգու՞մ

Այսքանից հետո վարչապետն իրեն «քցված» չի զգու՞մ

ՀՀ Կառավարությունը մոտ 400 հազար դոլար է ծախսել ինչ-որ խզբզոցի վրա, որը համարվելու է Հայաստանի բրենդը, խորհրդանիշը աշխարհում։ Դրա մի մասը վճարել է ԱՄՆ ՄԶԳ-ն, մի մասը՝ մեր պետբյուջեն։ Պատկերացնու՞մ եք՝ իմ, ձեր ու այդ նույն կառավարության անդամների, նաև վարչապետի վճարած հարկերի հաշվին մենք հսկայական գումար ենք վճարել չգիտես ինչի համար։ Այս ինֆորմացիայի տարածումից հետո համացանցը պայթեց հարցերից, թե ինչպե՞ս կարելի է այդքան գումար ծախսել ընդամենը․․․ այ սրա՝ վերևում պատկերվածի համար։ Մի բան, որը մեզանից որևէ մեկին ոչ հաց ու ջուր է տալու, ոչ մեր կյանքն է բարելավելու, ոչ սոցիալական խնդիրներն է լուծելու, ոչ տնտեսական աճ է ապահովելու, ոչ բանակն է հզորացնելու, ոչ էլ արտագաղթն է կանխելու։ Ոչ մի օգուտ չի տալու մեզ, անգամ գեղագիտական հաճույք չի պատճառելու, որ մարդ չուտի, չխմի, նստի ու էդ պատկերով զմայլվի, հոգևոր սնունդ ստանա։



Մի կողմ թողնենք այն, որ մեր երկրի բնակչության գրեթե կեսը՝ պաշտոնական տվյալներով, աղքատ է, որ երկիրը բառի բուն իմաստով վարի է գնում մեր կառավարության «կոռուպցիոն» անգործության ու «հակակոռուպցիոն» սաստիկ «զբաղվածության» արդյունքում։ Մի կողմ թողնենք այն, որ բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց անգամ տարեկան եկամուտը 400 հազար դրամի չի հասնում, որոնք գոյատևում են 40 հազար դրամ ամսական «եկամուտով»։ Մի կողմ թողնենք նաև այն, որ մենք մինչև հիմա 80-ականների զենքերով ենք կռվում ու զոհեր տալիս։ Այս ամենը իսկապես մի կողմ, սա մեր կառավարությունում ոչ ոքի չի հետաքրքրում։ Իրենց միայն սեփական փողն է հետաքրքրում։ Դրա համար էլ մի ոչ հռետորական, շատ ուղիղ հարց եմ ուզում հնչեցնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ակնկալելով նրա ուղիղ պատասխանը։ Ես էլ եմ աշխատավարձ ստանում, դրանից հարկեր վճարում, Դուք էլ։ Ես էլ եմ աշխատավարձով ապրող մարդ, և, մի զարմացեք, Դուք էլ․․․ պետք է որ։



Հիմա հարց՝ Դուք Ձեզ, կներեք արտահայտությանս, «քցված» ու վիրավորված չեք զգու՞մ մեր կառավարության, մեր իշխանությունների կողմից, որ Ձեր փողերը քամուն է տալիս։ Ախր Դուք առավոտից իրիկուն տանջվում, չարչարվում, քափ ու քրտինքի մեջ կորած՝ «երկու կոպեկ» փող եք աշխատում, դրա մի զգալի մասը հարկ եք վճարում, ու վերջում իմանում եք, որ այս կառավարությունը Ձեր վճարած հարկերը նման խոշոր թվերով չգիտեմ ում կամ ինչի վրա է ծախսել։ Հետաքրքիր է՝ այդ 400 հազար դոլարից քանի՞ հազար դրամն է վճարվել այդ «խորհրդանիշի» հեղինակներին և քանի հազար դոլարն է մսխվել, «ատկատ» արվել։ Թե՞ վստահ եք, որ որևէ «ատկատ» էլ չի արվել։



Իսկապես, մենք՝ ՀՀ հասարակ քաղաքացիներս, դեռ մի կողմ, մեր մասին մտածող ու մեզ խղճացող չկա։ Բայց Դուք գոնե Ձեզ չեք խղճու՞մ, Դուք Ձեր աշխատանքը չեք հարգու՞մ։ Ախր Դուք այն վարչապետն եք, որն առավոտից իրիկուն չի քնում, երևի նորմալ չի էլ սնվում, միայն մտածում է՝ ոնց անի, որ հոսանքի վարձը մի քիչ իջեցնի (թե ինչու էր բարձրացրել՝ չգիտենք), որ գազի գինն էլ մի քիչ իջեցնի (թե ինչու էր էլի բարձրացրել, դա էլ չգիտենք)։



Դուք նաև տարին տասներկու ամիս գործուղումների ու հանդիպումների մեջ եք՝ արևելքից, արևմուտք։ Տեղը դադար չեք մնում, փող եք ծախսում, գնում հասնում եք աշխարհի ծայրը, լուրջ-լուրջ հանդիպումներ եք ունենում, որոնց արդյունքը, ճիշտ է, չենք տեսնում, բայց զգում ենք, որ չարչարվում եք, ձգտում եք մի բան անել։ Դուք նաև ճգնում եք մի երկու տոկոս տնտեսական աճ ապահովել, ու ապահովում եք, ի դեպ, հենց երկու տոկոս, ոչ ավել։ Վստահ եմ՝ Դուք ակտիվորեն նաև արտագաղթի դեմ եք պայքարում, ով գիտի՝ երևի հոգու խորքում աղոթում եք, որ Լարսը փակվի ու երկար ժամանակ չբացվի, հետո էլ թույլ եք տալիս, որ ինքնթիռի տոմսերը կտրուկ թանկանան, որ մարդիկ չգնան Ձեր ղեկավարած երկրից։ Չգնան, որպեսզի մնան այս երկրում, Ձեզ պես չարչարվեն, արարեն, աշխատեն, հարկ մուծեն, որ․․․ ոչ թե երկիրը զարգանա, այլ կառավարությունը վերցնի ու քամուն տա այդ փողերը։ Դե, այս կոնտեքստում կոռուպցիայի դեմ Ձեր «անողոք պայքարի», «աննկուն կամքի» մասին էլ չասեմ։



Ես Ձեզ տեղը լինեի՝ հրաժարական կտայի, կթքեի այդ պաշտոնի, կաբինետի, լծակների, բյուջեի հաշվին այլևյալ հաճույքերի վրա ու կհեռանայի, կգնայի հողագործությամբ կզբաղվեի։ Եվ դա կանեի հանուն սեփական արժանապատվության, որ ես աշխատում եմ, ու իմ աշխատածn իմ իսկ ղեկավարած կառավարությունը մսխում է անհասկանալի ու անիմաստ ծախսերի վրա։ Եվ, վստահաբար, դա անում են առանց Ձեր գիտության, երևի Ձեր աչքից թաքուն, Ձեր գլխից թռչելով։ Վիրավորական է, կարծում եմ, սա նշանակում է՝ «քցել» սեփական երկրի ինչպես ժողովրդին, այնպես էլ վարչապետին ու կառավարության մյուս անդամներին։ Եվ այս պատմությունը, հակառակ լոգոյում պատկերված գրության (The Story is Just Beginning), բնավ էլ նոր չի սկսվում, մենք դրան վաղուց ենք ծանոթ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ